«Չհենվե՛լ». 41 տարի և մարդկային պատմություններ՝ «ընդհատակում»

«Չհենվե՛լ». 41 տարի և մարդկային պատմություններ՝ «ընդհատակում»

661

Քաղաք քաղաքի տակ, որն ամեն օր 8-10 րոպեն մեկ մի քանի անգամ լսում է հետևյալ արտահայտությունը. «Զգուշացե՛ք. դռները փակվում են, հաջորդ կայարանը…»:

«Զգուշացե՛ք. դռները փակվում են…» Մետրոյի հրահանգիչի ձայնը միշտ նույն տոնայնությամբ է հնչում Երևանի «ընդհատակում»:

«Չհենվե՛լ» գրությամբ դռները փակվում են, որոնցից այն կողմ ամենատարբեր սովորություններով, բնավորությամբ և կենսակերպով մարդիկ են: Նրանց կյանքը նույնանում է այն պահից, երբ բոլորը հայտնվում են նույն վագոնի մեջ։ 

Ամեն առավոտ ժամը 10:00-ի մոտակայքում վագոններից մեկի անկյունում միշտ մի տարեց կին կար նստած, որն իր հետ մի քանի տոպրակ էր ունենում, տոպրակում՝ խնձորներ: Մի անգամ նրան տեսա Երևանի փողոցներից մեկում՝ խնձորները վաճառելիս: Ձմռանը մետրոյի նրա անկյունը դատարկ էր լինում, բայց եղանակների տաքանալուն պես հայտնվում էր՝ մի տարով էլ կնճռոտված ձեռքերով ու իր մի քանի տոպարկ խնձորներով:

Երևանի մետրոն, կես կատակ, կես լուրջ, ինտրովերտների համար չէ: Այնտեղ միշտ մարդաշատ է՝ սկսած առավոտյան ժամը 7-ից մինչև երեկոյան ժամերը: Մետրոյում կարող են գրվել ամենալավ գործերը, ամենահետաքրքիր պատմությունները, այնտեղ կարող են տեղի ունենալ ամենազավեշտալի դեպքերը․․․

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենն արդեն 41 տարեկան է: Կառուցապատման աշխատանքները սկսվեցին 1972 թվականին, իսկ Մետրոպոլիտենը գործարկվեց միայն 9 տարի անց՝ 1981-ին: Ասում են՝ Մետրո կառուցել թույլատրվում էր միայն այն քաղաքներին, որոնք ունեին 1 միլիոնից ավելի բնակչություն. դա արդեն իսկ խոչընդոտ էր Երևանի համար: 1 միլիոն բնակչություն չունենալուց զատ, Երևանը ուներ բարդ ռելիեֆ, տրանսպորտի ծանրաբեռնվածության խնդիրներ, բայց և քաղաքի ընդլայնման հեռանկար: Այս ամենն էլ դարձավ Մետրոպոլիտենի կառուցման հիմնաքար:

Առաջին կայարանները, որ շահագործվեցին, Բարեկամությունն ու Սասունցի Դավիթն էին: Հենց այդ տարվա վերջին շահագործման հանձնվեց այսօրվա Հանրապետության Հրապարակ կայարանը, որն այն ժամանակ կոչվում էր Լենինի Հրապարակի կայարան:

Իսկ վերջինը շահագործման հանձնված կայարանը Չարբախինն էր՝ սկսած 1996 թվականից:

Մետրոյի պատմության հետ զուգընթաց են մարդկային պատմությունները, որոնք շարունակում են իրենց ուղին մետրոյի դռներից ներս: Մետրոյի աշխատակիցների թիվն անցնում է 1000-ից, որոնցից շատերը Մետրոպոլիտենում աշխատում են շահագործման օրից:

«Այս տարի Մետրոպոլիտենը կդառնա 41 տարեկան, բայց ես աշխատում եմ արդեն 42 տարի՝ 1980 թվականից: Սկզբից չէինք պատկերացնում, որ Մետրոպոլիտենը կդառնա մեր աշխատանքային հետագա ուղին, բայց հիմա էլ ինձ ուրիշ աշխատանքում չեմ պատկերացնում»,- ասում է ավագ կարգավար Մանուշակ Մարտիրոսյանը՝ իր հարցազրույցներից մեկում:

Ըստ վիճակագրական տվյալների Երևանի Մետրոպոլիտենն ամեն օր միջինում տեղափոխում է 50-60 հազար ուղևորի, որոնցից շատերին, ըստ մետրոյի մեքենավարների, արդեն ճանաչում են դեմքով: Իսկ Մետրոյի աշխատակիցները հասցրել են նույնիսկ թոշակի անցնելուց հետո էլ աշխատել մի վայրում, որն ինչպես իրենք են սիրում անվանել՝ «քաղաք է քաղաքի տակ»:

Նկարները վերցված են «Երևանի Մետրոպոլիտեն» Ֆեյսբուքյան էջից

Անի Հակոբյան

2-րդ լուրս

Կիսվել