«ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՒ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ». ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

«ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՒ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ». ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

1586

   Այսօր իր առջև ի՞նչ խնդիրներ ունի ժամանակակից գրականությունը: Ինչպե՞ս ասել նորը, եթե, շատերի կարծիքով, նախորդներն արդեն ամենն ասել են: Այս ու այլ հարցերի պատասխաններ փորձեցինք գտնել ժամանակակից բանաստեղծուհի Գայաե Մկրտչյանից:

-Այսօր ի՞նչ խնդիրներ ունի ժամանակակից գրականությունը:

 – Առաջին հերթին՝ զտվելու խնդիր, հետո՝ ճիշտ գնահատման ու լուսաբանման: Սխալված չեմ լինի, եթե ասեմ՝ մեծ հաշվով, հիմա գրողներն են մեկը մյուսի գործերը կարդում: Ստեղծագործողներն այսօր մեծաթիվ բանակ են կազմում: Ով գումար կամ հովանավոր ունի, գրքեր է տպագրում ու մտնում շուկա, որը վերահսկող չունի, և շատ արժանավոր գրողներ ստվերում են մնում: Իսկ ընթերցողն առաջարկի այդ առատության մեջ չի կարողանում կողմնորոշվել՝ ինչ կարդա, ինչպես գտնի իրեն անհրաժեշտ գրականությունը: Ընթերցողին պետք է ծանոթացնել ժամանակակից հեղինակների հետ, ուղղորդել նրան: Թե ինչպե՞ս դա անել՝ ոլորտի մասնագետների որոշելիքն է: Չեմ կարող հերքել, թե այդ ուղղությամբ որոշ նվիրյալների կողմից քայլեր չեն արվում, բայց դրանք ծավալուն, ընդգրկուն չեն կարող լինել: Ցանկալի արդյունք ստանալու համար պետական սրտացավ աջակցություն է պետք: Մեր ազգային պախարակելի առանձնահատկությամբ՝ մենք այլասեր ենք և, ինչպես ցանկացած ոլորտում, այնպես էլ գրականության մեջ, նախընտրում ենք արտասահմանյանը, մեծարում օտար հեղինակներին՝ չարժևորելով մե՛րը, սեփակա՛նը: Առաջին հերթին մեր մտածողությունը պիտի փոխվի, այն էլ՝ հիմնավորապես:

-Դուք, լինելով ժամանակակից գրող, վախ չե՞ք ունենում կրկնվելու: Կարծիք կա, թե նախորդներն արդեն ամեն ինչ ասել են:

Իմ համոզմամբ, գրող լինելը շատ ծանրակշիռ և պատասխանատու գործ է: Ես ինձ չեմ համարում ժամանակակից գրող, եկեք ինձ կոչենք մեկը բազմաթիվ ստեղծագործողներից: Իհարկե, ամեն ինչ արդեն ասվել է: Որքան էլ քաղաքակրթությունը զարգանա ու գիտելիքների պաշար կուտակի, մարդը նույնն է մնում իր հուզական աշխարհով ու հոգևոր պահանջմունքներով: Մեզ մնացել է գործի դնել՝ ասելիքը նորովի մատուցելու, ինքնատիպ ոճով, նոր պատկերներով ներկայանալու վարպետությունը: Հայերենն իր բառամթերքի ճոխությամբ ընձեռում է այդ հնարավորությունը, մնում է լայն բաց անել երևակայության թևերն ու նորանոր անծանոթ տարածքներ նվաճել:

-Կա՞ն ստեղծագործություններ, որոնք երբեք չեք հրապարակի: Ինչու՞:

Անշուշտ, կան այդպիսիք, որոնք գրվել են պահի ազդեցության տակ, հետո ոչնչացվել, որովհետև դրանք արժանի չեմ համարել ընթերցողին ներկայացնելու, նույնիսկ ամենահարազատ ընթերցողին: Ես մեր ապրելիք ժամանակը թանկ եմ գնահատում, ինչո՞ւ այն ծանրաբեռնել ավելորդաբանություններով: Հետո խուսափում եմ ներկայացնել հուսալքված տրամադրությամբ գործեր, կարծում եմ՝ ստեղծագործողի հուսահատությունը թույլատրելի է, բայց նրա հուսալքվելն՝ աններելի: Չէ՞ որ նա այդ տրամադրությունը փոխանցում է ընթերցողին, իսկ գրականությունը պիտի հոգեբանի զգուշավորությամբ մոտենա մարդուն և վիրաբույժի աչալրջությամբ հեռացնի նրա հոգու խոցերը: Ես հավատում եմ խոսքի ուժին, այն չի կարելի անտեսել:

Ճի՞շտ է, որ յուրաքանչյուր ստեղծագործություն հեղինակից ինչոր բան է խլում, ինչոր բան էլ տալիս: Ձեր յուրաքանչյուր ստեղծագործություն  Ձեզնից ի՞նչ է խլել և ի՞նչ է տվել:

Ստեղծագործությունը հեղինակից խլում է նրա ներքին էներգիան և դառնում էներգակիր՝ պատրաստ այն հաղորդելու ընթերցողին: Ամեն գրելուց հետո ես ինձ դատարկված, սպառված եմ զգում, թվում է՝ այլևս երբեք ասելիք չեմ ունենա: Պահանջվում է որաշ ժամանակ՝ նորից լիցքավորվելու և զգալու համար, որ կյանքիս ճերմակ էջերն իմ խոհերով թանաքոտվելու կարիք ունեն: Շատ կարևոր է, որ մի քանի օր անց ինքս իմ գրածը կարդամ ու հավանեմ, ես իմ նկատմամբ խստապահանջ եմ: Իսկ երբ ընթերցողն է իրեն տեսնում իմ տողերում և հուզվում իմ գրից, համակվում եմ աշխարհին որոշ չափով պիտանի լինելու՝ անփոխարինելի թանկ զգացողությամբ: Սա է իմ ստացածը յուրաքանչյուր ստեղծագործությունից:

 

 

Մարիամ Սարգսյան

2-րդ կուրս

Կիսվել