«Միշտ իմ առջև դնում եմ շատ դժվար բեմադրություններ»․պարուսույց Տաթև Միքայելյան

«Միշտ իմ առջև դնում եմ շատ դժվար բեմադրություններ»․պարուսույց Տաթև Միքայելյան

1258

Զրուցել ենք պարուսույց Տաթև Միքայելյանի հետ:

Պատմեք մի փոքր Ձեր մասին, ե՞րբ եւ ինչու՞որոշեցիք զբաղվել պարով։

-Լինելով շատ անկեղծ՝ կնշեմ, որ սկզբնական շրջանում ստիպելով են ինձ տարել պարի դասերի: Ես շատ սիրել եմ սպորտը, ավելի կոնկրետ՝ մեծ թենիս սպորտաձևը: Ծնողերիս ցանկությունն էր ինձ պարի տանելը, որպեսզի մի փոքր կտրվեմ սպորտից: 11 տարեկանում գնացի իմ անփոխարինելի պարի դպրոց՝ «Սոֆի Դևոյանի մշակույթի կենտրոն»: Շնորհակալ եմ Աստծուն, որ ծնողներս ընտրեցին  պարուսույց Գայանե Մարտիրոսյանին, ում շնորհիվ սիրահարվեցի պարարվեստին: Շատ կարևոր է ուսուցչի ճիշտ ընտրությունը: Հետագայում  համերգներից մեկի ժամանակ ինձ նկատում է լեգենդար ուսուցիչս և ասում՝ պարտադիր կգաս «Հոգու և պարի թատրոն»: Իրականում անսահման երջանիկ  և շատ զարմացած էի, որովհետև թատրոնում միայն շատ բարձրահասակ պարուհիներ են պարում, իսկ իմ հասակը  մտածում էի, որ չի  համապատասխանի: Ի ուրախություն ինձ  այնպես ստացվեց, որ իմ դեպքում բարձրահասակ լինելն այդքան էլ էական չէր: Ինձ սիրով ընդունեց, ես միշտ շնորհակալ կլինեմ իրեն: Հետագայում ընտրեցի պարը որպես մասնագիտություն և ընդունվեցի Երևանի պարարվեստի պետական քոլեջ: Այնտեղ նույնպես շատ կարևոր էր բացի պարային լավ տվյալներ ունենալուց նաև ունենալ 1.70-ից ավել հասակ: Երևի Աստծո կամքն էր, այստեղ էլ դա հաշվի չառան:

Ավարտելուց հետո ընդունվեցի թատերական ինստիտուտ, իսկ սովորելու վերջին տարիներին ընդունվեցի իմ սիրելի պարի դպրոցը, արդեն որպես պարուսույց: Ե.Թ.Կ.Պ.Ի-ն ավարտելուց հետո որոշեցի մագիստրարուրան սովորել Հայաստանից դուրս, ավելի ճիշտ ծնողներս այդպես ցանկացան: Կարճ ժամանակահատվածում մեկնեցի Մոսկվա և ընդունվեցի պարային լավագույն բուհերից մեկը: 3 տարի սովորելուց և ավարտելուց հետո վերադարձա հայաստան: Մինչ օրս աշխատում եմ «Սոֆի Դևոյանի մշակույթի կենտրոնում»:

Որքա՞ն ժամանակում են հարսիկները սովորում պարել, ի՞նչ դժվարությունների են բախվում ընդհանրապես պարել չիմացող հարսիկները։

-Հարսի պարին չպետք է վերաբերվես այնպես, ինչպես սովորական պարին: Հարսը տեղում անշարժ է մնում և մի քանի ձեռքի շարժում է անում…

Մեր պարի դպրոցը շատ լուրջ է վերաբերվում հարսի պար հասկացողությանը: Վերջնական արդյունքը այնքան գեղեցիկ է ստացվում, որ անգամ մարդիկ չեն հասկանում, հարսը հաճախել է պարի, թե ոչ: Ես շատ եմ զրուցում իմ հարսիկների հետ, բացատրում, որ հեշտ չի լինելու, որովհետև  միշտ իմ առջև դնում եմ շատ դժվար բեմադրություններ և ամեն ինչ անում, որպեսզի հարսիկը շատ մեծ պատվով ներկայացնի հարսանիքի օրը: Հիմնականում փորձերը տևում են 1 ամիս:

Ձեր հարսի պարը շատ յուրահատուկ եւ տարբերվող էր, որքա՞ն ժամանակ եք տրամադրել բեմադրությանը։

-Իմ հարսանիքին ես պատրաստվել եմ ընդամենը 2 շաբաթ, այդ ընթացքում իմ  քննական շրջանն էր: Ես վերադարձա Մոսկվայից 2 շաբաթ առաջ, բայց շատ երկար ժամանակ մտածել էի, թե ինչ հարսի պարով եմ ցանկանում ներկայանալ: Իրականում շատ մեծ թիմ է աշխատել իմ պարի համար: Ես ներկայացրել եմ, թե ինչ եմ ցանկանում, իսկ մասնագետները իրագործել են մտահաղացումս: Տեխնիկական հատվածի համար աշխատել է ռեժիսորական խումբ, իսկ պարային հատվածը իրագործել ենք Սոֆի Դևոյանի հետ միասին: Անգամ այդ պարի համար աղջիկների գլխազարդերը Սոֆի Դևոյանը պատրաստել է իր ձեռքերով:

Հաճախ զույգերը պարում են կաշկանդված, ինչպե՞ս եք կարողանում կաշկանդվածությունը անցկացնել։

-Հայ տղաներից շատ քչերն են համաձայնվում գալ և պարել սովորել, բայց երբ գալիս են, այնքան ուրախ և անմիջական են անցնում մեր դասերը, որ մոռանում են կաշկանդվածության մասին:

Բնութագրեք Ձեր ոճը՝ որպես պարուսույց:

-Եթե խոսքը հարսի պարերի մասին է, ապա մեր պարուհիները միշտ ծիծաղելով ինձ ասում են` մարտկոցը միացնենք ձեռքերին ու գնանք փորձ անելու, որովհետև հիմնականում իմ պարերը շատ խառն են: Երևի գեղեցիկ է ստացվում, որ շատ հարսիկներ են դիմում: Ես շատ եմ սիրում օգտագործել երաժշտության ամեն հնչյուն, անգամ եթե դա ինչ որ կտոց է: Այդ իսկ պատճառով իմ բեմադրած պարերում կտեսնեք բավականին հագեցած շարժումներ:

Հաճա՞խ են լինում դեպքեր, երբ հարսիկները լարվածության պատճառով սխալվում են պարելիս:

-Նման դեպք դեռ չեմ ունեցել:

Որքանո՞վ է կարևոր ազատությունն ու վստահությունը պարում:

-Իհարկե առաջնային է ազատությունը, եթե կաշկանդված պարես, հանդիսատեսին շատ անհետաքրքիր կլինես: Բնական է, որ ելույթից առաջ լարվածությունը է լինում, բայց երբ երաժշտությունը միանում է, պետք է ուղղակի քեզ ազատ թողնես և վայելես այդ մի քանի րոպեն:

Ձեր խորհուրդը հարսիկներին, գեղեցիկ ներկայանալու համար։

-Հարսի պարը ամենահիշվող և ամենակարևոր րոպեներն են հարսիկների համար: Շատ հարսիկներ եմ ունեցել, բոլորի մոտ նույն զգացողությունն է: Բոլորը հարսանիքի ամբողջ օրը սպասում են այդ երեք րոպեին և վերջում ուղղակի վայելում: Խորհուրդ եմ տալիս չկրկնվել և շատ դրական տրամադրվել պարի դասերին, ամենակարևորը՝ չվախենալ:

Ձեր բեմադրած հարսի պարերից ո՞րն եք ամենաշատը հավանել։

-Իրականում շատ են, կառանձնացնեմ մեկը, որը նորություն էր հատուկ այդ հարսիկի համար: Հարսիկը կանգնել էր 3 հարկանի բեմի երրորդ հարկում իսկ պարուհիները կտորի միջոցով ամրացված էին իր զգեստին: Դա իրոք շատ շքեղ բեմադրություն էր ստացվել: Նկատել եմ, որ մի շարք պարի խմբեր կրկնօրինակում են այդ պարը:

Վերա Հայրյան

4-րդ կուրս

Կիսվել