ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆ ԿԱՐԻՆԵ ԴԱՎԹՅԱՆԻ ՀԵՏ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆ ԿԱՐԻՆԵ ԴԱՎԹՅԱՆԻ ՀԵՏ

1867

ԵՊՀ Մշակույթի կենտրոնը ստեղծվել է 2006 թվականին գիտական խորհրդի նախաձեռնությամբ: Կենտրոնի դռները բաց են Պետական համալսարանի այն ուսանողների համար, ովքեր կհաղթահարեն մրցույթ-ստուգատեսը, որը ամեն տարի անցկացվում է սեպտեմբեր ամսվա վերջին, հոկտեմբերի սկզբին առաջին կուրսեցիների համար:

Ի՞նչ սկզբունքով են ուսանողները ներգրավվում խմբակում:

-Սկզբունքը այսպիսինն է` ամեն տարի մենք սեպտեմբերից հայտարարությունը անում ենք և մեկ ամիս հետո մոտավորապես սեպտեմբերի վերջ, հոկտեմբերի սկիզբ անցկացվում է մրցույթ –ստուգատես: Ուսանողները ներկայացնում են բանաստեղծություն, երգ, իրենց առաջադրվում է երաժշտություն, որի տակ իրենք պետք է  պարեն և էտիուդ: Այս առաջադրանքներից հետո ընտրվում են լավագույն ուսանողները, դառնում են մեր թատրոն-ստուդիայի անդամ: Շատ կարևոր է, որպեսզի ես ընտրեմ մտածող մարդ, ինձ համար դա առաջնային խնդիր է:

-11 տարիների ընթացքում ի՞նչ ներկայացումներ եք բեմադրել և ի՞նչ հաջողություններ եք ունեցել :

-Մինչև մշակույթի կենտրոնի ստեղծումը թատրոն-ստուդիան արդեն մեկ տարի կար: Երկրորդ տարում մենք մասնակցեցինք «Հայ ֆեստ» միջազգային փառատոնին, որին մասնակցում էին 46 երկրներից թատերական պրոֆեսիոնալ խմբեր: Ես արել էի երկու ներկայացում. « Հե´յ, ո°վ կա…», Դեմիրճյանի «Քաջ նազարը»: Հետաքրքիր էր` ուսանողական թատրոնը կընդգրկվի՞ պրոֆեսիոնալ թատրոնների համար նախատեսված միջազգային փառատոնի ցանկի մեջ: Արթուր Ղուկասյանը, որը հիմա էլ «Հայ Ֆեստի» նախագահն է, ինձ զանգահարեց և ասաց. «Դուք  անցել եք»: Պիտի նշեմ, քանի որ միջազգային փառատոն էր, մենք որոշեցինք . « Հե´յ, ո°վ կա…» խաղալ անգլերեն լեզվով: Դա տեղի է ունեցել Գաբրիել Սունդուկյանի թատրոնի բեմում: Հետո մենք մասնակցել ենք «Արտ Ֆեստ»-ին. սկզբում հանրապետական փառատոնին մեր ցուցակը ներկայացնում էր Աղասի Այվազյանի չորս պատմվածքների հիմքի վրա գրված բեմադրությունը: Մենք ստացանք հատուկ մրցանակ` «Ոսկե արձանիկ»: Երբ ներկայացրինք Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանին», ստացանք  լրագրողների համակրանքը: Անցյալ տարի  արդեն «Արտ Ֆեստը» դարձավ  միջազգային փառատոն  և «Թատերական նոմինացիա» անվանակարգում ստացանք գլխավոր մրցանակը, որը տրվեց «Ռոմեո Ջուլիետ» ներկայացմանը»-ին:

Գիտեմ, որ Մշակույթի կենտրոնում  կազմակերպում  եք  ֆիլմերի ցուցադրումներ, կպատմե՞ք  այդ   մասին:

-Այո, մեր ծրագրերից մեկն էլ երկու տարի առաջ ստեղսծված կինոակումբն է: Համալսարանում մինչև այդ էլ եղել են ցուցադրումներ. տարբեր ֆակուլտետներ են կազմակերպել, ուսխորհուրդը, ուսանողական գիտական ընկերությունը: Մեզ մոտ գործում է հանդիպումների ակումբը, որը սոցհարցումներ է անցկացնում, թե կազմակերպվող միջոցառումները որքանով են հետաքրքրում ուսանողությանը, ինչպես կգնահատեին և էլ ինչ կուզեին տեսնել: Մեր հարցումները ցույց տվեցին, որ իսկապես կա մեծ ցանկություն, որ այստեղ լինեն կինոցուցադրություններ: Փորձեցի կապ հաստատել մասնագետների հետ, բայց ստացվեց այնպես, որ «Հայֆիլմը» արդեն լուծարվել էր: Մի պահ որոշեցի ինքս գտնել ֆիլմեր, թեկուզ արխիվներից: Ես չէի ուզում վերցնել վարձույթով տրվող ֆիլմերը. դրանք կան և յուրաքանչյուր մարդ կարող է դիտել, և էստեղ այլ մոտեցում էր պետք: Հիմնվելով այս ամենի վրա՝ առաջարկ արեցի Ազգային կինոկենտրոնին, և իրենք սիրով այն ընդունեցին:

Տարբեր  ժանրի  ֆիլմեր են  ցուցադրվում, ո՞ր թեմատիկայով ֆիլմերն են հետաքրքրում  երիտասարդներին:

-Միանշանակ պատասխանն էսպիսին է`  լավ գործը  հետաքրքիր է բոլորին: Մեր առջև ունենք խնդիր հայ կինոն երիտասարդությանը ներկայացնելու: Ռեժիսորները մեծ սիրով  իրենց ֆիլմերը ցուցադրում են մեզ մոտ, իսկ վերջում երիտասարդ հանդիսատեսը հնարավորություն ունի ֆիլմի ստեղծագործական խմբի հետ հանդիպելու և հարցեր ուղղելու,  հայտնելու  իր կարծիքը  ֆիլմի մասին:

Հարցազրույցը `  Վարսիկ  Սահրադյանի

2-րդ կուրս

Կիսվել