«Հայրենիքը առաջին հեթին մարդն է․ ինչքան գեղեցիկ ու լավը լինենք, այդքան մեր...

«Հայրենիքը առաջին հեթին մարդն է․ ինչքան գեղեցիկ ու լավը լինենք, այդքան մեր երկիրը կլինի գեղեցիկ և հզոր»․ Սամվել Թոփալյան

517

Ոստիկանական ակադեմիայում  հարցատոմսի չսովորած երեք հարցերը Սամվել Թոփալյանին  բերեցին հաջողություն։ Թատերական ինստիտուտ ընդունվեց դրանից մեկ տարի հետո, իսկ այժմ համարվում Է Հայաստանի լավագույն դերասաններց մեկը։

Մարտի 4-ին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈւԽ արտաքին կապերի հանձնաժողովի պատասխանատուները կազմակերպել էին դերասանի հանդիպումը ուսանողների հետ։ Ըստ իրենց խոսքերի` Սամվել Թոփալյանի հետ հանդիպումը արդյունավետ էր ուսանողների համար, քանի որ նա նաև հաղորդավար է և իր գիտելիքներով ու փորձով կիսվեց ուսանողների հետ։ Հանդիպումը կայացավ հարց-պատասխան ձևաչափով։ Ուսանողները ոգևորված էին․ դա էր փաստում մեկը մյուսի հետևից հնչող ամենատարբեր հարցերը։ Այն հարցին, թե ինչպես կբնորոշի իրեն դերասանը, նա այսպես պատասխանեց․ «Զուսպ, միաժամանակ պոռթկուն և մի քիչ ցինիկ»: Իր իսկ բնորոշումները երևում էին հանդիպման առաջին իսկ րոպեներից։ Լուրջ հարցերին լուրջ պատասխաններ էր տալիս, սակայն վերջում ապահովում էր նաև ուրախ մթնոլորտը։

Հարցերը շատ էին և տարբեր թեմաներով՝ պատերազմից մինչև Աստված, դերասանությունից մինչև ասմունք, հիասթափություններից մինչև մոտիվացիա։ Ըստ նրա՝ դերասանի մասնագիտության մեջ կարևորը անկեղծությունն է, քանի որ դերասանը հանդիսատեսին է փոխանցում իր միջի էներգիան։

Սամվել Թոփալյանը նաև ասմունքում է, և կարծում է,  որ խոսքը  գեղեցկացնում են ոչ այդքան էմոցիաներն ու ապրումները, այլ  հանգստությունն ու պարզությունը․ այդպես լսարանը ավելի լավ է ըմբռնում ասելիքդ։ 

Հանդիպումից առաջ Սամվել Թոփալյանը ստորագրել էր դիմում և դուրս էր եկել Մանկավարժական համալսարանից, որտեղ դասավանդում էր, քանի որ ըստ նրա՝ ուսանողները գալիս էին համալսարան ուղղակի, հենց այնպես, առանց որևէ բան սովորելու ցանկության։ Ուստի նա ուսանողներին խորհուրդ տվեց մասնագիտություն ընտրելուն վերաբերվեն շատ լուրջ, քանի որ եթե մասնագիտության մեջ չպիտի լինես պրոֆեսիոնալ, ավելի լավ է ուղղակի չլինել այդ մասնագիտության կրողը։ Իսկ հանդիպումը ավարտվեց ծափահարություններով, սելֆիներով, և դերասանը խորհուրդ տվեց ապրել թեթև, վայելել կյանքը և սիրտը ծառայեցնել միայն դրականի, լուսավորի, լավի համար։

Սյուզաննա Դեմիրճյան

2-րդ կուրս 

Կիսվել