«Ժողովրդական պարեր պարելուց բացի ուրիշ ոճի մեջ ինձ չեմ պատկերացնում»․ պարուհի Արփինե...

«Ժողովրդական պարեր պարելուց բացի ուրիշ ոճի մեջ ինձ չեմ պատկերացնում»․ պարուհի Արփինե Միկոյան

1018

Հայրեինքի սահմաներից դուրս ազգային մշակույթը և պարերը ժառանգներին փոխանցելու գործում շատ մեծ դերակատարություն ունի «Նուռ» օրինակելի պարային համույթը, որը գտնվում է Ռուսաստանի դաշնության Նովոռոսիսկ քաղաքում, գեղարվեստական ղեկավարն է Եսայան ՍՆ։  Իմ զրուցակիցն է «Նուռ» օրինակելի պարային համույթի սան Արփինե Միկոյանը։

-Ե՞րբ ծնվեց պարուհի դառնալու երազանքդ։

-Փոքր հասակում ինձ համար այնքան էլ երազանք չէր պարուհի դառնալը։ Տասնմեկ տարեկան էի, երբ մեր քաղաքում ստեղծվեց «Նուռ» օրինակելի պարային համույթը։ Այդ ժամանակ այդքան էլ տարված չէի պարով, բացի այդ ամաչկոտությանս պատճառով ինձ բեմում չէի պատկերացնում։ Եվ արդեն երեք տարի անց ես ինքս ցանկացա հաճախել պարի, այդ ժամանակվանից արդեն երազանք և ցանկություն դարձավ մեծ բեմերում պարելը։

-Քանի՞ տարեկանից եք սկսել զբաղվել պրոֆեսիոանալ պարով։

-Պարով սկսել եմ զբաղվել տասնչորս տարեկանից, բայց դա եղել է որպես հոբբի։ Արդեն տասնվեց տարեկանից սկսել եմ ավելի լուրջ վերաբերել պարին։ Սովորելուց հետո ինձ տրվեց դիպլոմ, որով արդեն ես ինքս կարող եմ զբաղվել պարուսուցմամբ։ Սա նույնպես երազանքին հասնելու մի մասն է։

Ժողովրդական պարից բացի էլ ի՞նչ պրոֆեսիոնալ պարով եք զբաղվում։

-Ժողովրդական պարեր պարելուց բացի ուրիշ ոճի մեջ ինձ չեմ պատկերացնում։ Երբեմն պարում եմ ժամանակակից պարեր, բայց նույնպես հայկական երգերի ներքո։ Չեմ կարող ասել, որ ժամանակակից պարն ինձ մոտ լավ է ստացվում, այնուամենայնիվ, ազգային պարն ինձ համար բոլորովին այլ աշխարհ է։

-Պարի հետ կապված ի՞նչ նպատակներ և ծրագրեր եք դրել Ձեր առջև հետագայում։ Այլ մասնագիտություն ձեռք բերելուց հետո երբևէ մտածե՞լ եք պարը թողնելու մասին։

-Պարը արդեն իսկ իմ առաջին մասնագիտությունն է, որի համար ես շատ հպարտ եմ։ Հույս ունեմ կկարողանամ համատեղել մյուս մասնագիտությանս հետ։ Սակայն ցանկություն ունեմ արդեն իսկ զբաղվելու պարի ուսոցմամբ։ Պարից հեռանալու մասին բոլորովին չեմ մտածում, քանի որ պարը իմ առօրյաի մի մասնիկն է։

Շատ հաճախ եք բախվու՞մ դժվարությունների մասնագիտական ոլորտում։

-Ոչ այդքան հաճախ։ Ինձ համար, որպես պարուհի, դժվարություն նույնիսկ եթե լինում է, աշխատում եմ դրական վերաբերվել դրան, քանի որ համարում եմ, որ այնտեղ, որտեղ չկա դժվարություն, դա ճիշտ ճանապարհը չէ։Եվ այդ խոչնդոտները հաղթահարելու համար շատ հաճախ դիմում եմ պարուսույցիս։

-Մինչ բեմ դուրս գալը եղե՞լ է մտահոգություն, որ կարող եք մոռանալ պարային քայլերը։

-Սկզբում, երբ նոր էի պարի ասպարեզում, լարվածությունը, մտահոգությունը շատ էր բեմ բարձրանալիս։ Իհարկե մտածել եմ, որ կարող է պատահի մոռանամ հերթականությունը, քայլերը, բայց այդպիսի դեպքեր շատ քիչ են եղել։

Որքա՞ն հաճախ են Ձեզ հրավիրում պարելու միջոցառումներին։

-Միջոցառումներին պարելուն այդքան էլ տուրք չեմ տալիս, պարարվեստի այդ կողմով կարելի է ասել տարված չեմ, ավելի շատ նախընտրում եմ մասնակցել մրցույթներին, որտեղ կարող եմ ցույց տալ հանդիսատեսին և ժյուրիի անդամներին պարային ունակություններրս՝ փոխարենը ստանալով նոր գիտելիքներ, իմանալ սխալների մասին և ուղղել դրանք։

-Ստացած մրցանակներից ո՞րն է ավելի տպավորիչ եղել։

-Շատ մրցանակներ ունեմ, բոլորն էլ ինձ համար կարևոր և տպավորիչ են, սակայն կա մեկը, որի մասին կուզեմ խոսել. դա Դոնի Ռոստովում կայացաց «Ворота кавказа» մրցույթն էր, բացի մրցանակից ստացել եմ նաև սերտիֆիկատ Մոսկվայի լավագույն պարուսույցի կողմից։

Լիլիթ Ասատրյան

4-րդ կուրս

Կիսվել