Թափառող շները խնդիրներ են առաջացնում Երևանցիների համար

Թափառող շները խնդիրներ են առաջացնում Երևանցիների համար

879

Շների կծոցներ, կատաղախտ, լոպտոսպիրոզ․ այս բոլորը ռիսկային են այն մարդկանց համար, ում բնակության վայրում առկա են թափառող կենդանիների մեծ խմբեր։ Խնդրահարույց են նաև տարածքների համար կռիվ տվող փողոցային շների հաչոցները, որոնք նույնպես անհարմարություն են ստեղծում տեղի բնակիչների համար։

Բյութի բլոգեր Աննա Աբաջյանը մեկն է Երևան քաղաքի այն բնակիչներից, ով ամեն առավոտ վախով է տանից դուրս գալիս և գնում աշխատանքի։ Մեզ հետ զրույցում Աննան պատմեց, որ երբեմն շներն այնքան շատ են լինում, որ վախից վերադառնում է տուն. «Ատում եմ թափառական շներին։ Կես մարդ եմ դառնում ամեն անգամ տանից դուրս գալուց։ Եթե փողոցներում մարդիկ չլինեն, հիմա ինձ շները վաղուց հոշոտել էին։ Հետո էլ ասում են, որ բան չես անում չեն կծում, սա արդեն որերորդ դեպքն է՝ իմ համար փորձում եմ անցնել, իրենց շրջանցել, մեկ էլ վազելով, հաչելով գալիս են՝ միանգամից 5-6 շուն»։ Երևանի տարբեր փողոցներ օրեցօր ավելի վտանգավոր են դառնում թափառող շների պատճառով։ Շների կուտակում ու ակտիվացում նկատվում է հատկապես առավոտյան և երեկոյան ժամերին։

«Մենք կենդանի շատ ենք սիրում, հատկապես աղջիկս, բայց ամեն օր ժամը 08։30-ի սահմաններում, երբ ճանապարհում եմ դասի, շների խմբին տեսնելով, վախից դողում է բալիկս։ Տարածքում հասուն մարդիկ են լինում, ովքեր անգամ չեն մոտենում, պատուհանից նայողներն էլ հազիվ ասում են՝ հա դե շուն ա էլի։

Մենակ ոչ զարգացած երկրներում են անտեր ու թափառական շները, Եվրոպայում նման բանի չես հանդիպի»,- մեզ հետ զրույցում պատմեց Երևանի ՀԱԹ թաղամասի բնակչուհի տիկին Նաիրան։

Երևանի մեկ այլ բնակչուհի, ով ապրում է Արաբկիրի շրջանում, զրույցի ընթացքում նշեց, որ բակում և դպրոցի մոտակայքում շների առատության պատճառով հաճախ տղային չի ուղարկում դպրոց և ոչ էլ հանգիստ սրտով կարողանում է թողնել բակային խաղերին մասնակցելու. «Ախր ինչի՞ պայմաններ չեն ստեղծում էդ կենդանիների համար, ես չեմ ասում սպանեն, վերացնեն, միայն ուզում եմ՝ պայմաններ ստեղծեն էտ կենդանիների համար։ Համ իրենք են մեղկ, որ տանջվում են սոված-ծարավ, անտուն, համ մենք ենք մեղկ, որ վախը սրտներումս ենք քայլում։ Պատահում է, որ տղայիս նույնիսկ դպրոց չեմ տանում, քանի որ մեր փողոցում 30-ից ավել շուն կա, իսկ դպրոցի բակում 3-4 երեխայի քրքրել են, մարդ վախենում է դուրս գա մաքուր օդի զբոսանքի»։

Բայց միայն թափառական շների հարձակումը չէ, որ անհանգստացնում է քաղաքացիներին։ Նույն թաղամասում ապրող շատ բնակիչների էլ անհանգստցանում և խանգարում է թափառական շների հաչոցները գիշերային ուշ ժամի։ Եթե ագրեսիայի դեպքում խնդրով զբաղվողները կարող են միջամտել, ապա գիշերային հաչոցների դեմ պայքարի միջոց չկա։ Մեր հաջորդ զրուցակիցը 70 ամյա Օվսաննա տատիկն է, ով նեղսրտում է շների հաչոցներից, ինչը մինչև լուսաբաց չի դադարում և չի թողնում քնել. «Ամբողջ գիշեր շների ձայնից չենք կարողանում քնել, եթե չիմանայինք, որ շներ են, կմտածեինք՝ գայլերի ոհմակ է, այնքան ուժեղ են հաչում»։ Շարունակելով խոսքը՝ տիկին Օվսաննան նշեց, որ դիմել են Երևանի քաղաքապետարան խնդրին որևէ լուծում գտնելու համար, բայց նրանց պատասխանել են, որ շուն չկա, որը չի հաչում, դա էլ շների հաղորդակցման միջոցն է, և այդ հարցով նրանք ոչինչ չեն կարող անել։

Այս ամենին զուգահեռ սոցիալական ցանցերում կտրուկ ավելացել են երևանցիների դժգոհությունը պարունակող գրառումներն ու դրանց շուրջ քննարկումները։ Բնակիչներն ահազանգում են, որ քաղաքում նկատվում է թափառող շների խմբերի աճ, պատմում են շների ագրեսիվ պահվածքի և որոշ դեպքերում նաև մարդկանց վրա հարձակման դեպքերի մասին։

Այս և այլ շատ մեկնաբանություններ դարձել են «Մենք և մեր կենդանիները» ֆեյսբուքյան խմբի անդամների քննարկման առարկան։ Ինչպես երևում է մեկնաբանություններից, Խմբի անդամները շատ կոպիտ են արտահայտվել. վիրավորել են, ծաղրել և նույնիսկ անիծել ու մահ են ցանկացել թափառական շների վտանգավորության հարցը բարձրաձայնող ֆեյբուքյան հայ օգտատերերին։ 

Այս ամենից կարող ենք հասկանալ, որ թափառող շները պատճառ են հանդիսանում, որպեսզի հասարակության տարբեր շերտեր սկսեն իրար վիրավորել, վատաբանել և նույնիսկ սպառնալ սոցցանցերում։

Հասկանալու համար, թե խնդրի լուծման ինչ տարբերակներ են գործածում և առաջարկում պատկան մարմինները, կապ հաստատեցինք Երևանի քաղաքապետարանին կից գործող «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի լրատվության վարչություն։ Մեզ հետ զրույցում լրատվության վարչության աշխատակիցը, իրավիճակը մանրամասն ներկայացնելով, ասաց, որ խնդիրը շղթայական բնույթ ունի, և խնդրի լուծման գործում ներդրում պիտի ունենան նաև հարակից մարզերը, հնարավորինս պետք է կանխվի շների միգրացիան. «Ապացուցված փաստ է, որ մինչև չլինի համակարգային մոտեցում, խնդրի լուծման արդյունավետությունը այնքան չի լինի, ինչքան որ ակնկալվում է։ Եթե Երևանին հարակից մյուս համայնքներն էլ քայլեր ձեռնարկեն խնդրի լուծման համար, մենք կկարողանանք արդյունքի հասնել։ Կարևոր գործոններից մեկն այն է, որ աշխատանքները տարվեն համակարգային՝ Երևանին հարակից մարզերի բնակավայրերի կողմից։ Մենք մեր պարտականությունները կատարում ենք Երևանի տարածքում, բայց հարակից մարզերից շները գալիս են Երևան, և այդ հոսքը վերահսկել կամ կառավարել ֆիզիկապես անհնար է»։

Հարցին, թե ինչ նոր ծրագրեր են մշակվում կամ գործարկվում ՀՈԱԿ-ի կողմից, աշխատակիցը պատասխանեց, որ ծրագրեր մշակվում են, բայց ժամանակ և ռեսուրսներ են անհրաժեշտ դրանք իրագործելու համար, իսկ այս պահին նախարարությունն այդքան ֆինանսներ չունի. «Քանի որ մենք ֆինանսապես բոլոր հարցերը միանգամից լուծելու հնարավորություն չունենք, գնացել ենք այն ռազմավարությանը, որ հինգ տարվա ընթացքում մեր կլինիկայի մասնագետների կողմից ստերջացման եղանակով աստիճանաբար շները պետք է սերնդազրկվեն և տարիների ընթացքում գլխաքանակը պետք է հասցվի նվազագույնի»։ Լրատվության բաժնի աշխատակցի հետ խոսեցինք նաև ՀՈԱԿ-ի կողմից վերջերս գործարկված ծրագրի մասին. «Վերջերս գործարկվել է շների կացարնային հատվածը, որտեղ շները խնամքի տակ են, սնունդ են ստանում, վանդակներում են պահվում։ Կենդանիներին պահելու համար ՀՈԱԿ-ն ունի անհրաժեշտ սնունդ և համապատասխան բոլոր միջոցները: Իհարկե սա վերաբերում է այն կենդանիներին, որոնք ավելի շատ հոգածության կարիք ունեն։ Մենք բոլոր կենդանիներին միանգամից այդ եղանակով չենք կարող պահել, դա շատ ժամանակ և ռեսուրսներ պահանջող գործընթաց է»։ Անդրադառնալով շների կծելու մասին ստացված բողոքներին՝ աշխատակիցը վստահեցրեց, որ այդ բողոքները չափազանցված են, և շները չեն կարող հենց այնպես հարձակվել ու կծել, եթե մարդը չհրահրի, չխփի. «Շների կողմից հարձակման կամ կծելու դեպքեր գրեթե չեն լինում, քանի որ նրանք ստերջացված են և սրսկված ագրեսիայի դեմ։ Ավելի շուտ մեր համաքաղաքացիներն են դրսևորում ոչ ադեկվատ վարք, խփում են քարերով, արհեստականորեն առաջացնում ագրեսիա ու շներին դրդում հարձակման։ Բայց եթե այնուամենայնիվ կա շների հարձակման դեպք և բժշկի տեղեկանք շան կծոցի վերաբերյալ, ապա այդ շունը պահվում է կլինիկայում, բուժում է անցնում։ Բուժումից հետո, եթե ագրեսիան չի նվազում, ապա շունը քնեցվում է, քանի որ վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի համար։ Պրոֆեսիոնալ մոտեցումը դա է՝ ագրեսիա դրսևորող շանը անվտանգ դարձնելու, հասարակությունից հեռվացնելու համար քնեցնել»։

Հնդկաստանի քաղաքներից մեկում գործող կենդանիների խնամքի և օգնության կենտրոնը հոդված  է հրապարակել, որտեղ ներկայացնում է այն հիմնական պատճառները, թե ինչու են թափառող կենդանիների մեծ քանակությունները զարգացող երկերներում։ Առաջին պատճառն այն է, որ թափառող կենդանիները կարողանում են հեշտությամբ սնունդ գտնել։ Մեծ քանակությամբ աղբը սննդի առատ աղբյուր է, ինչը թույլ է տալիս նրանց գոյատևել փողոցներում։ Հաջորդը՝ շների արագ բազմանալու ունակությունն է։ Տարվա մեջ երկու անգամ թափառող էգ շունը կարող է ունենալ 6-9 ձագ։ Այսինքն, թափառող շան զույգը կյանքի ընթացքում կարող է 80-90 ձագ ունենալ։ 3-րդ պատճառն էլ այն է, որ թաղամասի բնակիչները, խանութպանները և այլք կենդանիներին մշտապես կեր են տալիս և խնամում՝ այդպիսով նրանց պահելով և ընտելացնելով տվյալ տարածքին։

Նարե Բաբերյան

4-րդ կուրս

Կիսվել