ԵՐԲ ՍՏՈՒՄ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԸ

ԵՐԲ ՍՏՈՒՄ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԸ

3488

Մեծահասակներից լսած սուտը դժվար թե զարմացնի կամ անհանգստացնի որևէ մեկին: Իսկ ի՞նչ կարող ենք ասել, երբ ստում են փոքրիկները: Խնդիր, որին վաղ թե ուշ բախվում է ցանկացած ծնող: Երբեմն մեկ բացատրական զրույցը նույնիսկ բավական է լինում ամեն բան հարթելու համար: Բայց երբ երեխաները սկսում են ասել մեկ սուտը մյուսի հետևից  և քննարկումները շատ հաճախ ներառում են ստեր քան փաստեր, ապա ունենք լուրջ խնդիր:

Փոքր երեխաները (4-5 տ.) հաճախ են պատմություններ հորինում և հեքիաթներ պատմում: Արդյո՞ք կարելի է երեխաների հորինած անհավանական պատմությունները սուտ համարել: Հոգեբան Կարինե Գրիգորյանը երեխաների հետ երկար տարիներ է, ինչ աշխատում է, իսկ խնդրի հետ առնչվել է բազմիցս: Նրա խոսքով դա նորմալ վարք է, քանի որ երեխաներին հաճելի է հեքիաթներ լսել և ուրախ պատմություններ հորինել:

«Սա ոչ միտումնավոր սուտն է: Երեխաները պարզապես չեն կարողանում հասկանալ սեփական երևակայության և իրականության միջև եղած տարբերությունը: Այս դեպքում սուտը երևակայության և և ցանկությունների միաձուլման,  կամ երևակայությունների անվերջանալի հոսք է: Այդ պատմությունների օգնությամբ երբեմն երեխաները փորձում են հաղթահարել իրավիճակը»,- իր խոսքում նշեց հոգեբանը: Նրա խոսքով երեխային նախատելու կարիք չկա, եթե նա մարդամոտ է: «Այլ է խնդիրը, երբ երեխան ամբողջ օրը պատմություններ է հորինում, գլխավորապես ապրում է իր երևակայական աշխարհում և չի կարողանում հարմարվել ուրիշ երեխաներին»,- ասաց հոգեբանը և հավելեց, որ նման դեպքերում անհրաժեշտություն է մանկական հոգեբանի օգնությունը:

Մեծանալով՝ երեխաներն ավելի գիտակցաբար են օգտագործում սուտը՝ սեփական շահերից ելնելով: Երբեմն նույնիսկ անպիսի վարպետությամբ են ներկայացնում դրանք, որ դժվար է կասկածել դրանց ճշմարտության մեջ:

Սովորաբար յուրաքանչյուր երևույթ իր առաջացման պատճառներն է ունենում: Հոգեբանը դասակարգում է մանկական ստի մի քանի պատճառներ: Նրա խոսքով երեխաները սկսում են ստել, որպեսզի թաքցնեն իրական փաստերը, որոնցից նրանք ամաչում են կամ որոնք ցավոտ են: Նման դեպքում սովորաբար ասում են իրենց կողմից ստեղծված ճշմարտությունը: Ստախոսութան պատճառներից մեկն էլ ուշադրություն գրավելն է: Նրանք կարող են ստել ծնողների, ուսուցիչների կամ հասակակիցների ուշադրությունը գրավելու համար:

Հաջորդ պատճառը վախը և փախուստն է պատժից: Եթե ընտանիքում յուրաքանչյուր չարաճճիության համար ընսունված է պատժել երեխային, ապա նման պահվածքը տրամաբանական է:

Ստախոսության ամենատարածված պատճառը մեծահասակների վարքն է: Երեխան բավական ուշադիր հետևում և ձգտում է ամեն ինչով նմանվել նրանց: Եվ ավելի հաճախ ծնողների կողմից լսելով սուտը՝ երեխան սկսում է այդ երևույթը ընկալել որպես նորմ:

Դաստիարակության սխալներ

Սեփական երեխայի հանդեպ տածած անսահման սերը դեռևս երաշխիք չէ կատարյալ դաստիարակության: Ծնողների համար միշտ էլ անհանգստացնող է, երբ ստում են երեխաները: Մանկական ստախոսության պատճառներից խոսելով` հոգեբանը նշեց, որ ծնողների դերն ամենակարևորն է: «Հենց ծնողներն են իրենց պատժի ձևերով դաստիարակում երեխայի մեջ վախ և սեփական մեղքը չճանաչելու ցանկություն: Իսկ շատ հաճախ բախվում են խնդրին, երբ երեխային ներկայացնում են մեծ պահանջներ: Երեխան, փորձելով արդարացնել ծնողների ծնողի սպասումները, սկսում է ստել իր հաջողությունների մասին»,- ասաց տիկին Գրիգորյանը:

Ինչպե՞ս օգնել փոքրիկ ստախոսին

Ի՞նչ անել, երբ երեխան շարունակում է ստել և չի ցանկանում ուղղել իր բնավորության այդ բացասական գիծը: Ծնողների հետևողականությունն ու հոգեբանի խորհուրդները արդյունքին երկար սպասեցնել չեն տա: Տիկին Գրիգորյանն առաջարկում է դեպի ելք տանող մի քանի ճանապարհներ: Եթե երեխան հորինում է անհավանական պատմություններ, նախ պետք է բացատրել նրա ասածների անհեթեթ լինելը: Եթե պատժի նկատմամբ վախն է պատճառը, պետք է վերանայել մեթոդները: Իսկ եթե երեխան գիտակցաբար է ստում, պետք է ցույց տալ իրավիճակներ, որտեղ սուտն անտեղի է, այն երբեք ընդունելի չէ: «Շատ կարևոր է գովաբանել երեխայի անկեղծությունը: Կարևոր է, որ երեխան զգա ծնողի վստահությունը և արդարանալու կարիք չզգա»,- խոսքում կարևորեց հոգեբանը և հավելեց, որ անհրաժեշտ է դիմել իրենց օգնությանը, եթե սուտ խոսելն արդեն լուրջ խնդիր է:

Սեփական փորձն ու փոքրիկ անուղղելին

7-ամյա Արմենի մայրը՝ տիկին Թամարան, ուսուցչուհի է. «Աշխատանքի բերումով փոքրիկների ստախոսության վառ օրինակների ականատես եմ ամեն օր: Ինչեր ասես չեն հորինի դասը չկարդալու համար: Եթե երևույթը հաճախակի է կրկնվում, նշանակում է ինչ-որ ճնշող բան կա: Եթե դժվարանում է սովորել և դրա համար խաբում է, ապա ամենևին էլ չի նշանակում, որ ուսումը չի հետաքրքրում նրան: Դա կարող է ասել նաև այն մասին, որ երեխան շատ է անհանգստանում: Բայց որոշ դեպքերում էլ խաբելու պատճառներն այլ են»:

Արմենի մասին խոսելիս տիկին Թամարան նշեց, որ անիրական պատմություններ շատ է լսել որդուց: Հիմա էլ տղան հաճախ է ներկայանում մորը սուտ պատճառաբանություններով: «Հաճախ, երբ հարցնում եմ տնային հանձնարարությունների մասին, տղաս պատասխանում է, որ ոչինչ չունի անելու: Պատճառը համակարգիչն է և այն խաղերը, որոնք ցանկանում է խաղալ»,- ասաց տիկին Թամարան և հավելեց, որ հարցի բանալին արդեն գտել է. «Ստել չի կարելի, իսկ խաղալու հնարավորություն կստանա դասերն ավարտելուց հետո»: Խոսակցության ավարտին էլ նա հավելեց, որ հենց իրենք պետք է մոդելավորեն այն կյանքը, որը ցանկանում են իրենց երեխաների համար. «Պետք է ուշադրություն դարձնել անգամ ամենաաննշան թվացող երևույթներին, քանի որ ոչինչ երեխաների աչքերից չի վրիպում»:

 

Մերի Մանվելյան

5–րդ կուրս

Կիսվել