Մշակույթ՝ վերածված ինքնաարտահյտման միջոցի

Մշակույթ՝ վերածված ինքնաարտահյտման միջոցի

670

Մարմնի զարդարումը միայն վերջերս է դարձել հնագետների լուրջ գիտական հետազոտությունների առարկա: Փիրսինգն իր պատմությունը «կապում է» աֆրիկյան ցեղերի և Պոլինեզիայի ժողովուրդների հետ: Մաասայի ցեղի ներկայացուցիչներն առաջինն էին, որ զարդեր մտցրեցին ականջների և շուրթերի մեջ: Նրանց կիրառած մեթոդներն այսօր հայտնի են որպես թունելներ, շրթունքների փիրսինգ: Գիտնականները կարծում են, որ զարդերի չափը և ծակոցների քանակը խոսում էին մարդու սոցիալական կարգավիճակի մասին:

Չնայած այն բանի, որ մարմնի փիրսինգը ավելի ու ավելի լայն տարածվածություն է ստացել, այն դեռ հակասություններ է առաջացնում։ Որոշ երկրներ օրենքներ են մտցնում համաձայնության տարիքի մասին, որոնք պահանջում են անչափահասների ծնողների թույլտվությունը՝ մարմնի վրա փիրսինգ անելու համար։

Մարմնի փիրսինգը որոշ կրոններում համարվում է մարմնի համար կործանարար։ Աստվածաշնչի որոշ հատվածներ, ներառյալ Ղևտացոց 19.28-ը, մեկնաբանվել են որպես մարմնի փոփոխությունն արգելող, քանի որ մարմինը համարվում է Աստծո սեփականությունը։

Հայաստանում նույնպես փիրսինգների սիրահարների թիվը քիչ չէ, սակայն պետք է չմոռանալ նաև դրա վտանգավոր ազդեցությունների մասին:

Փիրսինգների վտանգավորության և ռիսկերի մասին մեզ հետ զրույցում բժիշկ/մաշկաբան Կարինե Կիրակոսյանը նշեց.

«Փիրսինգ անել կամ չանելու պատճառները տարբեր են։ Որոշ մարդիկ դա անում են կրոնական կամ հոգևոր պատճառներով, իսկ մյուսները՝ հանուն ինքնարտահայտման, իրենց մշակույթին համապատասխանելու համար։ Փիրսինգի որոշ ձևեր մնում են հակասական, հատկապես երիտասարդության համար։ Փիրսինգ ունենալու կամ այն ցուցադրելու հնարավորությունները սահմանափակվում են դպրոցների, գործատուների և կրոնական խմբերի կողմից»։

Այնուամենայնիվ, շատ հաճախ փիրսինգներ ունեցող անձանց մոտ առաջանում են բարդություններ, ալերգիկ ռեակցիաներ: 2005 թվականին Անգլիայում անցկացված հարցումի ժամանակ, որին մասնակցել է փիրսինգ ունեցող 16 տարեկանից բարձր 10 503 մարդ՝ փաստել են, որ նրանցից 31%-ի դեպքում գրանցվել են բարդություններ, իսկ՝ 15․2%-ին անհրաժեշտ են եղել մասնագիտական օգնություն։ 0.9%-ի մոտ եղել են շատ մեծ բարդություններ և հոսպիտալիզացման կարիք է եղել։

«Ալերգիկ ռեակցիաներ փիրսինգի զարդերի նկատմամբ առաջանում են դրանց մեջ գտնվող մետաղից՝ մասնավորապես նիկելից։ Այս ռիսկը հնարավոր է նվազագույնի հասցնել՝ օգտագործելով տիտանի կամ նիոբիում կամ նման իներտ մետաղներից պատրաստված բարձրորակ զարդեր»,-նշեց Կարինե Կիրակոսյանը:

Ամենատարածված փիրսինգի ձևերից մեկը բերանի հատվածում, մասնավորապես շրթունքին և լեզվին արվող փիրսերն են: Սակայն փիրսինգի այս տեսակը այնքան էլ անվտանգ չէ։ Շվեյարացի գիտնականները պարզել են, որ լեզվի վրա փիրսինգ ունեցող մարդիկ ավելի հաճախ են տառապում ատամների, լնդերի տարատեսակ հիվանդություններից, լնդերի արյունահոսություններից ու բերանի խոռոչում բորբոքային գործընթացներից, քան նրանք, ովքեր չունեն փիրսինգ լեզվին։

«Բերանի տրավմա, ներառյալ գեղձի հյուսվածքի և ատամնաբուժական կոտրվածքների և մաշվածության առկայություն։ Որոշ դեպքերում ալվեոլային ատամի ստորին ոսկորը նույնպես կարող է վնասվել՝ վտանգելով տեղում առկա ատամների կայունությունն ու ամրությունը և պահանջում է պարբերական վերականգնման վիրահատություն : Ատամնաբուժական կոտրվածքն ու մաշվածությունն առաջանում են շրթունքների և (կամ) ներբնական զարդերով առարկաների 14%-ից 41%-ի վրա»,- պարզաբանեց մաշկաբանը:

Անկախ առկա վտանգներից ու ռիսկերից, մեր հերոսը՝ Մարիանան շարունակում է մնալ փիրսինգի մոլի սիրահար և մտածել հաջորդ հնարավոր փիրսի մասին:

«Ես ունեմ մոտավորապես 15 փիրս, սակայն նրանց թիվը երբեք կայուն չի մնում: Առաջին փիրսը, որպես ավանդույթ սովորական ակնջօղն էր, չնայնած որ հասարակության մեծամասնությունը այն չի ընկալում որպես փիրսինգ: Հետագայում ականջներիս վրա ավելացավ փիրսերի թվերը, ու դա կարծես դարձավ մոլուցք»:

Հայ հասարակությունը ոչ միշտ է դրական արձագանքում մարմնի փոփոխություններին, նամանավանդ հայ ծնողները ոչ միշտ են միանգամից համակերպվում իրենց երեխաների նման փոփոխություններին:

«Քանի դեռ փիրսերը միայն ականջիս էին, ծնողներս նորմալ էին վերաբերվում դրան: Հիշում եմ, երբ շրթունքիս փիրսինգ արեցի, երկար քայլում էի փողոցներում ու մտածում սպասվող արձագանքի մասին: Արձագանքն էլ հենց էնպիսին էր, ինչպես մտածում էի. թե սա այլանդակում է դեմքս, մեր ազգային արժեքներին դեմ է և այլն: Սակայն հիմա կարծես թե համակերպվել են, որ ամեն դեպքում մարմինն իմն է,և կարող եմ անել այն,ինչ ուզում եմ»,-նշում է մեր հերոսուհին:

Ի տարբերություն Մարիանայի՝ մեր հաջորդ հերոսի՝ Մերի Մարտիրոսյանի համար փիրսինգը բացի դեմքի զարդ լինելուց, նաև մասնագիտություն է:

«Ինձ համար փիրսինգը արվեստի յուրահատուկ ճյուղ է, ինքնաարտահայտվելու հիանալի միջոց: Փիրսինգը դարերի պատմություն ունեցող մշակույթ է, և միայն միտքը, որ ինքս արդեն այդ մշակույթը շարունակողն եմ, անտանելի մոտիվացնում է: Սակայն իմ սուբյեկտիվ կարծիքով ամեն դեպքում ցանկացած մշակույթ էլ պետք է լինի չափերի մեջ»:

Պաշտոնապես անվանվելով «Ամենաշատ փիրսված կինը», Էլայն Դևիդսոնը Բրազիլիայից պահում է Գինեսի համաշխարհային ռեկորդը մշտական փիրսինգների քանակով, առաջին անգամ սահմանելով այդ ռեկորդը 2000 թվականին 462 մարմնի փիրսինգով Գինեսի դատավորների ստուգումից հետո, ընդ որում 192-ն այն ժամանակ նրա գլխի և դեմքի շուրջ էին։ 2006 թվականի հունիսի 8-ի դրությամբ նա՝ ըստ Գինեսի հավաստագրումի, Դևիդսոնն ունեցել է 4,225 փիրսինգ։ 2009 թվականի փետրվարին The Daily Telegraph-ը հայտնել է, որ այդ քանակը հասել է 6,005-ի։

Հարցին, թե արդյոք առանց բժշկական կրթության անվտանգ է փիրսինգներ անելը Մերին պատասխանեց.

«Չեմ կարծում, որ փիրսինգ անելու համար կարիք կա 6 տարի և ավելի սովորել:Մի քանի նրբություններ պետք է ուսումնասիրել և վերջ: Եվ վերջ ի վերջո այցելուին շատ ավելի կարևոր է մաքրությունը, ստերիլությունը, քան դիպլոմը: Իմիջայլոց առաջին ու մշտական այցելուս էլ մայրս է»,- պատասխանեց Մերին:

Մարմնի ժամանակակից փիրսինգի մեթոդներն ընդգծում են մարմնի փիրսինգի համար անվտանգ նյութերի օգտագործումը՝ հաճախ օգտագործելով այդ նպատակի համար նախատեսված մասնագիտացված գործիքներ։ Մարմնի փիրսինգը որոշ չափով ռիսկային է, և կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիա, վարակ, ավելորդ սպիացում և չնախատեսված ֆիզիկական վնասվածքներ, սակայն այնպիսի նախազգուշական միջոցներ, ինչպիսիք են փիրսինգի սանիտարական ընթացակարգերը և մանրակրկիտ հետագա խնամքը, ընդգծվում են, որպեսզի նվազագույնի հասցվի լուրջ խնդիրների առաջացման հավանականությունը:

Դանիելա Զանազանյան

3-րդ կուրս

Կիսվել