Ռուբենը, որ սիրում էր աստղերը, գնաց աստղերի մոտ

Ռուբենը, որ սիրում էր աստղերը, գնաց աստղերի մոտ

1018

Ռուբենը, որ անսահման սիրում էր աստղերը, մաթեմատիկան ու ոչ պակաս՝ քաղցրավենիք, ծառայում էր Արցախում՝ Մոնթեի անվան զորամասում:

Մաթեմատիկան դեռ մանուկ հասակում էր ընտրել նրան. բացառիկ ունակություններ ուներ, որոնք էլ երիտասարդին տարել էին Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց: Բայց մաթեմատիկայի զարմանահրաշ աշխարհում «ճամփորդությունն» այստեղ չէր ընդհատվել:

ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետը նրա ընտրած ուղու բնականոն շարունակությունն էր։ Վիկտոր Համբարձումյանի հետ Ռուբենի մերձավոր ազգակցությունն արտահայտվել էր նաև աստղագիտության հանդեպ սիրով։

-Համեստությունն ու խորամտությունն էլ էին համբարձումյանական,- պատմում է Լուսինեն՝ Ռուբենի համադասարանցին:

Ռուբենը պատրաստվում էր ընդունվել Մոսկվայի ֆիզիկատեխնիկական համալսարան։ Սակայն որոշել էր՝ մինչև հայրենիքի հանդեպ ունեցած պարտքը չկատարի, չի մեկնի Մոսկվա: 2019թ․ հուլիսի 26-ին զորակոչվել էր բանակ։               

Զորակոչվելուց հետո Ռուբենը դարձել էր ավագ հետախույզ, ապա՝ հրետանավոր։ Ծառայության 6-րդ ամսում ուղարկվել էր սերժանտական դասընթացների, որից հետո ստացել կրտսեր սերժանտի կոչում։ Ծառայության բարձր որակի համար սեպտեմբերի 12-ին ստացել էր սերժանտի կոչում և պարգևատրվել «Քաջարի մարտիկ» կրծքանշանով։ Մաթեմատիկայի և հաշվարկային գերազանց հմտությունների շնորհիվ՝ դարձել էր N հրետանային դիվիզիոնի կառավարման դասակի շտաբի պետի հաշվարկող։

-Մենք միշտ ասում ենք, որ, երևի թե, Ռուբենը պետք է զենք չբռներ, այլ պիտի զենք սարքեր, որ մեր պետությունը հաղթանակների հասներ,- ասում է Հռիփսիմեն:

Նա ապագայում մասնագետ ու Հայաստանի տնտեսությունը շենացնող քաղաքացի էր դառնալու, բայց 2020 թվականն այլ «պլաններ ուներ»: Սեպտեմբերի վերջին Արցախում «պայթած» պատերազմը թեքեց անիվը:

Պատերազմի ընթացքում Ռուբենի հաշվարկած թիրախների կորդինատներով, բացարձակ ճշգրտությամբ, ոչնչացվել է թշնամու ահռելի թվով զրահատեղնիկա։ Նա մասնակցել է Մարտունու թեժ մարտերին։ Հոկտեմբերի 2-ին վիրավորվել է՝ ստացել կանտուզիա, և մի քանի օր բուժում ստանալուց հետո՝ ոչ լիովին ապաքինված, նորից անցել է ծառայության։ Ռուբենն ընկել է Մոնթեի Մարտիունիում՝ հոկտեմբերի 22-ին։

-Ռուբենի հետ լուրջ մնալն անհնար էր, անքան էր ծիծաղեցնում մինչև արցունքներ գային աչքերիցս, հիմա էլ են արցունքները հոսում, բայց ոչ թե ծիծաղից, այլ կարոտից,- ասում է դասընկերուհին:

Քաղցրի հանդեպ եղբոր սերն ու եղբոր հանդեպ կարոտը նրա քույրերին «ստիպեցին» փոքրիկ բիզնես սկսել՝ նոր գույներ եւ քաղցր համեր հաղորդելու մարդկանց կյանքին ու մշտապես արթուն պահելու եղբոր մասին հուշը:

Ուսուցիչները պատմում են, որ Ռուբենը միշտ հպարտանում էր իր ազգանունով, իսկ իրենք էլ հպարտանում էին, որ Վիկտոր Համբարձումյանի սերունդն է Ռուբենը:

Ռուբենի մայրը՝ Աննան, պատմում էր, որ երբեք ձեռք չի բարձրացրել երեխաների վրա, բայց մի անգամ Ռուբենը կորել էր տեսադաշտից, ինքը ու որոշել էր գտնելուն պես մի լավ ծեծել:

-Այնքան զայրացած և անհանգիստ էի, որ մտածում էի Ռուբիս գտնեմ, լավ ծեծելու եմ: Հետո մի երեխա ասաց, որ, կարծես թե, Մարատենց տանն է։ Մանես՝ Ռուբենիս քույրը, վազեց. այնտեղ էր։ Հիշում եմ զայրույթից այլայլված դեմքս, որով ընդառաջ էի գնում Ռուբիս, և Ռուբիս՝ վախից և ամոթից սառած հայացքը, որ ընդառաջ էր գալիս ինձ։ Մոտ եկավ, ասաց՝ մամ ջան, Մարատը հիվանդ էր, գնացել էի տեսակցության: Այդ պահին հիշեցի, որ նույն դեպքը ինձ հետ է պատահել, երբ ես փոքր էի: Անմիջապես ժպտացի ու գրկեցի Ռուբենիս, էլի չկարողացա զայրանալ….

«Աստղերի սերը». այսպես է կոչվում երգը, որ նվիրված է Ռուբեն Համբարձումյանին, ով անմահացավ 44-օրյա պատերազմում: Ռուբենը, որ սիրում էր աստղերը, հիմա ինքն է աստղ դարձել եւ հայրենիքի սահմանները հսկում է երկնքից:

Էլեն Թևոսյան

2-րդ կուրս

Կիսվել