«Մանուկ տարիքից խոսք առնելը, կամ ծանոթ միջավայրում երեխային ամուսնացնելը դեռ մնացել են...

«Մանուկ տարիքից խոսք առնելը, կամ ծանոթ միջավայրում երեխային ամուսնացնելը դեռ մնացել են եզդիական համայնքում»

743

Journalist.am-ի զրուցակիցը Երևանի պետական համալսարանի ուսանողուհի, ազգությամբ եզդի Լենա Միրզոյան է։ Մեր զրուցակցի հետ փորձել ենք ներկայացնել եզդիների մշակույթը, ավանդույթները և կանանց դերը եզդիական հասարակությունում։

-Ովքե՞ր են եզդիները։

-Ըստ եզդիական աղոթքների՝ եզդիները առաջացել են դեռ այն ժամանակ, երբ Աստված դեռ չէր ստեղծել Ադամին: Եզդիները առանց պետականության մնացած ազգի ներկայացուցիչներ  են, ովքեր տեսել են 75 ցեղասպանություն և հենց այդ պատճառով էլ սփռված են աշխարհով մեկ: Ինչպես ցանկացած հին պատմություն ունեցող ազգ կամ ժողովուրդ, տարբերվում են իրենց ավանդույթներով, կրոնով, մշակույթով և ապրելակերպով:

-Պատմեք Ձեր կրոնի մասին։

-Կրոնի մասին կարծրատիպերը չափազանց շատ են: Մեր կրոնի հիմքում ընկած է միաստվածություն գաղափարը: Կրոնն այն հիմքն է, որը հազարամյակներ շարունակ պահել է եզդիների ազգային դիմագծերը: Կրոնական արգելքների միջոցով եզդիները փրկվել են ձուլվելուց: Կրոնից էլ բխում են եզդիների հիմնական տոները, ավանդույթները և դրանց պահպանման անպայմանությունը:

-Ճի՞շտ է, որ եզդիական հասարակությունը բաժանված է հոգևոր և աշխարհիկ դասերի, և նրանց միջև ամուսնություններն անհնար են այնպես, ինչպես եզդիի ամուսնությունն օտարի հետ։

-Ճիշտ է: Եզդիները բաժանված են երեք խմբի՝ Շեխերի, Փիրերի և Մրիդների: Շեխերն ու փիրերը հոգևոր դասի ներկայացուցիչներն են, մրիդները՝ աշխարհիկ: Շեխը պետք է ամուսնանա շեխի հետ, փիրը՝ փիրի իսկ մրիդը՝ մրիդի: Կրոնը արգելում է նրանց միջև ամուսնությունները, ինչպես նաև այլ ազգի հետ ամուսնությունը: Սրանք մեծ մեղքեր են, որ չպետք է եզդին գործի: Այս երեք արգելքները չպահելը զրկում է Եզդի մարդուն Շարֆադին կրոնի հետևորդը մնալուց: Շարֆադինը փակ կրոնական համակարգ է, և եթե դու չես ծնվել եզդի, չես կարող այս կրոնի հետևորդ լինել և եթե դուրս ես գալիս այս կրոնական համակարգից, ապա վերադառնալ չես կարող:

-Իսկ այլ ի՞նչ ավանդույթների եք հետևում:

-Ավանդույթների չենք հետևում, հետևում ենք մեր ամենազոր Աստծուն, ում էլ կոչում ենք Խուդե:

-Ձեր կարծիքով՝ ձեր ժողովրդին հաջողվու՞մ է պահպանել իր յուրահատկությունը ժամանակակից իրողություններում։

-Կարծում եմ՝ այո: Ինչպես նշեցի` յոթանասուն հինգ անգամ ցեղասպանության ենք ենթարկվել, կորցրել գիր ու մատյան, բայց այնուամենայնիվ մեր շեխերն ու փիրերը, մեր մեծերը  կարողացել են բանավոր ավանդությունների միջոցով տեղ հասցնել նոր սերնդին կրոնն ու այն ամենը, ինչ պետք է ունենա և իմանա եզդի մարդը: Կան շատ ավանդույթներ, տոներ, որ մեռացվել են, սակայն գլխավոր տոներն ու ավանդույթները սրբորեն պահում ենք:

-Ինչպե՞ս է ընկալվում կնոջ դերը եզդիական հասարակության մեջ։

-Կան շատ կարծրատիպեր, որ կինը կոպիտ ասված նվաստեցված է եզդիական համայնքում, սակայն կնոջ դերը շատ կարևոր է յուրաքանչյուր եզդի մարդու օջախում: Դեռ հին ժամանակներից եզդի կինը կարևորվում էր ընտանիքում, հավասարության պահպանման, տան մաքրության, ճիշտ կենցաղավարման մեջ: Յուրաքանչյուր եզդի կին ընտանիքում կարևոր դեր ունի:

-Ինչպե՞ս են ազդում վաղ ամուսնությունները և անավարտ դպրոցական կրթությունը եզդի կանանց՝ հասարակական կյանքում ունեցած դերի վրա։

-Կա թյուր կարծիք, որ վաղ ամուսնությունը ավանդույթ է կամ կրոնական պահանջ: Կրոնը միշտ խրախուսել է կրթությունը, հատկապես՝ կանանց շրջանում:
Սակայն հնուց մանուկ տարիքից խոսք առնելը, կամ ծանոթ միջավայրում երեխային ամուսնացնելը դեռ մնացել են եզդիական համայնքում: Հիմա շատ երիտասարդներ փորձում են դեմ գնալ այս որոշումներին և գնալ դեպի հուսալի ապագան: Կրթությունից դուրս մնալը յուրաքանչյուր համայնքում իջեցնում է զարգացվածության մակարդակը: Ուստի կարևոր է սերունդների կրթվածության աստիճանը՝ զարգացած համայնք ունենալու համար:

-Ինչպե՞ս են խախտվում եզդի աղջիկ երեխաների իրավունքները։

-Կրթության իրավունքը շատ է խախտվում եզդիական համայնքում, հիմնականում մարզային  բնակավայրերում: Կարծում եմ՝ եթե օրենքը կարողանա ազդել դպրոցներից եզդի երեխաների արտահոսքի դեմ, ապա իրավունքների խախտման դեպքերը կպակասեն:

-Իսկ երբևէ բախվե՞լ եք խտրականության ձեր ազգային պատկանելիության պատճառով։

Դեռևս 100 տարի առաջ իմ պապերը Արևմտյան Հայաստանի տարածքից եկան Հայաստան և հիմնական բնակություն հաստատեցին այստեղ։ Պապիկս միշտ պատմում է, որ հենց այդ ժամանակներից երբեք որևէ խտրական վերաբերմունքի չեն արժանացել հայերի կողմից։ Ես էլ, ապրելով այստեղ, շատ ակտիվ հասարակական գործունեություն եմ ծավալում Հայաստանում, ընկերներիս մեծ մասը հայեր են, և երբեք ինձ «ուրիշ» չեմ զգացել։ Սակայն սուբյեկտների կողմից երբեմն կարող են լինել այլ կարծիքներ, ինչը կհանգեցնի խտրականության, դա էլ կարծում եմ գալիս է կարծարատիպերից։

Տաթևիկ Գաբրիելյան

4-րդ կուրս

Կիսվել