Ինչպե՞ս շամպայնի շիշը օգնեց Վիլիկ Զաքարյանին դառնալ հայտնի գեղանկարիչ

Ինչպե՞ս շամպայնի շիշը օգնեց Վիլիկ Զաքարյանին դառնալ հայտնի գեղանկարիչ

879

-Ողջույն, Պարոն Զաքարյան, շնորհակալ ենք մեր հրավերը ընդունելու համար:

-Ողջույն, ձեզ նույնպես շնորհակալ եմ։

-Եվ այսպես, անդրադառնանք մեր առաջին հարցին: Ե՞րբ ձեզ մոտ առաջին անգամ ցանկություն առաջացավ զբաղվել նկարչությամբ։

-Նկարել եմ փոքրուց, և ամեն անգամ որևէ պատկեր նկարելուց, որը փոքրիշատե հաջող էր ստացվում, ոգևորվում էի իմ ունեցած հաջողություններից և ավելի շատ էի ցանկանում նկարել։ Առաջին ինձ ոգևորողը եղել է հայրս: Երբեք մեծամտություն չեմ արել, հակառակը, ինչքան գովում էին, ավելի ու ավելի էի ձգտում աշխատել։ Հինգերորդ դասարանում էի, երբ առաջին անգամ ձեռք էի բերել յուղաներկեր։ Տանը մենակ էի, ոչ ոք չկար, վերցրեցի յուղաներկերը և որոշեցի պապիս դեմքը նկարել։ Խառնում էի ներկերը, փորձում գույն ստանալ, ստացվում էր։ Ունեի ընդամենը մեկ մեծ վրձին, որով կարողացա նկարել դեմքի մեծ ծավալները և պետք էր բարակը, որով կկարողանայի ներկել մնացած մանրուքները։ Չկար… վրձին չկար։ Գնացի հայելու մոտ, մազերիցս մի հատված կտրեցի, սարքեցի վրձին ու ավարտեցի աշխատանքս:

Երբևէ պատկերացրե՞լ եք, որ կդառնաք հայտնի նկարիչ։

-Փոքրուց տրամադրված էի և ամբողջ ընթացքում կարծիքս չեմ փոխել։ Մի անգամ ընկերներով որոշեցինք թղթի վրա գրել, թե ով ինչ է ուզում դառնալ 10 տարի հետո, դնել շամպայնի շշի մեջ, այնուհետև պահել և 10 տարի հետո բացենք ու տեսնենք՝ դարձե՞լ ենք այն, ինչ ուզում էինք։ Դասարանցիներով այս վերջերս հավաքվել էինք, ասեցի՝ հիշու՞մ եք էն շիշը, տեսնու՞մ եք, դարձե՛լ եմ։

«Ինքնադիմանկար» 2009թ.

Ի՞նչը չեք հանդուրժում արվեստի մեջ։

-Չեմ հանդուրժում պարզապես, երբ գրագիտություն ձեռք չբերած սկսում են մոդեռն արվեստով զբաղվել։ Ինչպես նաև պատահականության սկզբունքով ստեղծված աբստրակցիաներ։ Պարտադիր չէ լինել լավ նկարիչ, որպեսզի կարողանալ վրձինով ներկը ցայտեցնել կտավին, դա կարող է անել յուրաքանչյուրը։

-Արդյո՞ք դուք ունեք սեփական ոճ, թե պարզապես փոխանցում եք թղթին այն, ինչ գալիս է ներսից։

-Այն, ինչը նկարում է նկարիչը, գալիս է իր ներսից, դա իր անհատականությունն է, և թե ինչ ոճի կպատկանի, դա թող ենթադրեն արվեստաբանները: Ես ունեմ լայն դիապազոն և չեմ կարող անընդհատ միանման ոճով կտավներ նկարել։

-Կարո՞ղ եք նշել Ձեր կտավներից ամենասիրելին։

-Չեմ կարող նշել մեկ-երկու նկար, քանի որ, եթե լինում են նկարներ, որոնք նկարելու ընթացքում ես ի սկզբանե չեմ հավանում, պարզապես վերացնում եմ։ Հետևաբար մնում են ամենասիրելիները։

Ունե՞ք կուռքեր նկարչության ոլորտում։

-Կոնկրետ կուռքեր չեմ ունեցել, սակայն ուսումնասիրել եմ ինձ շատ դուր եկող նկարիչների, բոլորը պետք է ուսումնասիրեն, առանց դրա չի լինի։

«Սասնա ծուռը» 2007թ.

Ո՞ր երկրներում եք ունեցել ցուցահանդեսներ, և ո՞րն է ձեզ բերել ամենից շատ ճանաչում։

-Ունեցել եմ երկու ցուցահանդես Գերմանիայում, դրանից առաջ Պրագայում, Փարիզում։ Մասնակցել եմ խմբակային ցուցահանդեսների Ճապոնիայում, Շվեդիայում, Ամերիկայում։ Չեմ կարող ասել, թե որն է ամենից շատ ճանաչում բերել։ Բոլորն էլ յուրովի իրենց դերն են ունեցել։ Եղել է դեպք, որ մարդը, տանը ունենալով իմ նկարը, եկել է ցուցահանդեսիս ու ասել «վա՜յ, փաստորեն Զաքարյան Վիլիկը դու՞ք եք», այսինքն իմ նկարները ճանաչել է ավելի շուտ, քան թե անձամբ ինձ։

-Ի՞նչն է Ձեզ այսօր մտահոգում։

-Մտահոգում է մեր հանրապետության ապագան, որ լինի ավելի լավ, բարեկեցիկ կյանք, ժողովուրդը լինի խելացի։ Դրանից բացի գրեթե ոչ մի բան։

«Մեխերով նատյուրմորտ» 2003թ.

-Եթե հաջողվեր վերադառնալ անցյալ, ի՞նչը կփոխեիք։

-Երիտասարդ տարիքում միգուցե շատ սխալներ թույլ չտայի։

Եվ վերջին հարցը․ ի՞նչ խորհուրդ կտայիք սկսնակ նկարիչներին։

-Սկսնակները պետք է շատ լուրջ ուսումնասիրեն նկարչության գրագիտության հիմունքները, գրագետ լինեն, աշխատասեր, եթե աշխատասեր չեղան, ինչքան էլ տաղանդավոր չլինեն, միևնույնն է ոչինչ չի ստացվի։

Պետրոս Գասպարյան

5-րդ կուրս

Կիսվել