6 տարի անց կայացվել է խոշտանգման գործով նախադեպային երկրորդ մեղադրական դատավճիռը

6 տարի անց կայացվել է խոշտանգման գործով նախադեպային երկրորդ մեղադրական դատավճիռը

680

Չորս տարի առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում խոշտանգման պատճառով մահացած Արմեն Աղաջանյանի գործով մարտին նախադեպային որոշում կայացվեց։ Աղաջանյանին խոշտանգելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող Արմեն Հովհաննիսյանը 7 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտվեց։ 2019 թվականին դատավոր Դավիթ Բալայանն ամբաստանյալին մեղսագրվող արարքը վերաորակեց՝ անվանելով այն լիազորությունների անցում։ Հովհաննիսյանն Առաջին ատյանի դատարանի կողմից  ճանաչվեց  անմեղ, մեղավոր ճանաչվելով միայն Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և 314 հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Վերաորակված հոդվածների հիման վրա համաներում կիրառվեց և Հովհաննիսյանը նիստերի դահլիճից ազատ արձակվեց։

«Շատ դեպքերում խոշտանգում, բռնություն է լինում փակ հաստատություններում, սակայն իրավապահ մարմինները քրեական գործերը հարուցում են լիազորությունների անցման հոդվածով»,-մեզ հետ զրույցում ասաց տուժող կողմի շահերը ներկայացնող փաստաբան Արա Ղարագյոզյանը։

ՄԻԵԴ-ը մի քանի դեպքով արձանագրել է, որ եթե խոշտանգման փաստը փորձում են կոծկել՝ վերաորակելով պաշտոնեական լիազորությունների անցում, դա հանդիսանում է Եվրոպական կոնվեցիայի 3-րդ հոդվածի՝ խոշտանգումից զերծ մնալու իրավունքի խախտում։ Տուժող կողմը բողոքներ ներկայացրեց Առաջին ատյանի դատարանի կայացրած վճռի դեմ։ Վճռաբեկ դատարանը բեկանեց գործը և ուղարկեց Վերաքննիչ դատարան, որպեսզի վերջինս ապացույցներին ճիշտ քրեաիրավական գնահատական տա։

Արա Ղարագյոզյանի գնահատմամբ՝ կայացված որոշումը նախադեպային էր«Ի վերջո Վճռաբեկ դատարանը մեկնաբանել է, որ Արմեն Աղաջանյանը առողջական խնդիրներ է ունեցել, շտապ օգնություն չեն կանչել, խոշտանգումից հետո տուժողը արյան ու թարախի մեջ է եղել և առաջին անգամ փաստել է, որ այստեղ ոչ թե լիազորությունների անցում կա, այլ խոշտանգում»,-ընդգծեց փաստաբանը։

2018 թվականին Արմեն Աղաջանյանն ամիսներ շարունակ եղել է հետախուզման մեջ «ինչ-որ մեքենայի առքուվաճառքի» համար։ Արմենին տեղափոխում են դատարան՝ անձի վերահաստատման, սակայն դատարանի դահլիճում իրեն վատ է զգում և նրան տեղափոխում են «Նուբարաշեն» ՔԿՀ։ «Նուբարաշեն» մտնելու հենց առաջին րոպեներին վեճ է տեղի ունենում ՔԿՀ աշխատակցի ու Արմենի միջև։ Վերջինիս մոր՝ Գայանե Աղաջանյանի խոսքով՝ որդին իբր չի բարևել։ Նրան ուղեկցել են խուզարկման սենյակ և 4 հոգով ծեծել են, խոշտանգել՝  հաշվի չառնելով կողային բաց աղիքը։ Հուլիսի 7-ին Արմենին տեղափոխում են «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ 5 օր անց հայտնաբերում են կտրված սավանից կախված, ծնկաչոք վիճակում։

Դեպքից 4 տարի անց Վերաքննիչ քրեական դատարանը որոշում կայացրեց փաստաբան Արա Ղարագյոզյանի և ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Վարդգես Սարգսյանի վերաքննիչ բողոքները բավարարելու մասին։ Ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանը մեղավոր ճանաչվեց հանցանք(խոշտանգում) կատարելու մեջ, և նրա նկատմամբ նշանակվեց պատիժ՝ 7 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում։ 2015 թվականից խոշտանգման քրեականացումից հետո սա երկրորդ մեղադրական դատավճիռն է։ Ըստ փաստաբանի՝ վերջապես սառույցը կոտրվեց. սրանով ճանապարհ է բացվում մնացած խոշտանգման գործերի համար ևս․

«Սա ուղենշային և կարևոր որոշում է, քանի որ տարիներ շարունակ ոչ ոք չէր ենթարկվել քրեական պատասխանատվության խոշտանգման համար։ Առաջին ատյանի դատարանում այս գործով անցնող արդեն երկրորդ խոշտանգման դեպքը կա և, քանի որ Աղաջանյանի դեպքը արդեն հաստատված հանգամանք է, կարծում եմ՝ այս գործի նկատմամբ ևս մեղադրական դատավճիռ կկայացվի»,-մեզ հետ զրույցում ասաց Ղարագյոզյանը։

Վերջին 5 տարիներին Հայաստանում դատապարտյալների թիվը նվազել է շուրջ 3000-ով, սակայն դիտորդական խմբի տվյալներով, կայուն է մնում բանտերում հացադուլ հայտարարողների թիվը։ Վերջին տվյալները 2020-ին են՝ 601 մարդ։

2019-ին քրեակատարողական հիմնարկներում մահվան 21 դեպք է արձանագրվել։ Դրանից հետո մենամեծ թիվը նախորդ տարվանն էր՝ 13 դեպք։

Մարտին «Արմավիր» ՔԿՀ-ում տեղադրվեցին անվտանգության տեսախցիկներ։

Ըստ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի՝ բանտերում սպանության, ինքնասպանության, խաղամոլության և մի շարք այլ ապօրինությունների թիվը օնլայն ռեժիմով հսկողության շնորհիվ կնվազի. «Ապօրինությունների շրջանառությունը, դա կլինի թմրանյութ, թե կլինի խաղեր, թե կլինի ճնշումներ, այդ տեսակ շրջանառությունները լինում են մի խցից մյուս խուց գնալու ճանապարհին։ Այս համակարգը դադարեցրել է մեր քրեակատարողական ամենամեծ հիմնարկի կուրությունը, այսուհետ մեր օպերատիվ ծառայությունը կունենա ավելի լայն հնարավորություններ հետևելու, թե ինչ շրջանառություն է տեղի ունենում»,-ասել է նախարարը։

Հելսինկյան ասոցացիայի նախագահ Նինա Կարապետյանցը կարծում է՝ տեսախցիկները, միևնույն է, ամբողջ դաշտը չեն ծածկելու։ Կարևոր է պահպանման խնդիրը, այն է՝ տեսանյութերը պետք է պատշաճ կերպով պահպանվեն և շատ պատահական հանցագործությունների օրերին ու ժամերին չկորչեն։ Վերջինս վստահ չէ, որ ինքնասպանության դեպքերի մի մասը, եթե ոչ մեծ մասը, ապա գոնե կեսը բուն ինքնասպանություններ են, անգամ ինքնասպանության հասցնել չեն.

«Մի մասի խնդիրը, որը իրոք ինքնասպանություն է, պահման պայմաններն են, հետո՝ քրեական բարքերը, որոնք տիրում են ՔԿՀ-ներում։ Ինչքան էլ նախարարները իրար փոխարինելով պնդեն, որ քրեական էլեմենտներ այլևս չկան, դա ուղղակի ծիծաղելի է։ Հիմնականում պահման պայմաններն են և քրեական էլեմետները, որոնք մարդկանց այլընտրանք չեն թողնում։ Բայց մեծ մասը իմ խորին համոզմամբ և այն իրավապաշտպանների, ովքեր տարիներ շարունակ զբաղվել են այս գործերով կհաստատեն, որ առնվազն մեկ կասկած ունեն ինքնասպանության»:

 «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած դատապարտյալները պահվում են անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող պայմաններում։ Օրերս այս մասին հայտարարեց դիտորդական խումբը և լուսանկարներ հրապարակեց։

Ըստ Նինա Կարապետյանցի՝ Արդարադատության նախարարությունը  կարող է գտնել պայմաններ, բայց եթե չափից դուրս տարբերվող պայմաններ լինեն ՔԿՀ-ների հիմնական մասում և հացադուլ հայտարարածների տարածքում, ապա նախարարությունը մտավախություն ունի, որ բոլորը կգնան հացադուլ անելու. «Իրենք ուղղակի լավ չեն պատկերացնում՝ մարդիկ սոված մնան, որ գնան լավ պայմաններում ապրելու՞։ Իրականում հարցի լուծում չի։ Հացադուլ անել ավելի լավ պայմաններում ապրելու համար, սա բացատրություն չի։ Առնվազն նրանց համար մարդկային պայմաննեեր ստեղծելու հնարավորություն և ֆինանսավորում պետք է գտնել, որովհետև նրանք կրկնակի խոցելի խումբ են»:

Քնարիկ Վարդանյան, Մարիամ Ստեփանյան

3-րդ կուրս

Կիսվել