ԱՄԵՆ ՆՈՐԸ ԼԱՎ ՄՈՌԱՑՎԱԾ ՀԻՆՆ Է

ԱՄԵՆ ՆՈՐԸ ԼԱՎ ՄՈՌԱՑՎԱԾ ՀԻՆՆ Է

2569

Մասնագիտությամբ նկարիչդիզայներ Լիլիթ Մելիքյանը սիրում է ամեն տեսակ հինը, ազգայինը։

Այսօր «Տերյան» մշակութային կենտրոնը զբաղվում է ազգային հագուստի վերածնունդով, այսինքն ստեղծում է ժամանակակից հագուստ, որտեղ առկա են հայ ազգային հագուստի տարրեր։ Կենտրոնի փոքրիկ արվեստանոցում աշխատում են դերձակներ, նկարիչներ, տիկնիկագործ, գորգագործ։

 – Ինչպե՞ս ստեղծվեց մշակութային կենտրոն ստեղծելու գաղափարը։

– Մշակութային կենտրոն ստեղծելու միտքն ինձ չի պատկանում, այն մեր նախագահ-արվեստաբան, «Տերյանաբան» Առուշան Հակոբյանի մտահաղացումն է եղել։ Դրա համար էլ զարմանալի չէ, որ կենտրոնն անվանակոչվեց հայ մեծագույն պոետ Վահան Տերյանի անունով։

Մշակութային կենտրոնը մի վայր է, որտեղ մարդիկ սերտորեն առնչվում են հայ ազգի ու մշակույթի հետ։ Որքանո՞վ է հետաքրքրությունը մեծ հին մշակույթի նկատմամբ։

– Կարծում եմ, որ այսօր հինը նորաձև է, տարազը շատ գեղեցիկ հագուստ է։ Տարազային հագուստները մեր առօրյա կյանքում ևս մեծ տեղ ունեն։ Մնում է միայն նորը համադրել մոռացված հնի հետ և այն նորաձև կլինի։

Ազգային հագուստի մասին գիտելիքներ հավաքելու և այն նոր շնչով ներկայացնելու համար որտեղի՞ց եք օգտվում։

– Կարդում եմ գրքեր, հագուստներ եմ ուսումնասիրում, թանգարաններ այցելում։

Ձեր հավաքածուն ցուցադրվել է նաև այլ երկրներում, ինչպիսի՞ն էին արձագանքները։

– Արտերկրի հայ համայնքն ավելի ոգևորությամբ է ընդունում ամեն տեսակ հինը, նրանք հայկական մշակույթն ավելի բարձր են գնահատում։ Շատ համայնքներ մեր ստեղծած հագուստների կրկնօրինակն ունենալու ցանկություն են հայտնել։

Երբևէ մտածե՞լ եք զանգվածային արտադրության համար մեկ այլ գործարան բացելու մասին։

– Ես իմ նկուղից հեռանալու մասին երբեք չեմ մտածել։ Այստեղ հարմար է, ես իմ տանն եմ։ Էստեղ ես իմ տերն եմ, զբաղվում եմ այն ամենով, ինչ ուզում եմ։

Չնայած, որ կենտրոնն ի սկզբանե ստեղծվել է Վահան Տերյանի թողած ժառանգությունը հասարակությանը ներկայացնելու համար, այստեղ հաճախ անցկացվում են հայկական տարազի մասին դասախոսություններ և ազգային պարերի ու երգերի երեկոներ։

 

Մարիամ Ալոյան

5-րդ կուրս

Կիսվել