Չհնացող խորհուրդներ հանդիպումից․Սոնա Աղբալյանն ասում է՝․․․

Չհնացող խորհուրդներ հանդիպումից․Սոնա Աղբալյանն ասում է՝․․․

811

-Մինչև մարդուն մարդ ցույց չես տալիս, քո ինֆորմացիան արժեք չի ստանում։ Մարդը միշտ բարձրագույն արժեք է։

Լսարանում սովորական դաս չէ, ռադիոնյութերի քննարկումն էլ վերածվել է ոլորտը փոխած, բայց լրագրությունից չհեռացած նախկին հեռուստամեկնաբան Սոնա Աղբալյանի և ուսանողների միջև փորձի փոխանակման։ Տեղական լրագրության նրբությունները քիչ թե շատ ուսումնասիրած ուսանողները  բանախոսի հետ բացահայտեցին լրագրության նոր ուղի՝միջազգային լրագրությունը։   

Միշտ  ապահովել ստուգված ու ճշգրիտ տեղեկատվություն, ուղղել սեփական տեղեկատվական սխալները, ձգտել հավասարակշռության և այսպես շարունակ։ Որպես օրինակ՝ Ռոյթերսի կողմից մշակված լրագրության տասը «սուրբ» սկզբունքները ներկայացնելուց հետո սկսվում է ակտիվ քննարկում նախկին հեռուստահաղորդավարուհու և ապագա լրագրողների միջև։

Ուսանողուհիներից Անահիտը, որպես օրինակ բերելով կուրսընկերուհու կատարած աշխատանքը, փորձում է հասկանալ՝ արդյոք ճի՞շտ է նյութը հուզական հիմքով ստեղծել։

«Երբեք չի կարելի միայն էմոցիայի վրա ռեպորտաժ ստեղծել, մանավանդ միջազգային լրագրության մեջ։ Եթե տեղական լրագրության մեջ մենք կարող ենք դիմանկարներ անել, ներկայացնել պատմություններ՝ նյութն ավելի թեթևացնելու համար, ապա միջազգայինում դրա իրավունքը մենք չունենք։ Նախ պետք է ունենալ փաստ, հետո՝ դրան վերաբերող պատմություններ»,- պատասխանում է Սոնան։

Միջազգային լրահոս կազմելիս էլ, ինչպես Սոնան է փաստում, պետք է ընտրել ամենակարևոր լուրերը, որոնք ամեն դեպքում մեզ հետ որևէ առնչություն ունեն․ «Հիշում եմ՝ մի հաղորդավար ունեինք, շատ հուզված գալիս, ասում էր․ «Սոնա՛, Տանզանիայում նավ ա շուտ եկել, չե՞նք տալիս»։ Ասում էի՝ «Ե՞վ»։  Այսինքն, կարող էինք, չէ՞, մարդկանց զգացմունքների վրա խաղալ, բայց ի՞նչ կփոխվեր հեռուստադիտողի կյանքում դրանից։  Անշուշտ, ցավում ենք տանզանացիների համար, բայց ի՞նչ է փոխվում։ Նույն Տանզանիայի օրինակով ներկայացնեմ մեկ այլ դեպք։ Օրինակ, երբ Չինաստանում ցունամիի հետևանքով մահանում է երկու հարյուր մարդ, դա միանշանակ ողբերգություն է այդ մարդկանց հարազատների համար, բայց դա ոչինչ չի փոխում մեր օրակարգում, որովհետև Չինաստանում ապրում է մոտ երկու միլիարդ մարդ, և այնտեղ ամեն շաբաթ լինում է ցունամի։ Այլ հարց է, որ պարտավոր եք ճշտել՝ տուժածների մեջ կա՞ն հայեր։ Դուք Հայաստանի քաղաքացիներ եք և նույնիսկ միջազգային լրագրությունը պետք է անեք հանուն Հայաստանի»։

Լրագրության ոլորտում առաջ շարժվելու ճանապարհին էլ գրեթե անհնար է արհեստավարժությունն ու հայտնիությունը համատեղել․ «Այն, ինչ բեսթսելլեր է, չի կարող լինել լավագույնը, քանի որ բեսթսելլերները սպասարկում են հասարակության լայն շերտերի, իսկ մոլորակի բնակչության շատ քիչ տոկոսն է շատ կիթ ու գրագետ, ու դա նորմալ է։ Սա միշտ պետք է հաշվի առնել, այսինքն պիտի ընտրեք․ կա՛մ նյութում դնում եք էմոցիա, սկանդալ, լալահառաչ որևէ տեքստ, որ բոլորս էլ կարդալու ենք, աչքներս լցնենք և հավաքենք միլիոնավոր դիտումներ, կա՛մ անելու եք արժեքավոր, ճշգրիտ աշխատանք ու ունենաք երկու հազար դիտում։ Պիտի ընտրեք պրոֆեսիոնալիզմի և հայտնիության միջև»։

Ժամանակը քիչ էր, թեման՝ հետաքրքիր, խորհուրդները՝ շատ։ Նմանատիպ հանդիպումները ոլորտի առաջատարների հետ անհրաժեշտություն են, ինչպես պնդում են ուսանողները։

Մարիամ Ղազարյան

2-րդ կուրս

Կիսվել