Արա լեռան բոլոր բանջարները ճանաչող կինը

Արա լեռան բոլոր բանջարները ճանաչող կինը

1094

Սարերում ու դաշտերում՝ բանջար քաղելով. այսպես է վաթսուներեքամյա Հասմիկ տատն անցկացրել իր ողջ կյանքը: Բանջար քաղելը նրա համար և՛ լավ բիզնես է, և՛ հանգստի միջոց: Բնությունն ու լեռնային մաքուր օդը նրա տարերք են:

«Տասնութ տարեկան թառլան աղջիկ էի, երբ Բուժական գյուղից հարս եկա էս գյուղ՝ Երնջատափ: Աղջիկ ժամանակ, հարևանի աղջիկների հետ մեր սարերն էինք չափչփում, բանջար հավաքում, հետո՝ Արայի յայլաները, դաշտերը»-, ասում է նա:

Հասմիկ տատն ամուսնանալուց հետո չորս երեխա է ունեցել՝ մեկ տղա և երեք աղջիկ: Չորսին էլ փոխանցել է բնության հանդեպ մեծ սերն ու նվիրումը:

«Ջահել ժամանակ երեխեքի հետ վիլիսով բարձրանում էինք սարերը ու շփ-թփ քաղում էինք մանդակը, ավիլուկը, ղաշըմը, սիբեխը, գեյլազը: Մեր երեխեքն էլ մեր հետևից մեշոքներն էին սեղմում հավաքածը: Մեջքներին էլ մի մեծ միզար էին կապում մեր նման ու գործի անցնում: Բայց մեր միջի ամեաղոչաղը Հասմիկն էր, մինչև հետևից հասնում էինք միզարը լցնում էր»,- ասում է Հասմիկ տատի հարևանուհին՝ Վարդուհին:

Բացի բանջարից տատի սիրելի բույսերից են նաև ճպրուկը, թթու լավաշը, մռու կոտմուկը, որոնք շատ արագ հագեցնում են սոված մարդուն ու շատ առողջարար են:

«Բնությունը մեզ երբեք սոված չի թողնում»,- ասում է Հասմիկ տատը և ավելացնում, որ բնությունը մարդու ընկերն է, նրան սնողն ու պահողը, իսկ մարդը պետք է պահպանի ու խնամի իր ընկերոջը:

Երբ Հասմիկ տատը բանջարի բութայի (փնջի) է հանդիպում, մինչև վերջ այն չի քաղում, այլ մեկ երկու հատ միշտ թողնում է, որ բազմանա ու բնությանն էլ մի բան մնա:

Հասմիկ տատը թեև սիրում ու պահպանում է բնությունը, բայց մի փոքր էլ վախենում է դրանից, քանի որ սարերում ու ձորերում ամեն քայլափոխի կարող ես հանդիպել վայրի գազանի կամ, լավագույն դեպքում, օձերի: Մի անգամ սար բարձրանալիս, երբ սովորականի պես իր ամուսնու ու հարևանների հետ պտտվում էին բույսերի միջով, մի գորշ արջ է դուրս գալիս նրանց դիմաց: Վայրի բնությանը ծանոթ լինելով՝ նրանք խուճապի չեն մատնվում ու կարողանում են աննկատ շրջանցել արջին և հասնել մեքենայի մոտ: Հասմիկ տատն ասում է, որ այդ ժամանակ երեսի գույնը գցել էր, մի փոքր վաեխեցել, բայց հետո դա էլ իրեն չխանգարեց շարունակել սիրելի գործը:

Տունդարձի ճանապարհին Հասմիկ տատը սիրում է սարերից տեսակ-տեսակ անուշաբույր ծաղիկներ իջեցնել իր հետ՝ ջանգյուլում, վայրի կակաչ, զանգակ ու մանուշակ: Թոռնուհին՝ կրտսեր Հասմիկը, շատ է սիրում ծաղիկներ: Տուն հասնելուց հետո նրա հաջորդ անելիքը կա՛մ բանջարը պահածոյացնելն է, կա՛մ այն վաճառքի պատրաստելը:

Ամեն բանջար չէ, որ կարելի է վաճառել, բանջարը պետք է հյութեղ ու թարմ լինի, պառաված չպետք է լինի: Նրա ամենասիրելի բանջարը սիբեխն է, որը տապակում է վեց ձվով, և վա՜յ չուտողին: Մնացած բանջարներն էլ է սիրում՝ շուշանը, հալիվորուկը, քեղը… ասում է, որ նրանցից յուրաքանչյուրը իրենց անուշ բույրն ու համն ունեն, կախված է այն բանից, թե որի համն է ավելի շատ դուր գալիս մարդուն:

Մի ամբողջ կյանք վայրի բնության հետ անցկացնելով՝ նա երբեք չի դժգոհել իր աշխատանքից: Ասում է, որ քանի դեռ ոտքերը չեն դադարել ծառայել իրեն, պետք է բարձրանա Արայի յայլաները ու քաղի սիրելի բանջարները:

Սաթենիկ Խալաթյան

2-րդ կուրս

Կիսվել