Հայաստանում ընտանեկան բռնությունների ցուցանիշները շարունակում են աճել, պատճառներն էլ ավելանալ

Հայաստանում ընտանեկան բռնությունների ցուցանիշները շարունակում են աճել, պատճառներն էլ ավելանալ

899

«2002 թվականն էր, 16 տարեկան էի, երբ ամուսնացա, ընտրյալս մեծ էր ինձանից 6 տարով: Փոքր հրապուրանք էր, բայց ես այն ժամանակ համոզված էի, որ դա է մեծ սերը։ Բայց գրեթե ամեն օր վեճ ենք ունեցել: Ինձ հանգստացնում էին, ասում էին` եթե ծեծում է, ապա սիրում է: Հերթական անգամ արտագնա աշխատանքի մեկնելուց առաջ ամուսինս ինձ զգուշացրել էր, որ անգամ մտքի ծայրով չանցկացնեմ  ամուսնալուծության մասին՝ հակառակ դեպքում կսպանի ինձ»,-մեզ հետ զրույցում պատմում է Ա.-ն։

Ընտանեկան բռնությունը հանդիսանում է համակարգված գործողությունների ամբողջություն, որն արտահայտվում է պարբերաբար կրկնվող ֆիզիկական, հոգեբանական, սեռական, տնտեսական ճնշումներով՝ ամուսին-կին, ծնող-երեխա այլ անձանց հարաբերությոգնների միջև՝ պարզաբանում է իրավաբան Շուշանիկ Խուրշուդյանը.  «Բռնության ենթարկվող մարդը չի կարողանում զարգանալ, ինքնադրսևորվել, ինտեգրվել հասարակությունում և գործունեություն ծավալել: Ընտանեկան բռնությունը կարող է ունենալ ուղղակի և անուղղակի ազդեցություն, օրինակ՝ երեխաները, ականատես լինելով ընտանեկան բռնությանը, անուղղակի են ենթարկվում դրան»:

Հոգեբան Եվա Օհանյանի խոսքով` ընտանեկան բռնություններն ավելանում են հատկապես, երբ լարվում են քաղաքական, սոցիալական ոլորտները.  «Դեռևս հետխորհրդային շրջանից առկա ներընտանեկան հարաբերություններն ավելի բարդացան՝ պայմանավորված քաղաքական, սոցիալտնտեսական, մշակութային անկայունությամբ: Սա էլ իր հերթին  հանգեցրեց ընտանեկան հարաբերությունների ոչ կառուցողական, ագրեսիվ բնույթին՝ ընդհուպ մինչև ընտանեկան բռնությանը»:

ՀՀ մարզերի թե՛ քաղաքային, թե՛ գյուղական համայնքներում ընտանեկան  բռնությունների իրականացման տեսակարար կշիռը և առանձնահատկությունները՝ ըստ դաստիարակության, կրթվածության, աշխատունակության, զբաղվածության աստիճանի, սոցիալական ապահովվածության, ընտանեկան հարաբերությունների կառուցման, ամուսնական կարգավիճակի, երեխաների թվի, տարբեր են: Ըստ Վիճակագրական կոմիտեի մեզ տրամադրած տեղեկատվության՝ մարզերի շարքում ընտանեկան բռնությունների առավել մեծ թվով աչքի են ընկնում  Գեղարքունիքը, Լոռին, Արմավիրը, Վայոց ձորը, իսկ առավել նվազ քանակով՝ Տավուշը և Սյունիքը: Երևանում ընտանեկան բռնությունները նույնպես շատ են:

Եվա Օհանյանը մեզ հետ զրույցում նշեց ընտանեկան բռնությունների մի քանի հիմնական պատճառները. սոցիալ-տնտեսական անկայուն վիճակը: Մասնավորապես, որքան ցածր է ընտանիքի ամսական եկամուտը, այնքան մեծ է նվաստացումների, բռնությունների իրականացման հավանականությունը. «Ընտանեկան բռնությունը համարվում է ոչ միայն ներընտանեկան հիմնախնդիր, այլև իրավախախտում, մարդու իրավունքների ոտնահարում՝ ուղեկցվելով քրեական պատասխանատվությամբ» ։

Չնայած բազմաթիվ կազմակերպությունների, հոգեբանական աջակցման կենտրոնների և մարդկանց աջակցող այլ հաստատությունների գոյությանը՝ Հայաստանում ընտանեկան բռնությունների թվերը շարունակում են աճել.

Համաձայն ՀՀ ոստիկանության մեզ փոխանցած տեղեկության ՝ 2019 թվականին գրանցվել է ընտանեկան բռնության 485 դեպք՝ 4-ը մահվան ելքով, 2020 թվականին՝ 524 դեպք, 2021 թվականին 466 դեպքը՝ 2-ը մահվան ելքով, 2022 թվականի հունվարից մինչև մարտ՝ 55 դեպք։

Անահիտ Քարամյան

3-րդ կուրս

Կիսվել