«Շատերը փորձում են ուժեղ երևալ, որպեսզի ապրեն այս կյանքը․․․ իսկ մենք մահը...

«Շատերը փորձում են ուժեղ երևալ, որպեսզի ապրեն այս կյանքը․․․ իսկ մենք մահը տեսել ենք». զրույց Լևոն Դադասյանի հետ

919

Ի՞նչպես ստացվեց, որ աշխատանքի անցաք Արմենպրեսում:

-Ընկերս՝ ֆոտոլրագրող Գևորգ Պերկուպերկյանը, մի օր ասաց, որ Արմենպրես լրատվականում կա ֆոտոբաժնի թողարկչի թափուր հաստիք, և ես որոշեցի անցնել գործի։

-Ի՞նչ գործառույթներ ունի ֆոտո թողարկիչը:

-Իրականում չափազանց պատասխանատու և ծավալուն աշխատանք է կատարում, hատկապես, երբ խոսքը գնում է պետական լրատվականում աշխատելու մասին. ամեն ինչ պետք է արվի շատ արագ։ Գործողությունների շղթան հետևյալն է՝ լուսանկարիչը գնում է ֆոտռեպորտաժ նկարահանելու, լուսանկարները շատ արագ փոխանցում է ինձ, և ես արդեն ստացված բոլոր նկարների միջից ընտրում եմ այն նկարները, որոնք պետք է հրապարակվեն։

Նկարները պատկերավոր ներկայացնում են այն, ինչ տեղի է ունեցել իրականում, և փոխանցում դեպքերի ողջ էությունը հանրությանը։ Էական չէ, թե ինչ իրադարձություն է, կարևոր է, որ նկարները լինեն խոսուն։ Ընտրելու ընթացքում  հարկ եղած դեպքում միանշանակ պետք է նաև մշակել և ձևափոխել լուսանկարները։

-Ի՞նչ տարբերություն կա պետական լրատվականի և այլ լրատվականների միջև:

-Պատասխանատվությունը ավելի մեծ է, քանի որ հանրությունը առաջին հերթին նոր և հավաստի լուրերի սպասում է հենց պետական լրատվականից։

Կան նաև մի շարք առավելություններ, որոնցից ամենակարևորն է հասնելիությունը։ Պետական լրատվականի դեպքում շատ ավելի հեշտ է գտնել լծակներ տարբեր տեսակի իրադարձություններում  ներկա գտնվելու համար. ընդհուպ մինչև փակ հանդիպումներ, որտեղ ոչ բոլոր լրագրողներին են թույլ տալիս մուտք գործել։ Խիստ արխիվային կամ պատմական ֆոտոներ ձեռք բերելը ևս ավելի հեշտ է ստացվում, բայց դրանց հրապարակումը միանշանակ համաձայնեցվում է պատկան մարմինների հետ։

-Ի՞նչ նախագծերի եք մասնակցել ձեր կարիերայի ընթացքում:

-Երբ եկա Արմենպրես, հասկացա, որ պետական լրատվականներում բացակայում էին հարցազրույցները հայտնի մարդկանց հետ։ Արմենպրես Հայկական լրատվական գործակալության նախկին տնօրեն Արամ Անանյանի հետ քննարկեցի այս հարցը, և ստեղծվեց գաղափարը։ Միտքը նրանում էր, որ հարցազրույցի էինք հրավիրում որևԷ հանրային գործչի կամ պարզապես հայտնի մարդու, իսկ հաջորդ հյուրին հրավիրում էր հենց մեր հյուրը։ Այնուհետև սկսեցինք մտածել անվանման շուրջ, և Արամը մի միտք արտաբերեց, որը այդ ժամանակ տարբեր քաղաքական գործիչներ շատ էին ասում՝ «Հաստատ պատվերով են արել էս հարցազրույցը»։ Այստեղից էլ նախագիծը անվանվեց «Պատվերով Հարցազրույց»։ Անվանումը և՛ հումորային ստացվեց, և՛ բավականին իրատեսական, քանի որ փաստացի մեր հյուրը հարցազրույց էր «պատվիրում»։ Անգլերեն թարգամանությամբ՝ «BESPOKE INTERVIEW» նախագծի մեկնարկի համար միայն մնաց որոշել վայրը, թե որտեղ են անցկացվելու հանդիպումները։ Այդ ժամանակ կապնվեցինք մեր գործընկերների հետ՝ ԼՈՖԹ ինքնազարգացման և ժամանցի կենտրոնից, և համատեղ ուժերով սկսեցինք նախագիծը։ Նախագիծը լայն տարածում գտավ և հաջողությամբ պսակվեց։ Հյուրերի շարքում էին Aram MP3-ին, Հրանտ Թոխատյանը, Իվետա Մուկուչյանը, Ավետ Բարսեղյանը և այլոք։

-Ի՞նչ բարդությունների եք հանդիպել մասնագիտական գործունեության ընթացքում:

-Լրագրողները հաճախ են հայտնվում բարդությունների առաջ թե՛ աշխատանքի բերումով, թե՛ առհասարակ կյանքում։ Լինում են դեպքեր, երբ մարդիկ կամ գործընկերներդ կարող են փոխել իրենց վերաբերմունքը քո նկատմամբ և նույնիսկ խզեն բոլոր շփման կամուրջները քեզ հետ։ Բայց այս խնդիրը յուրաքանչյուր աշխատասեր լրագրողի հետ էլ պատահում է, պարզապես պետք է հաղթահարել և անցնել առաջ։ Վատ չի լինի, որ ունենաք նաև գործընկեր, ով ցանկացած անհասկանալի իրավիճակում պարզապես կառաջարկի սրճել՝ ընդմիջել։

-Ի՞նչ գործառույթներ ունի պետական լրատվամիջոցը պատերազմական իրավիճակներում, և ի՞նչ է կատարվում գրասենյակի ներսում։

-Երբ երկրում պատերազմ է սկսվում, առաջին պարզագույն գործողությունը մուտքի դռան փականի (կոդի) փոփոխությունն է։ Սա անհրաժեշտ միջոց է, որպեսզի գրասենյակում մուտքն ու ելքը հնարավոր լինի վերահսկել։

Սահմանվում է ժամային գրաֆիկ  ժողովների համար, որպեսզի օրվա ընթացքում տրվեն ամեն աշխատակցին իր հանձնարարականները և քննարկվեն լրատվական դաշտում արված գործողությունների արդյունքները։

Ստեղծվում է հավաքատեղի՝ շտաբ, որտեղ նույնպես նշանակվում են աշխատակիցներ՝ իրենց անհատական գործառույթներով։

Բոլոր գործողությունները համաձայնեցվում են Պաշտպանության Նախարարության հետ։ ՊՆ-ն իր հերթին տալիս է հանձնարարականներ։

Քանի որ մեդիա դաշտում ևս պատերազմում են հակամարտող կողմերը, ստեղծվում է անալիտիկ խումբ, որը ուսումնասիրում է թշնամու լրատվական դաշտը։ Անալիտիկ խմբի աշխատանքի շնորհիվ կարողանում ենք մշակել ստրատեգիաներ։ Ինֆորմացիոն տեղատարափի ֆոնին շատ կարևոր է պահպանել լրահոսի ճիշտ ստրատեգիական ուղղորդումը, որպեսզի հանրությունը նույնպես ստանա ճիշտ տեղեկատվություն։ Ձեռքի տակ միշտ պետք է լինի բջջային հեռախոս։ Նաև պետք է ապահովվի  համացանցի անխափան աշխատանքը շուրջօրյա ռեժիմով, իսկ խափանումների դեպքում շտապ կապ ենք հաստատում ԱԻՆ-ի հետ։

Նաև հստակ աշխատանքներ են սկսում տարվել դաշնակից երկրների գործընկերների հետ։

Ի՞նչպես են լրագրողները դիմանում այդ հոգեբանական ճնշմանը շուրջօրյա ռեժիմով աշխատելիս:

-Գիտեք, պատահում են դեպքեր, երբ լրագրողը անդադար զոհերի մասին տվյալները լսելուց հետո հունից դուրս է գալիս պարզապես։ Այնքան է նյարդայնանում, որ նույն պահին վեր է կենում աթոռից և զենքը ձեռքին ուզում է գնալ սահման։ Այդ պահին անիմաստ է համարում իր աշխատանքը և ճիշտ է գտնում գնալ կռվելու։ Սարսափելի ծանր է այդ գերհոգնած իրավիճակում մնալ սթափ։ Ես նման պահերին փորձում եմ հանգստացնել իմ գործընկերներին՝ ասելով հետևյալը՝ «Հայրենիքին կարելի է օգտակար լինել ոչ միայն զենքով։ Մեր գործը չափազանց կարևոր է ու կարող է օգնել մեր զինվոր տղաներին, փրկել նրանց, իսկ թշնամուն մոլորեցնել ու գցել ծուղակը։ Ոչ բոլոր մարդիկ են կռվելու գնում։ Շատերը փորձում են ուժեղ երևալ որպեսզի ապրեն այս կյանքը․․․ իսկ մենք մահը տեսել ենք։ Պետք է շարունակենք  կռիվը մեր դիրքից»։

Յուրաքանչյուր Հայ կարող է իր գործով օգտակար լինել իր երկրին։ Պարզապես պետք է լինել սառնասիրտ, համառ, գիտակից։

Մեկ հիշարժան աշխատանքային օր ձեր կյանքից:

Բլյուզի թագուհին էր եկել Երևան՝ Բեթ Հարթը։ Տեղեկացա, որ ասուլիս է տեղի ունենալու իր մասնակցությամբ, և անմիջապես հայտնեցի դրա մասին տնօրենին։

Արմենպրեսը չէր կարող բաց թողնել նրա հետ հարցազրույց անցկացնելու շանսը, իսկ ես առավել ևս չէի կարող՝ մեծացել էի նրա երգերը լսելով։

Զանգահարեցի կազմակերպչին և ասացի, որ մեզ համար ևս տեղ պահեն հանդիպմանը ներկա գտնվելու համար, սակայն առաջին անգամ ստացա մերժում։

Շատ հանգիստ ձայնով ևս մեկ անգամ խնդրեցի կազմակերպչին մեզ համար տեղ պահել, քանի որ չի կարող պետական լրատվականը Բեթ Հարթի ասուլիսին ներկա չլինել։ Հակառակ պարագայում, ասացի, որ կկիրառեմ բոլոր իրավական միջոցները, որպեսզի ներկա գտնվենք այդտեղ։ Կարողացանք պայմանավորվել,  և մենք թիմով գնացինք հանդիպման վայր՝ ԼՈՖԹ։  Բոլորը լրատվականները հերթով մոտեցան, իսկ մենք սպասում էինք։ Վերջապես մոտեցանք, և իմ գործընկերուհին սկսեց հարցազրույցը։ Բեթ Հարթը, մեր հարցին ի պատասխան, թե ինչպես է իրեն զգում ներկա պահին, մեկ կատարում նվիրեց մեզ։

Կատարումից հետո լուսանկարվեցինք։

Նոյ Ստեփանյան

5-րդ կուրս

Կիսվել