Աղավնաձորի մանուկները մանկապարտեզ հաճախում են, երբ արևը հայտնվում է

Աղավնաձորի մանուկները մանկապարտեզ հաճախում են, երբ արևը հայտնվում է

570

Վայոց ձորի Արենի համայնքի Աղավնաձորի մանկապարտեզում կա ջեռուցման խնդիր, որի պատճառով երեխաները տարվա շուրջ 6 ամիսը չեն հաճախում մանկապարտեզ։ Ջեռուցման խնդիրը եղել է կառույցի հիմնումից ի վեր։ Մինչ խոշորացումը՝ գյուղի մանկապարտեզը ֆինանսավորվում էր գյուղապետարանի բյուջեից, այժմ ֆինանսավորվում է համայնքապետարանի բյուջեից։

Համայնքապետ Հուսիկ Սահակյանը, անդրադառնալով խնդրին՝ ասում է. «Աղավնաձորի մանկապարտեզը գազաֆիկացված է վաղուց։ Ջեռուցումը ծրագրի մեջ է, որն անպայման կիրականացվի, պարզապես դեռ հստակ չէ, թե կոնկրետ երբ»: 

Մանկապարտեզում այժմ գործում է երկու խումբ։ 45 երեխա հաստատությունը չջեռուցելու պատճառով ստիպված է ամիսներ շարունակ մնալ տանը։ Մանկապարտեզի տնօրեն Գոհար Հակոբյանը նշում է. «Մանկապարտեզը բոլոր հնարավորություններն ու հարմարությունները ապահովվում է երեխաների համար։ Լավ սնունդ, կահույք, խաղասրահ, սրանք բոլորը կան, միայն ջեռուցման հարցն է, որի պատճառով էլ մանկապարտեզը չի գործում։ Մարտ-ապրիլ ամիսներին, երբ վերաբացվում է, մինչ եղանակը լիարժեք կտաքանա, հաստատությունը ջեռուցվում է էլեկտրական տաքացուցիչներով»։

Կառույցի ջեռուցման խնդիրը հանգեցնում է նաև այլ անհարմարությունների։ Աշխատակցի խոսքով՝ չհաճախելու հետևանքով ուսումնական ծրագիրը մի կերպ են հասցնում ավարտին։ Դժվար է հատկապես նախադպրոցական խմբիերի եխաների համար։ Ծնողներից Լիլիթ Հայրապետյանն ուշադրություն է հրավիրում հատկապես հետևյալ հանգամանքի վրա. «Երեխաները հետ են վարժվում։ Մի քանի ամիս տանը մնալով՝ ժամանակի մեծ մասը տրամադրում են խաղերին, այն ինչ մանկապարտեզում որևէ նոր ու հետաքրքիր զբաղմունք կունենային: Մենք՝ ծնողներս, իհարկե, հետևողական ենք, բայց բոլոր դեպքերում մայրիկի և մանկավարժի, այս դեպքում՝ դաստիարակի ասածը երեխան տարբեր կերպ է ընկալում»։

Թե ինչպիսի հոգեբանական ազդեցություն կարող է ունենալ երկարատև արձակուրդը և դրանից վերադառնալը երեխայի վրա, պարզաբանում է հոգեբան Աստղիկ Վարդանյանը. «Երկար ժամանակահատվածով տվյալ միջավայրից հեռանալը և վերադառնալը որոշակի դժվարություններ ու խնդիրներ է առաջբերում։ Ամեն երեխա չէ, որ հեշտ է ադապտացվում միջավայրին։ Շատերին նույնիսկ 25-30 օր է պետք, որ նորից հարմարվեն միջավայրին, թեկուզ այն դեպքում, երբ նրանք այդ միջավայրում հայտնվում են պարբերաբար։ Երկար ժամանակ տան միջավայրում անցկացնելուց հետո դժվարանում է նաև շփումը մնացած երեխաների հետ։ Նման խնդիրներից խուսափելու համար երեխայի առօրյան տնային-ակադեմիական միջավայրում պետք է հստակ կարգավորված լինի»։

Աղավնաձորի մանկապարտեզը կվերաբացվի ապրիլի 11-ին։ Իսկ ջեռուցման խնդիրը դեռևս դրված է օրակարգում։

Նարե Օհանյան

3-րդ կուրս

Կիսվել