Հարցազրույց հեռուստամեկնաբան Ավետիս Հարությունյանի հետ

Հարցազրույց հեռուստամեկնաբան Ավետիս Հարությունյանի հետ

822

Մի փոքր պատմեք Ձեր մասին:

-Ավարտել եմ Բրյուսովի Պետական համալսարանի միջմշակութային հաղորդակցություն և լրագրություն բաժինը՝ ստանալով բակալավրի կոչում, այնուհետև ընդունվել եմ Ամերիկյան Համալսարանի Քաղաքական գիտությունների ու միջազգային հարաբերությունների ֆակուլտետ՝ արդեն դառնալով մագիստրոս։ Ավարտել եմ սերտիֆիկացված կուրսեր Միացյալ նահանգներում, Այովայի նահանգային համալսարանում, որտեղ մեկնել եմ որպես երիտասարդ գրող՝ ուսումնասիրելու ստեղծագրություն։  Միշտ աշխատել եմ միաժամանակ մի քանի ընկերություններում, որոնք գրեթե միշտ եղել են միմյանցից շատ տարբեր։ Սիրում եմ կարդալ ու փորձում եմ ամեն շաբաթ առնվազն մեկ գիրք կարդալ. չի բացառվում, որ մի օր նորից կվերադառնամ գրելուն ու կփորձեմ վեպ գրել։ Սիրում եմ կարդալ սարսափ պատմվածքներ, դետեկտիվներ, թրիլլերներ:

-Ինչպե՞ս  որոշեցիք դառնալ լրագրող:

-Լրագրողի մասնագիտությունն ընտրել եմ դեռ դպրոցական տարիքում, երբ առաջին անգամ հնարավորություն ունեցա մասնակցել «Ստվեր» կարճամետրաժ ֆիլմերի փառատոնին, որտեղ առաջին հորիզոնական զբաղեցրի «Հին Աշակերտի պաշտոնը» դերով. նպատակը դպրոցական կյանքի խնդիրները գեղարվեստական լուծումներով ներկայացնելն էր։ Որոշեցի որ դառնալու եմ հետաքննող լրագրող, որը սոցիալական խնդիրների մասին դոկումենտալ ֆիլմեր կպատրաստի։ Սակայն Շեռլոկ Հոլմսի արկածներն ավարտվեցին այն ժամանակ, երբ աշխատանքի անցա հեռուստաընկերության լրատվական ծրագրում. դոկումենտալ ֆիլմերը դարձան օպերատիվ ռեպորտաժներ ու այդպես մինչև հիմա։

-Ի՞նչ հաջողություններ եք գրանցել այս բնագավառում:

-44-օրյա պատերազմի երկրորդ օրվանից մեկնել եմ Արցախ, լուսաբանել եմ պատերազմը, որի համար ստացել եմ «Տարվա լրագրող» մրցանակ 2021 թվականին։ Հիմա անգլերեն հոդվածներ եմ գրում միջազգային հայտնի մեդիաների համար, ինչն ինձ համար այս մասնագիտության ամենամեծ ձեռքբերումներից է։ Հիմնականում գրում եմ բրիտանական OpenDemocracy-ի համար։

-Ինչպե՞ս է ձևավորովում մեկնաբանի իմիջը  և անձնական բրենդը:

-Հատուկ իմիջ կամ եթերային իմիջ ունենալու մասին իմ պարագայում դեռ շատ շուտ է խոսել, բայց երկու տարի լուրերի մեկնաբան աշխատելով՝ հասկացել եմ, որ հեռուստադիտողն ուշադիր է քո հագուստի ամեն դետալին ու դեմքիդ ամեն միմիկային։ Բայց հատուկ չեմ կենտրոնացել իմիջի և բրենդ դառնալու վրա, որովհետև մեկնաբանի աշխատանքն ինձ համար լրագրության կարիերայի ընդամենը մի փոքրիկ փուլային բաղադրիչն է ու ոչ բարձրակետը։

Ի՞նչն է ապահովում հեռուստամեկնաբանի խոսքի վստահությունը։

-Հեռուստամեկնաբանը պետք է ամբողջությամբ տեղյակ լինի այն թեմայից, որի մասին խոսում է։ Լուրերի մեկնաբանները օգտվում են հուշարարից, ինչը ցանկացած պահի կարող է տեխնիկական խնդրի պատճառով խափանվել։ Մեկնաբանը պետք է կարողանա արագ կողմնորոշել այդ ընթացքում ու կարդալ թղթից կամ մտքերը շարադրել այնպես, որ եզրափակի նախադասությունը։ Ինձ հետ մի քանի անգամ պատահել է, երբ հուշարարը խափանվել է, ու ստիպված եմ եղել առանց իրար խառնվելու շարունակել աշխատանքս, որովհետև ուղիղ եթերում էի։

Քանի՞ տարի եք աշխատում հեռուստաեթերում:

-Հեռուստամեկնաբան աշխատում եմ 2 տարի, բայց լրատվական դեպարտամենտում եմ 2018 թվականից։ Մինչև հեռուստամեկնաբան աշխատելն ինձ շատ է օգնել ուղիղ եթերում որպես թղթակից աշխատելը, երբ դեպքի վայրից ուղիղ միացմամբ պատմել եմ կատարվածի մասին։

-Ինչպիսի՞ գունային հագուստ եq նախընտրում հեռուստաեթերի ժամանակ։ Որ գույներն եք հաճախ կրում:

-Հեռուստամեկնաբանի խոսքից բացի կարևոր է նաև ճիշտ հագուստ ընտրելն ու կրելը։ Կան կանոններ, որ հատկապես տղամարդ մեկնաբանների դեպքում չպետք է խախտվեն։ Օրինակ ընդունելի չէ նախշերով պիջակի հետ համադրել նախշերով վերնաշապիկ կամ նախշազարդ փողկապ։ Նախշերով կարող է լինել միայն մեկ դետալ՝ կա՛մ փողկապը, կա՛մ պիջակը, կա՛մ վերնաշապիկը։ Եթերում շատ վառ գույները կարող են շեղել հեռուստադիտողին, հենց այդ պատճառով էլ նախընտրում եմ ավելի պարզ ու միագույն հագուստ։ Հիմնականում կրում եմ սև, կապույտ կամ կարմիր պիջակներ, իսկ փողկապերը սովորաբար ընտրում եմ կա՛մ սև, կա՛մ կապույտ։

Ի՞նչն է կարևոր հեռուստամեկնաբանի աշխատանքում:

-Հեռուստամեկնաբանը պետք է իմանա, որ պարզապես տեքստ կարդացող չէ, այլ լրագրող։ Եվ լուրերը մեկնաբանելուց առաջ պետք է ինքը հասկանա՝ ինչի մասին է խոսում։ Հեռուստամեկնաբանը ինքը պետք է գրի իր տեքստերը, բացումները, որպեսզի դրանք հարմարեցնի իր ձայնին, շնչառությանը։

Սոնա Քյարունց

4-րդ կուրս

Կիսվել