«Հաջողակ լուսանկարիչ լինելու համար պետք է սեփական ձեռագիր, որը չի կրկնի ուրիշը»․...

«Հաջողակ լուսանկարիչ լինելու համար պետք է սեփական ձեռագիր, որը չի կրկնի ուրիշը»․ Լիլիթ Փաշիկյան

1157

Զրուցել ենք լուսանկարիչ Լիլիթ Փաշիկյանի հետ։

-Պատմեք մի փոքր Ձեր մասին, մինչև լուսանկարչությունը ինչո՞վ  էիք  զբաղվում։

-Ես Փաշիկյան Լիլիթն եմ։ Ծնվել եմ Երևան քաղաքում, իսկ այժմ բնակվում եմ Թբիլիսիում։ Մասնագիտությամբ լրագրող եմ և  ուսանողական տարիներից միշտ ձգտել եմ լինել անկախ, որքան հնարավոր է, փորձելով չանհանգստացնել ծնողներիս։ Աշխատել եմ տարբեր ոլորտներում՝ միշտ ձգտելով ունենալ  իմը,  քանի որ ինքս ստեղծագործող մարդ եմ։

-Ինչպե՞ս սկսվեցին առաջին քայլերն այս ոլորտում։

-Լուսանկարչությունը եղել է կյանքի իմ ուղեկիցը։ Ինքս շատ տաղանդավոր ընտանիքից եմ, արվեստի հետ միշտ առնչվել եմ։ Եղբայրս նույնպես փոքր տարիքից զբաղվել է ֆոտո-վիդեո նկարահանումներով։ Ֆոտոխցիկը մեր տան անբաժան մասնիկն է եղել, սիրել եմ  նկարել կամ նկարվել։ Ընդունվելով Սլավոնական համալսարան ՝ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, ուսումնասիրել ենք ֆոտոժուռնալիստիկա, հենց  սա էլ դրեց իմ  առաջին հիմքը լուսանկարչության մեջ։ Տեղափոխվելով Վրաստան՝ երկար ժամանակ չէի պատկերացնում, թե ինչով կարելի է զբաղվել, այն մասնագիտությունը որը ես եմ ստացել, բնավ իմը չէ, բացի այդ՝ վրաց լեզվին չէի տիրապետում։ Այդ ամբողջ ընթացքում լուսանկարչությամբ զբաղվելու մասին միտքն ինձ հանգիստ չէր տալիս։ Մի օր այնպես ստացվեց, որ ամուսնուս աշխատանքի բերումով հարկավոր էր գեղեցիկ արված լուսանկարներ, այդ հանձնարարությունը մեծ պատասխանատվությամբ ես վերցրի իմ ուսերին, և դա էլ եղավ իմ առաջին աշխատանքը՝ որպես լուսանկարիչ։ Այնուհետև հասկացա, որ սա այն աշխատանքն  է, որով ուզում եմ զբաղվել և որից ստանում եմ բավական հաճույք։ Բացի այդ, մտածել եմ, որ լուսանկարն ունի մի գաղտնի ուժ, որը կարողանում է մեզ վերադարձնել անցյալ, և այդ գաղնիքը միշտ գերել է ինձ։

-Ո՞ր ժանրին է պատկանում Ձեր լուսանկարչական ոճը։

-Հինգ տարվա  լուսանկարչական փորձի ընթացքում փորձել եմ, գրեթե բոլոր  ոճերը, շատերից միանգամից եմ հրաժարվել, իսկ շատ ոճեր բացահայտել եմ տարիների ընթացքում։ Միշտ համեմատական կարգեր եմ դնում լուսանկարիչների և բժիշկների միջև, օրինակ՝ ինչպես բժիշկը միաժամանակ չի կարող լինել ատամնաբույժ և վիրաբույժ, այնպես էլ արարողություն նկարող լուսանկարիչը  լավ չի կարող տիրապետել ուտելիք նկարելու (Food Photographer) հմտություններին, չնայած բազային գիտելիքները, լուսախցիկի կարգավորումները, ֆոտոյի օրենքները նույնն են։ Ամեն մի լուսանկարիչ ունի իր նկարելու ոճը, որում նա պրոֆեսիոնալ է։ Ես սիրում եմ աշխատել մարդկանց հետ, տեսնել մարդկանց  էմոցիաները, ֆիքսել ակնթարթային կադրեր։ Ինձ համար  կարևորագույն կետերից մեկը ՝ ստանալ բնական կյանքով լի լուսանկարներ։ Առանձին սեր  ունեմ դիմապատկերների հանդեպ, հատկապես՝ սև ու սպիտակ։

-Ի՞նչ է պետք պահանջված լուսանկարիչ  լինելու  համար։

-Առաջին քայլերից մեկը՝ նկարահանման ժամանակ կարողանալ ստեղծել  ընկերական ջերմ մթնոլորտ, դա շատ կարևոր է բնական  նկարներ ստանալու համար, անմիջականությունը միանգամից զգացվում է լուսանկարների մեջ։ Պետք է ունենալ պատասխանատվության զգացում, լինել օպերատիվ և սիրել այն, ինչ անում ես։ Այս ամենի հետ մեկտեղ պահանջված լինելու համար պետք է ակտիվ գործունեություն վարել  նաև սոցցանցերում, մասնավորապես ինսթագրամյան հարթակը շատ է օգնում այդ հարցում։

-Դուք  ինսթագրամյան հարթակում բավականին ակտիվ եք և ունեք բավական շատ հետևորդներ։ Կխոսե՞ք դրա առավելությունների մասին։

-Սոցցանցերն այսօր շատ մեծ դերակատարություն ունեն մարդկանց կյանքում, հատկապես՝ ֆրիլանսերների։ Հնարավորություն է տալիս մարդկանց զարգացնել իրենց բիզնեսը, ինչպես նաև  գումար աշխատելու միջոց է։ Առաջին քայլերիցս մեկը նաև ինսթագրամյան էջ ստեղծելն էր, սկզբում այնտեղ կիսվում էի աշխատանքներովս, և ինչու ոչ, ձգտում էի ունենալ մեծ լսարան։ Այսօր արդեն ունեմ հետևորդների մեծ բանակ, մեծ ինսթագրամյան ընտանիք, որոնց հետ կիսվում եմ առօրյայովս, նկարահանումերի ընթացքով։ Այս հարթակի շնորհիվ է, որ ինձ գտել են իմ նկարների հերոսները։ Ինսթագրամն այսօր արդեն իմ գործունեության մի մաս է հանդիսանում։

-Ժամանակակից աշխարհի զարգացման հետ մեկտեղ, ըստ Ձեզ, լուսանկարչությունն արվե՞ստ է, թե՞ տեխնիկա։

-Այսօր շատ հեշտ է դարձել որակյալ նկարներ ունենալը կամ ստանալը։ Կարող եմ ասել, որ աշխարհում նկարների մեծ մասը ավելի պրակտիկ արժեք ունեն, քան որպես արվեստ։ Շատ լուսանկարիչներ գիտեմ, որ գալով լուսանկարչական աշխարհ, այս մասնագիտությանը վերաբերվում են դեռ որպես աշխատանք, հետո նոր արվեստ։ Ինձ համար, ինչպես արդեն նշել եմ, լուսանկարչությունը ճշգրիտ գիտություն չէ, լավ թանկարժեք տեխնիկա ունենալը մեծ կարևորություն է, բայց դա էլ ամենակարևորը չէ։ Իմ տեսանկյունից՝ ֆոտոն միշտ  լինելու է արվեստ, որտեղ լուսանկարիչը ունի իր սեփական ձեռագիրը։

-Ի՞նչ եք կարծում, բարձրագույն կրթությունը պարտադի՞ր է հաջողակ լուսանկարիչ լինելու համար, թե՞ բավական է որոշակի գրքերի և կայքերի  ուսումնասիրոթյունը։

-Լույսի կոմպոզիցիային, գրագետ նկարելու հնարքերին տիրապետելը միանգամայն պարտադիր է, բայց չեմ կարծում, որ բարձրագույն կրթությունը անհրաժեշտ է։ Փոխվել  են ստանդարտները, իսկ կրթության համակարգը, իմ կարծիքով, չի համապատասխանում շատ արագ զարգացող աշխարհի հետ։ Լինելով ինքնուս՝ մտածել եմ, որ եթե ես կարողացա առանց հատուկ դասընթացների սովորել, ուրեմն կարող են սովորել նրանք ևս, ովքեր իսկապես ձգտում են դրան։ Ինձ համար կարևորագույնը նկարի մեջ եղել է միտքը, չէ որ եթե նկարը միտք ու ասելիք չունի, ապա ինչ կարևոր է՝ նկարը արվել է բոլոր չափորոշիչներին համաձայն, թե ոչ։ Լուսանկարչությունը արվեստ է, այլ ոչ թե ճշգրիտ գիտություն, հաջողակ լուսանկարիչ լինելու համար պետք է սեփական ձեռագիր, որը չի կրկնի ուրիշը։

-Ունե՞ք  ոգեշնչման աղբյուր կամ սիրելի լուսանկարիչ։

-Երբ նոր էի սկսել լուսանկարել սովորել, հետևում էի կլասիկ լուսանկարիչներին, միշտ ոգեշնչվել եմ  Յուսուֆ Քարշի աշխատանքներով, ով Կանադական լուսանկարիչ է՝ Հայկական արմատներով, 20-րդ դարի լավագույն պորտրետ  լուսանկարիչներից մեկը։  Իր  սև և սպիտակ  պորտրետների մեջ կար կյանք, հենց այն գաղտնիքը որի մասին ես խոսում էի։ Նաև միշտ ոգեշնչվել եմ հին պատմական նկարներով, որոնց կարելի է անդադար նայել: Լինելով ժամանակակից լուսանկարիչ՝ ինձ համար ոգեշնչման աղբյուր է հանդիսանում  նաև իմ արտասահմանյան գործընկերների լուսանկարները, բայց, երևի թե, ինձ համար ամենալավագույն ոգեշնչման  աղբյուրը  իմ լուսանկարի հերոսներն են, ինչպես նաև շփումը նկարահանման ընթացքում։ Այլազգի հաճախորդներ բավականին շատ եմ ունենում, նրանց ավանդությունները նույնպես կարևոր ոճ են փոխանցում նկարներին, դա նույնպես ինձ համար ոգեշնչման աղբյուր է։

-Հիմնական Ձեր գործունեությունը դուք ծավալում եք Թբիլիսիում, ինչպես նաև ունեք Ձեր սեփական ստուդիան. հե՞շտ է աշխատել այլազգի ներկայացուցիչների հետ։

-Դժվարություների մասին այդքան էլ չեմ մտածել, քայլ առ քայլ առաջ եմ գնացել։ Փայլուն տիրապետում եմ և՛ անգլերեն և՛ ռուսերեն լեզուներին, վրացերեն նույնպես կարող եմ խոսել առօրյա մակարդակով։ Եղել են դեպքեր, որ հաճախորդս չի իմացել ո՛չ անգլերեն, ո՛չ ռուսերեն, ես էլ չեմ իմացել իր լեզուն, բայց դա մեզ չի խանգարել ունենալ գեղեցիկ լուսանկարներ և հագեցած օր։ Ինչ վերաբերում է ստուդիային, դա իմ և ամուսնուս համատեղ գաղափարն էր, իմ նպատակներից մեկը, որ կարողացա իրագործել ամուսնուս, ինչպես նաև ընկերներիս շնորհիվ։ Ավելորդ չեմ համարում նշել, որ այսօր իմ ֆոտոստուդիան Թբիլիսիի լավագույն ստուդիաներից մեկն է։

-Ի՞նչն է  ամենակարևորը լուսանկարչության մեջ։

-Դուրս գալ սեփական կաղապարներից, չդառնալ տեխնիկայի գերի, այլ աշխատել սեփական ձեռագրի վրա, խոսել լուսանկարի լեզվով, միշտ լինել պատրաստ և պատասխանատու։

Լիլիթ Ասատրյան

4-րդ կուրս

Կիսվել