Անգլերենը՝ ընդունելության պարտադիր քննություն ժուռնալիստիկայի ֆակուլտետում

Անգլերենը՝ ընդունելության պարտադիր քննություն ժուռնալիստիկայի ֆակուլտետում

1735

2022-2023թթ. ուսումնական տարվա Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ընդունելության կարգը փոխվել է: Ըստ նոր կարգի՝ դիմորդները պետք է հանձնեն հայոց լեզու և անգլերեն միասնական քննություն՝ նախորդ բանավոր հարցման մշակույթի և ստեղծագործական աշխատանքի փոխարեն: Հիմնական պատճառներից մեկն այն է, որ ապագա լրագրողների համար ուսումնական հաստատությունից հետո էլ օտար լեզուն այդպես էլ մնում է օտար: Մինչդեռ, մասնագիտական գրականության կարևոր հրատարակություններն օտար լեզվով են, իսկ արտասահմանցիների հետ հարցազրույցների ժամանակ լեզվի չիմացությունը դառնում է խոչընդոտ մասնագիտության առաջխաղացման համար:

Դիմորդ Նարինե Ավագյանը քննության կարգի փոփոխման մասին իմացել է շատ պատահական`ոչ պաշտոնական տեղեկատվությունից. «Անգլերենի միասնական քննությունն ինձ համար ստեղծել է շատ մեծ դժվարություններ: Մեր դպրոցում օտար լեզվուն նորմալ ձևով չենք անցել, իսկ առանձին պարապելու հնարավորություն չկա։ Ինձ մնում է միայն ինքնակրթությունը, ինչն էլ ինձ թվում է ՝ ոչ մի երաշխիք չի տալիս, որ բավարար միավոր կհավաքեմ ու կընդունվեմ, իսկ  ստեղծագործական աշխատանքի դեպքում ամեն ինչ շատ լավ կլիներ»:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի  փոխդեկան Անահիտ Մենեմշյանից պարզեցինք, որ փոփոխությունը ֆակուլտետը չի իրականացրել, ԿԳՄՍ նախարությունն է որոշում`ինչպես պետք է անցկացվեն քննությունները. «Անգլերեն քննության հանձնումը դրական կազդի հետագայում ուսանողների պատրաստվածության վրա:Նախկինում մենք փորձում էինք պակասը լրացնել՝  ավելացնելով  օտար լեզվի թվաքանակը:  Հիմա արդեն այդ տարածքը կմնա մասնագիտական դասերին»:

Այս թեմային անդրադարձել է նաև ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը՝ ԿԳՄՍ-ի հրավիրած մամուլի ասուլիսին . «Նախկինում դիմորդները հանձնում էին հայոց լեզվի և օտար լեզուների բանավոր քննություններ։ Բանավոր քննություններ այլևս չեն լինելու։ Հրաժարվել ենք նաև լրագրություն մասնագիտության ստեղծագործական աշխատանք և բանավոր խոսքի հմտություններ առարկաների քննություններից»:

Օտար լեզվի քննությունը պարտադիր է դարձել, քանի որ ամբողջ ուսումնական պրոցեսի ընթացքում ապագա լրագրողները խնդիր են ունենում թե՛ գրավոր տեքստում, թե՛ բանավոր խոսքում: 3-րդ կուրսի ուսանող Աննա Խաչատրյանը նշում է, որ թերանում է անգլերենի հարցում: Նույնիսկ փորձել է ինքուրույն բարելավել խոչընդոտները՝ ֆիլմեր, տեսանյութեր դիտել, բայց ապարդյուն. «Համալսարանում ինձ օտար լեզվի լավ դասախոսներ են դասավանդում, բայց դա ևս չի օգնում, որ լեզվին լավագույնս տիրապետեմ այնպես, ինչպես կտիրապետեի մասնավոր պարապոմուքների արդյունքում»:

Ժուռնալիստիկայի ֆակուլտեի ներկայիս ուսանողները`Աննա Խաչատրյանը և Տաթևիկ Նաջարյանը, ինչպես նաև այս տարվա դիմորդ Նարինե Ավագյանը մեծ առավելություն են տալիս անգլերենի իմացությունը հատկապես լրագրության ոլորտում:

Սակայն Տաթևիկ Նաջարյանը նկատում  է՝  անգլերեն քննություն հանձնելով՝  իր խոսակցականը միևնույն է գերազանց չէր լինելու, բայց գոնե քերականությունում դժվարությունների չէր հանդիպի. «Անգլերեն շտեմարանները որոշ չափով անգիր անելու կաննոներ են: Ըստ իս՝այդքան էլ խոսակցականի վրա հիմնված չէ»:

Փոխդեկան Անահիտ Մենեմշյանը նշեց, որ լրագրողի համար շատ կարևոր է անգլերենի իմացությունը և´ մասնագիտական գրականության, և´արտասահմանյան լրատվամիջոցներին թղթակցելու, և´շփման համար: Դրան զուգահեռ մասնագիտական քննություն չհանձնելը խնդիրներ է առաջացնում. «Մասնագիտական առումով զրոյից ենք  սկսում: Երկու տարի բանավոր քննությունը ֆակուլտետում քովիդի ժամանակ արդեն կրճատվել էր և  երեխաների իմացության մակարդակով  տարբերությունը ես` որպես առաջին կուրս դասավանդող դասախոս, զգում էի»:

ԵՊՀ անգլերենի թիվ 2 ամբոնի վարիչ Ելենա Երզնկյանի հետ փորձեցինք ստանալ որոշ հարցերի պատասխաններ, սակայն նա գիտական գործուղման մեջ էր:

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի փոխդեկան `Անահիտ Մենեմշյանը նշեց, որ ֆակուլտետն այնպես կանի, որ  ուսանողը հաստատ չի տուժի, և անգլերենի քննությունը կնպաստի, որ ակտիվացնեն մասնագիտական առարկաները:

Ստեֆանի Օհանջանյան

Արևիկ Սարգսյան

3-րդ կուրս

Կիսվել