Ծննդավայրի և հայրենիքի սահմանագծին

Ծննդավայրի և հայրենիքի սահմանագծին

718

19-ամյա Մարիանա Գույումճյանը 10 տարի առաջ է Սիրիայի Հալեպ քաղաքից տեղափոխվել Երևան. պատճառը՝ երկրում ներքաղաքական պատերազմն էր։ Մարիաննայի հետ զրուցել ենք նրա ծննդավայրի, հայրենիքի և Երևանում նրանց նկատմամբ հայրենակիցների վերաբերմունքից։

 -Հիշու՞մ եք՝ ինչպես եք տեղափոխվել։ Կխնդրեմ՝ կիսվեք Ձեր հիշողություններով։

-Երբ տեղափոխվեցինք Երևան, պատերազմը նոր էր սկսել։ Հիշում եմ՝ Հայաստան եկանք ընդամենը 15 օրով, այն հույսով, որ ամեն ինչ շուտ կխաղաղվի, և կվերադառնանք, բայց ցավոք այդպես չեղավ։

-Երբ տեղափոխվեցիք, 9 տարեկան էիք։ Հասկանու՞մ էիք՝ ինչ է կատարվում Ձեր շուրջը։

-Հասկանում էի որոշ չափով, բայց չէի պատկերացնում, որ չենք վերադառնա։

-Ի՞նչ թողեցիք Հալեպում։ Ամենաշատը ի՞նչը կուզեիք Ձեզ հետ լիներ։

-Ավելի շատ կարող եմ ասել ոչ թե ինչը, այլ ում՝ տատիկիս և պապիկիս. կուզեի ինձ հետ լինեին….

-Հայաստան տեղափոխվելուց ի վեր եղե՞լ եք Սիրիայում։

-Ոչ, չեմ եղել, բայց կուզեի. հիմա էլ կապ ունեմ Սիրիայի հետ՝ հարազատներ ունեմ այնտեղ…

-Մի քիչ խոսենք Հայաստանում Ձեր կյանքից։ Կասե՞ք ինչ սպասելիքներ ունեիք հայրենիքից և որքանով դրանք արդարացան։

-Իրականում փոքր տարիքում սպասելիքներ չեմ ունեցել, ես ընտելացել եմ այստեղի մարդկանց և մթնոլորտին ավելի արագ, քան ծնողներս։ Լեզվին ավելի հեշտ եմ ընտելացել. մենք խոսում ենք արևմտահայերեն, և դա հիմա էլ այդպես է՝ տանը խոսում եմ արևմտահայերեն, ընկերների հետ դրսում՝ արևելահայերեն։

-Իսկ ի՞նչ դժվարությունների են բախվել ծնողներդ։

-Սկզբնական շրջանում հիմնական դժվարությունը կապված է եղել լեզվի հետ, քանի որ այստեղ շատ բառեր հայերենի փոխարեն ռուսերեն լեզվով են օգտագործվել։ Նաև ասեմ, որ մարդիկ մեր սիրիահայերի հետ ավելի կոպիտ են եղել, ոչ բարեհամբույր։ Աշխատանքի հետ կապված էլ այդքան լավ պայմաններ չեն եղել։

-Ինչպե՞ս սկսեցիք դպրոց հաճախել։ Ուսուցիչների կողմից ի՞նչ վերաբերմունքի արժանացաք։

-4-րդից 9-րդ դասարան նույն դպրոցն եմ հաճախել, հետո փոխել եմ դպրոցս։ Ընկերներս շատ ընկերասեր էին, մարդամոտ էին։ Արդեն կարճ ժամանակում ես էլ ընտելացա լեզվին, և ավելի հեշտ ստացվեց շփումը։

-Եթե ընտրության հնարավորություն ունենայիք, որտե՞ղ կշարունակեիք Ձեր հետագա կյանքը՝ Հայաստանում, թե՞ Սիրիայում։

-Միանշանակ Հայաստանում, քանի որ փոքր տարիքից արդեն ընտելացել եմ այս կյանքին, և բացի այդ՝ այստեղ գերակշռում են հայերը, դու գտնվում ես քո հայրենիքում, ազատ և հանգիստ ես քեզ զգում։ Սիրիայում այլևս կյանք չի մնացել, հայ չի մնացել, բոլորը ցրվել են, ապրուստն էլ շատ դժվար է, ամեն բանի գինը թանկ է։ Հուսանք՝ օրվա մեջ ունենում են բավարար չափով սնունդ…

-Գիտեմ՝ փոքր եք եղել, բայց այնուամենայնիվ կարո՞ղ եք մի քանի նմանություն ու տարբերություն նշել ծննդավայրիդ և հայրենիքիդ միջև։

-Տարբերություններից կարող եմ նշել հանգստությունը. այստեղ ավելի հանգիստ ես քեզ զգում, քան Սիրիայում, բայց ի տարբերություն այստեղի, այնտեղ հարազատներիս հետ կարող եմ լինել, ինչպես նաև լեզուներն են տարբերվում։ Նմանություն այս պահին չեմ կարող նշել։

Լյուդմիլա Շիրվանյան

2-րդ կուրս

Կիսվել