Առցանց կրթություն, առցանց աշխատանք, առցանց ամուսնություն

Առցանց կրթություն, առցանց աշխատանք, առցանց ամուսնություն

524

21-րդ դարը նորարար տեխնոլոգիաների դարաշրջան է: Յուրաքանչյուր ոլորտում տեխնիկան փոխարինում է մարդկանց: Գործարաններում հոսքագծերն են աշխատում, մարդիկ մնում են անգործ: Տանը լվացքի մեքենաներն ու ռոբոտ-փոշեկուլներն  են աշխատում, կանայք մնում են անգործ: Իսկ համակարգիչը դարձել է դարի չարիքը: Այս հոդվածում փորձեցել ենք պարզել, թե ինչ են մտածում մարդիկ համակարգչի և համացանցի մասին:

Հարցումներ ենq կատարել տարբեր տարիքի և տարբեր մասնագիտություն ունեցող անձանց շրջանում: Ստացված կարծիքները բազմազան են ու բազմաթիվ: Համակարգչի և համացանցի վնասների մասին երկար ու մեծ ոգևորությամբ խոսում են դպրոցահասակ երեխա ունեցող մայրիկները, ովքեր կարծում են, որ առցանց կրթությունը «իրենց երեխաների տունը քանդեց»: «Անգրագետ մեծացան, անգրագետ, ո՞վ էր տեսել առաջին դասարան հաճախող երեխան տառերը սովորի առցանց: Բա ուսուցիչը ձեռքից չբռնի՞, չսովորեցնի՞ ճիշտ գրելու ձևը»,- նշում է հարցվող մայրիկներից մեկը, իսկ մյուսը հավելում է. «Լավ էր՝ ավարտվեց առցանց կրթությունը, թե չէ տան բոլոր սենյակները դպրոց էին դարձել: Ամեն մեկը մի հեռախոս վերցրած փակվում էր սենյակներում ու չէինք էլ իմանում, թե ինչ են սովորում»:  Առցանց կրթության մասին հետաքրքիր մի միտք ասաց հարցվող տատիկներից մեկը. «Առցանց կրթության վնասների մասին խոսում են այն հարսները, ովքեր ստիպված հեռախոսը տվել են երեխային ու պարապ մնացել»:

Մանկավարժների համար առցանց կրթությունը շատ դժվարությունների հետ է կապված եղել: Չեն կարողացել վերահսկել աշակերտների վարքը, նկատել են ուսման մակարդակի կտրուկ անկում: Դասաժամի ընթացքում ավելի շատ տեխնիկական թերությունների շտկման վրա են ժամանակ ծախսել, քան դասապրոցեսի: «Առցանց կրթության միակ լավ կողմն այն էր, որ աշակերտների հետ ծնողներն էլ էին մասնակցում դասերին և տեսնում էին իրենց երեխայի բաց կողմերը: Դասերը լսելուց հետո կարողանում էին օգնել իրենց երեխաներին»,- նշում է մաթեմատիկայի ուսուցչուհի Ս. Ա.-ն: Աշխարհագրության ուսուցչուհի Բ. Գ.-ն նշում է, որ առցանց կրթության գործիքներին շատերը ծանոթ չէին և չէին կարողանում օգտվել: «Անձամբ ես շատ եմ դժվարացել քարտեզով աշխատելիս: Մեծ քարտեզ կիրառելն անհնար էր, իսկ առցանց քարտեզներից շատերը չէին կարողանում օգտվել»:

Համացանցի վնասների մասին անվերջ խոսում են սկեսուր-մայրիկները, ովքեր կարծում են, որ տանը գործ անելու փոխարեն հարսները ողջ օրը «հեռախոսն են բզբզում»: Իսկ երեխաները հետևում են ծնողների օրինակին՝ դեռ դասերը չսովորած, վազում են համակարգչի մոտ: Երիտասարդները իրենց կյանքի ուղեկցին գտնում են սոցիալական ցանցերում: Առանց իրար ճանաչելու ամուսնանում են և կարճ ժամանակ անց ամուսնալուծվում:

Հարցվող մեծահասակները միաձայն պնդում են, որ այն չարիք է: «Էդ համացանցի պատճառով էլ մարդիկ իրար երես չեն տեսնում, սովորելը տնից է, աշխատելը տնից է, նույնիսկ ամուսնությունն է տնից»,- նշում է 60-ն անց մի տղամարդ: Իսկ մի երիտասարդ, ով մասնագիտությամբ ծրագրավորող է և մեծ մասամբ տանից է աշխատում, հակադրվում է այդ կարծիքին. «Եթե ես կարող եմ իմ ընտանիքի կողքին գտնվել և գումար աշխատել տանից, ինչու՞ չօգտվեմ այդ հնարավորությունից»:

Բացասական այս վերաբերմունքին հակադրվում են երիտասարդները, ովքեր համացանցի յուրաքանչյուր էջում գումար վաստակելու հնարավորություն են տեսնում: «Ծնողներս բողոքում են, որ ես ողջ օրը Տիկ-Տոկ-ում եմ, բայց ես դրանով գումար եմ աշխատում»,-նշում է հարցվող երիտասարդներից մեկը: «Համակարգչի առջև նստել, դեռ չի նշանակում ժամանակդ իզուր վատնել: Համակարգչի օգնությամբ կարելի է զբաղվել ինքնակրթությամբ, սովորել, աշխատել, ընկերներ ձեռք բերել»,- ավելացնում է երկրորդը:

Իսկ հոգեբան Մ. Ա.-ն նշում է, որ համացանցից ու համակարգչից ճիշտ օգտվելու դեպքում կարելի է բազմաթիվ օգուտներ քաղել: «Եթե ողջ օրը համակարգչի առջև ես, բայց սոցիալական ցանցերից դուրս չես գալիս, իհարկե, համակարգիչը օգուտ տալ չի կարող: Իսկ եթե նպատակասլաց ես և ունես կոնկրետ նպատակ, կարող ես փնտրել ու գտնել քեզ հետաքրքրող կայքը, այն ծառայեցնել քեզ: Ցավալին այն է, որ մեր երիտասարդներն այսօր առավել հակված են ոչ թե օգուտ քաղելուն, այլ ժամանակն անտեղի վատնելուն»:

Սոցիոլոգ Ն. Կ.-ն աշխատանքային գործունեության ընթացքում բազմիցս անդրադարձել է թեմային և գտնում է, որ համակարգչային կախվածությունը հոգեբանական բազմաթիվ խնդիրներ է առաջացնում: Ժամանակն անընդհատ սոցիալական ցանցերում անցկացնող երիտասարդները  կտրվում են կենդանի հաղորդակցությունից և չեն կարողանում իրական կյանքում մարդկանց հետ հաղորդակցվել, խմբային աշխատանք կատարել, թիմում ինքնադրսևորվել: Միայն ընտանիք ունեցող և համացանցի օգնությամբ գումար վաստակող անձիք են կարողանում ճիշտ կազմակերպել իրենց առօրյան և նստել համակարգչի առջև խիստ անհրաժեշտության դեպքում: Նա գտնում է, որ անչափահաս երեխաներին ընդհանրապես չի կարելի թույլ տալ կես ժամից ավել նստել համակարգչի առջև: «Ավելի լավ է՝ երեխան ծանրաբեռնված լինի դասերով և տարատեսակ պարապմունքներով, մշտապես զբաղված լինի նոր բան սովորելով, քան անտեղի ժամանակ վատնի համացանցում: Մանկության և պատանեկության տարիքում երեխան պետք է վազվզի, ցատկոտի, խաղա բնության գրկում, ընկերների հետ, հաղորդակցվի մարդկանց ու բնության հետ: Մի խոսքով՝ ակտիվ կյանք վարի»,-նշում է սոցիոլոգը: Նրա հետ համակարծիք է ֆուտբոլի մարզիչ Ս. Լ.-ն, ով կարծում է, որ համակարգիչն ու համացանցը մարդկանց ստիպում են սովորել նստակյաց կյանքին: Մարդիկ դադարում են շարժվել, ինչի հետևանքով էլ գիրանում են և կանգնում առողջական լուրջ խնդիրների առջև: Բժիշկ-էնդոկրինոլոգ Ա. Գ.-ն հաստատում է, որ մեր օրերում յուրաքանչյուր երկրորդ անձնավորությունն ունի գիրության և գերհոգնածության խնդիր, ինչը համակարգչի առջև երկար նստած մնալու հետևանք է: Ակնաբույժ Ա. Մ.-ի կարծիքով իր հիվանդների մեծ մասը տեսողության հետ կապված խնդիրներ ունեն հենց համակարգչի առջև երկար աշխատելու հետևանքով:

Իսկ ես այս բոլոր կարծիքներին ուզում եմ ավելացնել մեկը՝ եթե ցանկանում եք, սովորեք առցանց, աշխատեք առցանց և ձեր կյանքի ուղեկցին գտեք առցանց, բայց եղեք զգոն և կշռադատված: Թույլ մի տվեք, որ տարատեսակ գովազդներն ու սոցիալական ցանցերը իրենց տեղեկատվության մեծ հոսքով խլեն ձեր ժամանակը: Միշտ հիշեք, որ դանակից կարելի է և օգուտ քաղել, և վնասվել: Այդպես է նաև համակարգչի և համացանցի դեպքում: Դրանց ճիշտ կիրառությունն ազատում է բոլոր խնդիրներից և տալիս է իր դրական արդյունքները:

Նորա Ղազարյան

4-րդ կուրս

Կիսվել