Առաջատար տեխնոլոգիական ընկերությունները՝ դասականը տարածելու նախաձեռնությամբ

Առաջատար տեխնոլոգիական ընկերությունները՝ դասականը տարածելու նախաձեռնությամբ

674

Ըստ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի՝  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ոչ միայն տեղական հերոս է, այլև ներկայացնում է Հայաստանն աշխարհում և շատ ավելի գլոբալ ծրագրեր ունի: Նրա խոսքով՝ 16-րդ համերգաշրջանը կավարտվի հուլիս ամսին, իսկ մինչ այդ համերգներ են սպասվում, որոնք ղեկավարելու են հանրահայտ դիրիժորներ՝ հրավիրված արտասահմանից։

Սա մի հատված է ապրիլի 19–ին տեղի ունեցած մամուլի ասուլիսից: Ասուլիսի  բանախոսներն էին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի  գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, «PicsArt» ընկերության համահիմնադիր Միքայել Վարդանյանը, «Team Telecom Armenia»-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը: Հանդիպմանը հեռավար տարբերակով միացել էր նաև «ServiceTitan»-ի նախագահ և համահիմնադիր Վահե Կուզոյանը:   

Սիմֆոնիկ նվագախմբի գործունեության առաջընթացն ապահովելու, դասականը Հայաստանում տարածելու և մի շարք այլ նպատակներով ձևավորվել է պատվավոր խորհուրդ: Խորհրդի նախագահը Ալեքսանդր Եսայանն է: Պատվավոր խորհրդի կազմում են Միքայել Վարդանյանը, Վահե Կուզոյանը, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (COAF) հիմնադիր, նախագահ Գարո Արմենը և «SADA» ընկերության գլխավոր ֆինանսական տնօրեն Լուսինե Եղիազարյանը, որոնց հետ կնքվել են փոխըմբռնման հուշագրեր։

Սերգեյ Սմբատյանը նշեց, որ նվագախմբի համար կարևոր օր է, որին  երկար էին սպասել։ Ըստ նրա՝ նվագախմբի կյանքը փոխվեց 2019 թվականին՝ WCIT-ի բացմանը,  որի ժամանակ իրենք բեմում էին Ալեքսանդր Եսայանի գաղափարի շնորհիվ (հիշեցնենք, որ WCIT- ն (World Congress on Information Technology) 2019-ին հյուրընկալվել էր Հայաստանում՝  անցկացնելու տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովը): Ըստ Սերգեյ Սմբատյանի՝ այդ համերգը  վառ ապացույցն էր այն բանի, որ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով հնարավոր էր էլ ավելի լայն լսարան գրավել: 

Իսկ «Team Telecom Armenia»-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը նշեց, որ այս նախաձեռնությանը միացել են ընկերություններ և մարդիկ, որոնք մեծ հաջողությունների են հասել համաշխարհային շուկայում. «Ես կարծում եմ, որ այս համագործակցության հենց սկզբից մենք կունենանք ավելի մեծ հաջողություններ միասին, քանի որ համախմբում ենք մեր ուժերն ու  կապերը»։ Նրա խոսքով՝ նաև ֆինանսական աջակցություն կլինի, որպեսզի նվագախմբի ծրագրերը շատ արագ ի կատար ածվեն:

Իսկ «PicsArt» ընկերության համահիմնադիր Միքայել Վարդանյանը նշեց, որ իրենց ընկերությունն ուրախ է միանալ այս նախաձեռնությանը և աջակցել խորհուրդներով, իրենց փորձով՝ ինչպես արտադրանքը դարձնել հասանելի ամբողջ աշխարհում:

Անահիտ Նահապետյան

2-րդ կուրս

Կիսվել