Ինֆլյուենսերն անձ է, որն ունի իր հեղինակության, գիտելիքների, դիրքի կամ լսարանի հետ հարաբերությունների շնորհիվ այլ մարդկանց որոշումների վրա ազդելու ունակություն։ Ցանկացած բլոգեր, ով ունի իր լսարանը և մասնագիտանում է կոնկրետ ոլորտում, պոտենցիալ ինֆլյուենսեր է:
Սոնա Փարեմուզյանը անգլերենի մասնագետ է, ում ինստագրամյան կրթական բլոգն ունի ավելի քան 82 հազար հետևորդ։ Բլոգի ստեղծման, դժվարությունների և հաջողության գրավականի մասին զրուցել ենք ինֆլյուենսերի հետ։
Կրթական բլոգ․ սկիզբն ու խթանը
Ոգեշնչվելով իմ սիրելի համաշխարհային բլոգերներից, ովքեր անգլերեն են սովորեցրել՝ միշտ ցանկացել եմ Ինստագրամում որևէ տարբերվող, Հայաստանում եզակի էջ ունենալ, թեև հիմա անգլերենի ուսուցողական բլոգները բավականին շատ են։ Շատ անգամներ եմ էջեր բացել, կիսատ թողել։
2019 թվականին բլոգիս հիմքը դրվեց։ Սկզբում շատ էի վախենում՝ նամանավանդ տեսանյութեր նկարելիս։ Բայց երբ առաջին անգամ տեղադրեցի, և արձագանքը մեծամասամբ դրական եղավ, ոգևորվեցի։ Սկսեցի ավելի շատ աշխատել՝ առավել հետաքրքիր և իմաստալից նյութեր տեղադրելու համար։ Հետո կամաց-կամաց բլոգը հաջողեց և սկսեց զարգանալ։ Մարդկանց արձագանքը խթանեց, որ շարունակեմ գործունեությունը՝ այն դարձնելով ավելի մասշտաբային։
Պահանջը՝ տարբերվող և հիշվող
Բլոգի նպատակը ոչ թե հայտնի դառնալն է, այլ օգտակար նյութեր տարածելը։ Որպեսզի մարդիկ հասկանան, թե իրական անգլերեն սովորելու համար ինչ է անհրաժեշտ, և ինչ ջանքեր պետք է գործադրեն։
Դժվարությունները շատ են, նամանավանդ, երբ միայն դու գիտես՝ ինչ ես ուզում անել (չնայած երբեմն դու էլ չես հասկանում՝ ինչ է պետք), որովհետև ցանկանում ես՝ մարդիկ առավելագույնը քաղեն, գոհացնես նրանց։ Սկզբում նեղվում էի որոշ մարդկանցից՝ բացասական մեկնաբանություններ թողնելու պատճառով։ Բայց հետո համեմատելով դրական մեկնաբանությունների հետ՝ հասկացա, որ դրանք օվկիանոսում ընդամենը մի քանի փոքրիկ կաթիլներ էին։ Սկսեցի դրանց ուշադրություն չդարձնել․ հակառակը՝ օգտագործել իմ օգտին և ավելի կատարելագործել բլոգի նյութերը։ Դեռ շատ աշխատելու տեղ կա, բայց քանի որ տեսանյութերն ավելի առօրյա ոճի են և ոչ այդքան պրոֆեսիոնալ, ամեն ինչ ավելի հեշտանում է։
Մեկ այլ դժվարություն է՝ չեմ հասցնում պատասխանել հետևորդներիս հաղորդագրություններին։ Լսարանի հետ կապը պահելը մի փոքր բարդ է։ Շատ հաճախ ինձնից նեղանում են, նույնիսկ արգելափակում նամակներին չպատասխանելու պատճառով (ժպտում է)։ Միայնակ գործելը դժվար է․ չունեմ օգնական։ Հուսով եմ՝ մի օր կունենամ նրան, ով կհեշտացնի աշխատանքը, որպեսզի նեղացող հետևորդներ չլինեն։
Դժվարություն է նաև, որ նմանատիպ բլոգները, դասավանդող մասնագետները քիչ-քիչ ավելի են ակտիվանում, և դու պետք է փորձես անել ամեն բան տարբերվող և հիշվող լինելու համար։
Մոտ 2,5 տարում՝ 82 հազար+ հետևորդ
Չէի պատկերացնում, որ կարող եմ այսքան հետևորդներ ձեռք բերել․ երազանք էր ինձ համար։ Բայց ստավեց բնական կերպով․ ինձ օգնել են բլոգերներ, ովքեր, հավանելով էջս, այն տարածել են իրենց սոցցանցային հաշիվներում։ Այս ամենին նպաստել են նաև ինստագրամյան գովազդները և իմ տեսանյութերը։ Ինձ թվում է՝ հաջողելուս պատճառներից մեկը իմ մեծագույն սիրով ու նվիրվածությամբ գործելն է։ Դա էլ մարդիկ զգում են և հետևում ինձ։
Մեդիալսարանի հետ կապը
Օրվա մեծ մասը դասավանդում եմ։ Այս պատճառով շատ դժվար է Ինստագրամում ակտիվ լինելը, բայց փորձում եմ գոնե սթորիների միջոցով կապը պահել․ տարբեր քուիզներ տեղադրել, հարցեր հղել որոշ թեմաների վերաբերյալ՝ այդպիսով ձգտելով պահել լսարանի հետաքրքրությունը։
Մարտահրավերը
Պահել ամենը, ինչ ձեռք ես բերել․․․
Հասմիկ Անդրեասյան
4-րդ կուրս