Հումանիտար գիտությունների իգականացո՞ւմ

Հումանիտար գիտությունների իգականացո՞ւմ

679

«Մայրիկս  42 տարեկան է. 20 տարի է, ինչ դասավանդում է դպրոցում հայոց լեզու»: «Հորաքույրս հոգեբան է, իսկ նրա ընկերուհին՝ արվեսատաբանության դասախոս, ես էլ սովորում եմ մշակութաբանության ֆակուլտետում»․․․

Հաճախ ենք մեր ծանոթ-բարեկամներից լսում իրենց մասին պատմող նման նախադասություններ: Երկու նմանություն կա այդ ծանոթ-բարեկամների միջև. նրանք բոլորն էլ իգական սեռի ներկայացուցիչ են, և այն մասնագիտությունը, որ ունեն` լեզվաբան, մշակութաբան, արվեստագետ ու փիլիսոփա, հումանիտար գիտություններ են ներկայացնում:

Հակառակ սեռի ներկայացուցիչներին կարող էր թվալ, թե կանայք ու աղջիկները զավթել են այս հումանիտար ոլորտները, բայց պատկերն ամբողջովին այլ է․ հակառակ սեռին նման բան չի թվա, որովհետև նրանց այս գիտությունները քիչ են հետաքրքրում։ Ամենավառ ապացույցն այն է, որ լեզվաբան, փիլիսոփա, արվեստագետ դառնալու լսարաններում նստարանները կիսում են աղջիկները. հումանիտար ֆակուլտետների լսարաններում տղաներ տեսնելը յուրահատուկ մի բան կարող է թվալ:

Թվերը իրավիճակն ավելի լավ են ներկայացնում: Երևանի Պետական համալսարանի Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի երկրորդ կուրսում սովորում է 64 ուսանող` 1 տղա և 63 աղջիկ, Բանասիրության ֆակուլտետի առաջին կուրսում՝ 55 աղջիկ, երկրորդ կուրսում՝ 68  աղջիկ. այս երկու կուրսերում տղաներ չկան:  Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի  Կրթություն և մասնագիտական մանկավարժություն ֆակուլտետի երկրորդ կուրսում սովորում է 160 ուսանող, որից 5-ն են ընդամենը տղա,  Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում այս տարին յուրօրինակ էր նրանով, որ 69-ը սովորողից 9-ը տղա էին:

Թվերը ստիպում են մտածել, թե ինչով է պայմանավորված հումանիտար գիտություններում արական սեռի քիչ ներգրավվածությունը:  Մեզ հետ զրույցում հարցի առնչությամբ պարզաբանումներ է տվել կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը: Նա նախ նշեց, որ հումանիտար գիտություններում կան մի քանի ոլորտներ, որտեղ տղաների թիվն աղջիկների համեմատ այդքան էլ փոքր չէ, մասնավորապես` պատմագիտությունը, միջազգային հարաբերությունները, իրավագիտությունը, քաղաքագիտությունը, իսկ ահա լեզվաբանության, հոգեբանության, փլիլիսոփայության, լրագրության ոլորտներում և մանավանդ համապատասխան ֆակուլտետներում  իսկապես տղաներն աղջիկների համեմատ շատ քիչ են: Առաջին պատճառը, որի մասին խոսեց փորձագետը, այն է, որ   այսօր դպրոցներում աղջիկներն ավելի լավ են սովորում, քան տղաները, և պատկերը նույնն է նաև բուհերում: Հետևաբար գիտությամբ զբաղվում են բարձր առաջադիմություն ունեցողները: Այստեղ նաև մեծ դերակատարում ունեցավ տարկետմանը վերաբերող նախկին որոշումը, որը չեղարկվեց։ Ըստ այդ որոշման՝ նրանք, ովքեր կրթությունը շարունակում էին ասպիրանտուրայում, ազատվում էին պարտադիր զինվորական ծառայությունից, իսկ հիմա որոշումը խստացվել է, և շատ քչերին են նման դեպքերում ազատվում ծառայությունից: Այս ամենին փորձագետը հավելեց նաև այն, որ աղջիկները, այո, հումանիտար գիտություններում շատ են և ավելի են շատանալու:

Ամեն դեպքում աղջիկների թվի կտրուկ աճն այս գիտություններում չի խանգարում նկատելու, որ այս ոլորտներից մեզ պատմությունը տվել է այնպիսի անուններ, ինչպիսիք են  փիլիսոփայությունից՝ Արիստոտելն ու Սոկրատեսը, լեզվաբանությունից՝ Մանուկ Աբեղյանն ու Հրաչյա Աճառյանը, հոգեբանությունից՝ Կառլ Ռոջերսը, Զիգմունդ Ֆրոյդը, Նապոլեոն Հիլլը (վերջինս նաև հայտնի փիլիսոփա և լրագրող է. թվարկած երկու մասնագիտությունները նույնպես հումանիտար գիտություններ են համարվում):

Շատ հեռուն չգնանք։ Հայաստանում բարձր պաշտոններ զբաղեցնում են գերազանցապես տղամարդիկ։ Ստացվում է՝ կրթական մասում գերակշռում են կանայք, իսկ գործնականում մենք լսում ենք հիմնականում տղամարդկանց անուններ: Հարց է առաջանում՝ ուր են անհետանում այդ աղջիկներն ու կանայք, և գործնական դաշտը համալրելու համար այս բնագավառներում որտեղից են գտնվում այս տղամարդիկ: Ինչպե՞ս են այդ տղամարդիկ հայտնվում պետական գերատեսչություններում` զբաղեցնելով պետական բարձր պաշտոններ: Ինչպե՞ս է ստացվում, որ սոցիոլոգիայով, բանասիրությամբ այդքան շատ հետաքրքվող կանայք պետական պաշտոններում քիչ տոկոս են կազմում։ Երբ հերթը հասնում է պետական պաշտոններին և աթոռներին, դրանք զբաղված են, թափուր հաստնիքներ էլ այդքան էլ չեն առնչվում բարձ պաշտոններին:

Ստեղծված իրավիճակը մեկնաբանեց կրթության փորձագետը` հաստատելով, որ թեպետ  բարձրագույն ուսումնական հաստատություններում կանանց թիվը մեծ է, բայց վերջիններս հիմնականում ավելի ցածր պաշտոններ են զբաղեցնում: Սա պայմանավորված է նրանով, որ բարձր վարձատրվող աշխատանքներին տղամարդիկ ավելի են ձգտում, քանի որ Հայաստանում ընտանիքը բարձր գումարը տղամարդուց է ակնկալում։ Տղամարդն է ընտանիք պահողը, հետևաբար տղամարդիկ խուսափում են ցածր վարձատրվող աշխատանքերից և ամբողջ մտքերն ու եռանդն ուղղում են բարձր պաշտոններ զբաղեցնելու ցանկությանը:

Փորձագետի ասածը կարելի է հիմնավորել նրանով, որ եվրոպական երկրներում երկու սեռներն էլ աշխատաշուկայում հավասարաչափ զբաղեցնում են նույն պաշտոնները` ցածր, բարձր։ Հիմքում ևս մոտեցումներն  ու մտածելակերպն են․ այնտեղ ընտանիքը հավասարաչափ պահում է և՛ կինը, և՛ տղամարդը: Մանավանդ սկանդինավյան երկներում միայն տղամարդու պարտականությունը չէ գումար աշխատելն ու ընտանիքը պահել, այդ իսկ պատճառով այստեղ հասարակությունը հավասարաչափ է զարգացած:

Հումանիտար և հասարակական գիտությունների համեմատ բնական և ճշգրիտ գիտություններն ավելի շատ են հետաքրքրում տղամարդկանց: Սերոբ Խաչատրյանն այս տարբերությունը բացատրեց նրանով, որ բնական գիտություններում առավել կարևոր է զարգացնել բնատուր կարողություններն ու հմտությունները։ Այստեղ ամեն բան հենված է գործնական դաշտի վրա, իսկ հումանիտար գիտությունները կառուցված են հաստափոր գրքերի և աշխատությունների հիման վրա. լավ հոգեբան դառնալու համար պետք է կարդալ այդ գրքերը, իսկ տղաները որպես կանոն այդ իմաստով ավելի ծույլ են:  Հումանիտար գիտություններում աշխատանքն ահռելի է` կարդալ այդքան շատ գրքեր, հետազոտություններ և աշխատություններ նոր բան ասելու նպատակով: Բնական գիտություններում տեսական հատվածն այդքան մեծ չէ։ Եթե փիլիսոփա դառնալու համար հավասարաչափ պիտի տիրապետես բոլոր ժամանակների առաջ քաշած տեսություններին ու մտքերին, ապա բնական գիտություններում, եթե շատ բաներ նախկինում եղել են ու հերքվել, ապա հիմա դրանք իմանալը պարտադիր չէ: 

Իսկ ի՞նչ են կարծում այն տղամարդիկ, որոնք գործ ունեն հումանիտար գիտությունների հետ, ի՞նչ դժվարություններ կարող են առաջանալ նրանց համար:

ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դոցենտ Արման Ղարագուլյանը մեզ հետ զրույցում ասաց, որ փիլիսոփայության հետ կապված կարծրատիպերի չի հանդիպել․ վերջինս որպես մասնագիտություն առավելապես տղամարդկային դեմք ունի: Պատմում է, որ լավ մասնագետ կարող էր դառնալ մաթեմատիկայի ոլորտում, ինչպես պատկերացնում էին դպրոցի իր ուսուցիչները։ Երբ  ուսուցիչներից մեկն իմացել է, որ Արմանն ընդունվել է փիլիսոփայության բաժին, զարմացել ու մի փոքր հիսթափվել է:

 Հոգեբան Լուսինե Գրիգորյանը նշեց, որ տղայի մոտ կարող է կաշկանդվածություն առաջանալ, երբ շրջապատից լսում է, որ իր ընտրած մասնագիտությունն «աղջկական» է, որ այդ մասնագիտությամբ շատ գումար չի կարող վաստակել: Երբ լսում ես նման կարծիքներ այս մասնագիտությունների մասին, ենթագիտակցաբար սկսում ես հեռանալ քո ցանկություններից, անգամ սկսում ես ամաչել մասնագիտական ընտրությունդ բարձրաձայնել, որովհետև ընկերներդ և առհասարակ շրջապատդ կարող է ծաղրել: Այս ոլորտին բնորոշ են համարվում խոր զգացմունքայնությունը, մի փոքր ռոմանտիկ բնույթ ունենալը։ Հոգեբանի խոսքով՝ գուցե այս հատկանիշներն իրենց մեջ չգտնելով էլ շատ տղաներ հայտնվում են մի տեղում, որի հետ կապված որևէ պատկերացում չունեն։

Փիլիսոփա Արման Ղարագուլյանի կարծիքով էլ հումանիտար ոլորտն ավելի շատ մարդկային դիմագծեր ունի, և դիմացինին զգալու, հասկանալու կանացի կարողություններն այստեղ նաև մասնագիտական առումով շատ պահանջված կարող են լինել:

Քիչ տղաներ լսարանում` շատ աղջիկների կողքին, քիչ կանայք պետական գերատեսչություններում` մեծ թվով տղամարդկանց կողքին: Աշխատանքի անհավասարաչափ բաշխումն ամեն դեպքում չի ստիպում, որ այս ոլորներում, երբ հերթը գալիս է բարձրագույն կրթություն ստանալուն, աղջիկները խուսափեն: Նրանց թիվն այստեղ աճում է տարեցտարի և կարծես թե տանում հումանիտար ոլորտների․․․ իգականացման:

Անահիտ Ղազարյան

2-րդ կուրս

Կիսվել