Պատերազմը սովորեցրեց գնահատել կյանքի ամեն վայրկյանը

Պատերազմը սովորեցրեց գնահատել կյանքի ամեն վայրկյանը

588

23-ամյա Հակոբ Գապոյանն արդեն 4 տարի է` ապրում է Ուկրաինայի Կիև քաղաքի Չայկա թաղամասում: Նա պարող է, նաև` բլոգեր ու տիկտոկեր: Ուկրաինա է տեղափոխվել պարի քասթինգ անցնելու շնորհիվ: «Սկզբից միտք չունեի երկար մնալու, սակայն տեղափոխվելուց հետո հասկացա, որ ինձ դուր է գալիս այստեղի կյանքը, ապրելակերպը և պլաններս փոխվեցին»:

Հակոբը պատմում է, թե ինչ պայմաններում է ապրել ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ. «Փետրվարի 23-ին շատ ակտիվ կյանք էինք վարում, իսկ արդեն 24-ի առավոտյան` լուսադեմին, ժամը 5-ին սկսեցին կրակել Ուկրաինայի վրա, ու չգիտեինք` ինչ անել, տնից դուրս գալ չէր թույլատրվում, մնացել էինք տանը ու ոչ մի բանով չէինք զբաղվում: Միայն սպասում էինք, թե երբ է վերջանալու այս ահավոր կարգավիճակը»:  

Հակոբն ապրում էր ընկերոջ հետ: Պատմում է, թե ինչպես են հերթով գիշերել՝ մոտալուտ վտանգը կանխելու համար. «2 ժամ ընկերս էր քնում, 2 ժամ` ես, ու այսպես` մոտավոր մի շաբաթ: Հետո արդեն սովորել էինք: Միշտ երեկոյան մինչև առավոտ լինում էին տագնապներ, ռմբակոծություններ, հենց մեր թաղամասում եղել են պայթյուններ: 9 օր ենք մնացել Կիևում, հետո զգուշացրին, որ շատ վտանգավոր է այստեղ մնալը, ու դուրս ենք եկել տնից»:

Հիշում է, թե ինչպես է արագ վերցրել առաջին անհրաժեշտության իրերը՝ դեղորայք, փաստաթղթեր, հագուստ, ու դուրս եկել, որովհետև այդ պահին միայն մտածել է կյանքը փրկելու մասին: «Երբ դուրս եկանք, շարունակվում էին ռմբակոծությունները, դրա համար մտել էինք նկուղ, որպեսզի թաքնվեինք ու սպասեինք, մինչև հանդարտվի: Հետո դուրս եկանք ու հասկացանք, որ ոտքով պետք է հասնենք կայարան, որ գնանք հանգիստ քաղաք, Կիևից հեռու: 15 կիլոմետր քայլել ենք մեր տնից դեպի կայարան ու մոտավոր 2-3 ժամում նոր հասել ենք: Որոշեցինք գնալ  Полтавская область»,-ասում է նա:

Գնացքներն աշխատում էին անվճար, և երբ հասնում էր, հայտարարում էին, թե կոնկրետ այդ գնացքը որ քաղաք է գնում: «Պետք է արագ մտածեիր՝ քեզ հարմա՞ր է այնտեղ մեկնել, թե՞ ոչ: Ահավոր շատ էին մարդիկ, առաջինը թողնում էին միայն կանանց իրենց երեխաների հետ, իսկ տղամարդկանց հարցն արդեն երկրորդային էր: 3-4 ժամ սպասելուց հետո նոր նստել ենք, արդեն էլ հույս չունեինք, որ կնստեինք: Ճանապարհին, 2 ժամ հետո իմացանք, որ կայարանում հրթիռ է ընկել, այն տեղում, որտեղ մենք կանգնած էինք: Այնպիսի վիճակ էր, որ մենք չգիտեինք, թե ինչ կլիներ մեզ հետ 5  րոպե հետո»,-շարունակում է Հակոբը:

Պոլտավայի մարզում մնացել է 3-4 օր.  «Հետո ես որոշեցի, որ այլևս չեմ ուզում մնալ Ուկրաինայում, հասկանում էի, որ այս ամենը երկար է տևելու, իսկ իմ հոգեկանն էլ արդեն խանգարվում էր տագնապներից: Գնացքով մեկնել եմ Լվով, այնտեղից էլ դուրս եմ եկել Եվրոպա»:

Պատերազմի տագնապալի օրերից հիշում է, թե ինչպես է հաց թխել սուպերմարկետի դիմաց ու բաժանել ծերերին: Աշխարհի տարբեր ծայրերից իրեն ուղարկված օգնության մի մասն էլ ուղարկել է ուկրաինական բանակին:

Ասում է` պատերազմը սովորեցրեց գնահատել կյանքի ամեն վայրկյանը:

Ալվարդ Բաղդասարյան

3-րդ կուրս

Կիսվել