«Հոգեբանի մասնագիտությունը ինձ հետաքրքրել է դեռ դպրոցական տարիներից». Ա. Դավթյան

«Հոգեբանի մասնագիտությունը ինձ հետաքրքրել է դեռ դպրոցական տարիներից». Ա. Դավթյան

1068

Ալվինա Դավթյանը սովորել է Երևանի պետական համալսարանի հոգեբանության բաժնում, այնուհետև մագիստրոսական կրթությունը շարունակել է կառավարման և կազմակերպչական հոգեբանության բաժնում: Մասնագիտացումը` հանրային կապերի, իմիջի և գովազդի հոգեբանություն. որակավորված իրավաբանական հոգեբան:

Հարցազրույց հոգեբան, «365 Երիտասարդ Հոգեբանների Նախաձեռնությունը» կազմակերպության հիմնադիր ղեկավար Ալվինա Դավթյանի հետ։

-Ինչպե՞ս եղավ, որ ընտրեցիք հոգեբանի մասնագիտությունը:

-Հոգեբանի մասնագիտությունը ինձ հետաքրքրել է դեռ դպրոցական տարիներից, սիրում էի լսել յուրաքանչյուրի ապրումները, թեպետ բավականին տարբեր ուղղություններ եմ ցանկացել ուսումնասիրել, այնուամենայնիվ ընտրել եմ հենց այս մասնագիտությունը:

-Ի՞նչն եք սիրում Ձեր մասնագիտության մեջ:

 -Սիրում եմ հոգեբանական մոտեցումները, որոնք ակնհայտ տարբերվում են։ Մենք ավելի շատ սիրում ենք խորասուզվել դիմացինի խոսքի, ժեստի, վարքագծի մեջ:

-Ովքե՞ր են ավելի հաճախ դիմում հոգեբանական օգնության, տղամարդի՞կ, թե՞ կանայք:

-Ցավոք, Հայաստանում և՛ կանայք, և՛ տղամարդիկ բավականին քիչ են դիմում, թեպետ որոշակի հոգեբանական կենտրոններ փորձում են լավ աշխատանք իրականացնել և՛ նախաամուսնական, և՛ ամուսնական զույգերի հետ: Սակայն այս պասիվ մոտեցման համար ես հիմնել եմ «365 Հոգեբանների Նախաձեռնությունը», որպեսզի հայ հասարակության մեջ երիտասարդներով փորձենք ավելի զարգացնել հոգեբանի դերը մեր կյանքում:

-Որո՞նք են Հայաստանում հոգեբանական ամենատարածված խնդիրները:

-Հոգեբանական ամենատարածված խնդիր, որպես այդպիսին, սխալ կլինի նշել, քանի որ շատ տարբեր են, ընտանեկան` երեխաների հետ կապված խնդիրներ, ծնող-երեխա փոխհարաբերություններ, ամուսնական և նախաամուսնական հարաբերություններ, տագնապայնություն, սթրես:

-Ի՞նչ անել, երբ ընտանիքում կա հոգեբանական խնդիր, բայց անդամները խուսափում են բարձրաձայնելուց և հոգեբանի օգնությանը դիմելուց:

-Հոգեբանը երբեք առանց ցանկության չի կարող ներխուժել տվյալ ընտանիք, ուղղակի պետք է ուղղորդել և փորձել նրանց բերել այն իրականություն, որ հոգեբանին դիմելը նորմալ է, դա չի նշանակում, որ իրենք խելագար են։ Մենք ունենք կարծրատիպային խնդիր ՀՀ-ում: Հոգեբանը հոգեբույժը չէ:

-Հայաստանում ընտանեկան բռնությունների հարցով դիմու՞մ են հոգեբանի:

-Այո, ՀՀ-ում վերջին տարիներին բավականին ակտուալ է աշխատանքը բռնության ենթարկված մարդկանց հետ: Եվ ընտանեկան հոգեբանները բավական շատ են աշխատում այդ ուղղությամբ:

-Արդյո՞ք հնարավոր է աջակցություն ցուցաբերել ընտանիքներին սեմինարների, թրեյինինգների միջոցով։

-Իհարկե հնարավոր է, և մենք մեր նախաձեռնությունով իրականացնում ենք բաց քննարկումներ, սեմինարներ, որպեսզի մարդիկ այցելեն, լսեն, հասկանան՝ ինչ խնդիրներ կարող են ունենալ, կամ եթե ունեն, կարող են դիմել մասնագետների:

-Պետությունն ինչքանո՞վ է շահագրգռված հոգեկան առողջության հարցով, պետական ի՞նչ ծրագրեր կան:

-Պետական ծրագրեր գործում են, օրինակ, հետպատերազմյան շրջանում բավականին ակտիվ մասնագետներ կան, ովքեր աշխատում են այդ ծրագրերի շրջանակներում, բայց, այնուամենայնիվ, ես այդքան էլ հետաքրքրված չեմ պետական ծրագրերով։

Նորա Ղազարյան

4-րդ կուրս

Կիսվել