Ֆիլհարմոնիայի տարեց երգեհոնն ու դրա հակառակ կողմը

Ֆիլհարմոնիայի տարեց երգեհոնն ու դրա հակառակ կողմը

1334

Պատկերացրեք, որ կարող եք մտնել հսկայական երգեհոնի մեջ, բարձրանալ աստիճաններով, վերևից տեսնել այն, բացահայտել ողջ մեխանիզմը, որ գործի է դնում զուլալ ձայնով երաժշտական գործիքը: Գիտե՞ք, թե ինչ զարմանահրաշ աշխարհ է դա: Այս հնարավորությունն ամենքին չէ, որ տրված է, մինչդեռ երգեհոնի արտաքին տեսքը ծանոթ է շատերին: 

Մոտ վաթսունհինգ տարի է անցել, ինչ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում «մշտական բնակություն հաստատեց» երգեհոնը։ 

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Արմեն Բուդաղյանը, որ աշխատում է Ֆիլհարոմնիայում դեռ երգեհոնը տեղադրելու տարիներից, ասում է՝ չտեսնված հնարավորություն է վերցնել բանալին, բացել երգեհոնի փոքրիկ դռնակը և անցնել պատից այն կողմ:

«Ինչ լավ կլինի, որ բացեն Ֆիլհարմոնիայի երգեհոնի փոքրիկ դռնակը։ Այն մարդը, որ կմտնի երգեհոնի մեջ, իր կյանքի ամենահիշարժան ճամփորդությունը կունենա: Նա կպատմի, որ շատ երկրներում է եղել, բայց միայն Հայաստանում են թույլ տվել մտնել երգեհոնի մեջ, բարձրանալ նեղլիկ աստիճաններով․․․ զիլ է, չէ՞»։

Տարիներ առաջ երգեհոնահար Վահագն Ստամբուլցյանի ղեկավարությամբ, մշտապես, երգեհոնային համերգներ էին տեղի ունենում Ֆիլհարմոնիայում։ Տարբեր երկրներից երգեհոնահարներ էին այստեղ համերգ տալու գալիս։ Երգեհոնի «ժամանումից» հետո մարդիկ բաց չէին թողնում այն տեսնելու եւ հնչյունները վայելելու հնարավորությունը։ Ստամբուլցյանը աշակերտներ ուներ, ում սովորեցնում էր երգեհոնային արվեստը։

 
Ֆիլհարմոնիայում մի ժամանակ կար վարպետ, որ հետևում էր, որպեսզի խողովակները լավ լարված լինեին, գործիքի ձայնը լավ հնչեր․ դժվար է հազարավոր խողովակները լավ վիճակում պահելը։ Երգեհոնը հսկայական է, դրա միայն առաջին հարկում կարող է տեղավորվել մոտ հարյուր մարդ։ Այսօր երգեհոնը լավ չի աշխատում, ներսում աղտոտված է։ 

«Դրա դեմը կարող ենք առնել։ Կարող ես մտնել, ինձ էլ կանչել, միասին մաքրենք, որովհետև երգեհոն մաքրելը սրբություն է», – ասում է Արմեն Բուդաղյանը։

Հին ժամանակներում որպեսզի երգեհոնը հնչեր, դիմում էին բանվորների օգնությանը։ Նրանք հատուկ գործիքներով փչում էին խողովակները, որից հետո միայն երգեհոնահարը կարող էր նվագել ու խողովակներից կլսվեր այն նոտայի հնչյունը, որի ստեղնը երաժիշտը սեղմում էր։ Հետագայում բանվորներին փոխարինեց էլեկտրականությունը։

Եթե սկզբում երգեհոնը մարդիկ ընկալում էին որպես գործիք, և այն բացի աննկարագրելի հնչողությունից որևէ այլ գրավիչ տարր չուներ, ապա այսօր երգեհոնը ներկում են, զարդարում, գեղեցկացնում, եւ այն դառնում է ինչպես Ֆիլհարմոնիայի դահլիճի, այնպես էլ այլ համերգասրահների ու եկեղեցիների զարդը։ 

Ի դեպ, կա մի լեգենդ, որը պատմում է, որ աշխարհահռչակ երաժիշտ Յոհան Սեբաստիան Բախը փոքր տարիքում մտել ու քնել է երգեհոնի խողովակներից մեկում։ Իսկ նախապատմությունը այպիսին է․ երաժշտի եղբայրը երգեհոնահար էր, սակայն չէր թողնում, որպեսզի Սեբիաստիանը երգեհոն նվագի։ Մի գիշեր փոքրիկ Սեբաստիանը դուրս է գալիս տնից, քայլերն ուղղում եկեղեցի, որտեղ գտնվում էր քաղաքի միակ երգեհոնը, մտնում ներս ու սկսում նվագել։ Որոշ ժամանակ անց բացում է երգեհոնի դռնակը, մտնում խողովակներից մեկի մեջ ու քնում։ Առավոտյան եղբայրը գալիս է, սկսում նվագել, հասկանում է, որ խողովակներից մեկը լավ չի հնչում: Քիչ անց հայտնաբերում է քնած Բախին։ 

Լիանա Խաչատուրյան

2-րդ կուրս

Կիսվել