Մասնագիտության ընտրություն և մասնագիտական կրթություն՝ բուհից մինչև համացանց

Մասնագիտության ընտրություն և մասնագիտական կրթություն՝ բուհից մինչև համացանց

1463

Լավ հնչելու, մոդայիկ լինելու համար դեռահասները ընտրում են մասնագիտություններ, որոնք այդ ժամանակաշրջանում տարածված են:

Իսկ քանի՞սն աշխատում են իրենց մասնագիտությամբ:

Մասնագիտությամբ չաշխատելու պատճառները տարբեր են: Դրանցից են ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության հարթակների կայացած չլինելը, կրթական համակարգի ոչ ճկունությունը: Երիտասարդները մասնագիտական ընտրություն կատարում են վաղ տարիքում, ինչը մի շարք խնդիրների պատճառ է դառնում: Երբեմն սխալ մասնագիտական կողնորոշման պատճառ են դառնում ծնողների երազանքները, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել․ երեխաներն առաջնորդվում են ծնողների հուշումներով, իսկ ծնողներն արդեն «հնացած» փորձառությամբ մարդիկ են:

«Մայրս էր ուզում, որ ես բժիշկ դառնամ: Նրա վաղեմի երազանքն էր, ու ես ընդունվեցի բժշկական համալսարան»,- ասում է Սյուզաննան, որն այժմ ԵՊԲՀ 3-րդ կուրսի ուսանող է: Միշտ ցանկացել է դառնալ պարուհի, բայց մոր երազանքը կատարելու համար ընդունվել է բժշկական համալսարան: Սյուզաննայի խոսքով՝ եթե մի փոքր ավելի մեծ լիներ, կկարողանար ավելի հաստատակամ լինել իր ընտրության մեջ և գնալ իր երազանքի հետևից, ոչ թե մայրիկի:

«Ամեն ինչ կախված է նրանից, թե երբ ենք մենք մասնագիտական ընտրություն կատարում»,- մեզ հետ զրույցում ասաց Լիանան: Լիանան ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող է: Իր մասնագիտությունն ընտրել է ծնողի խորհրդով: Ասում է, որ դպրոցն ավարտելուց հետո իրեն ժամանակ էր պետք հասկանալու համար՝ որ ոլորտում է ցանկանում շարունակել ուսումը․ «Ես գիտեմ, որ եվրոպական շատ երկրներում ընդունված է ակադեմիական տարի հասկացությունը, որն ըստ իս շատ կարևոր է դպրոցն ավարտած դեռահասի համար: Հայաստանում ցավոք չկա այդ երևույթը»:

Ակադեմիական տարին մեկ տարի հավելյալ ժամանակ է՝ երիտասարդներին հնարավորություն ընձեռելու ավելի ճիշտ կողմնորոշվելու մասնագիտական ընտրության հարցում: Դրա առկայությունը, ըստ Լիանայի, իրեն և շատ այլ դեռահասների հնարավորություն կտար մի քանի հաստատություններ փորձնական գնալու, հասկանալու՝ ինչ են ուզում: «Եթե Հայաստանում 12 տարի ենք սովորում դպրոցում, ապա պետք է կրթությունը դառնա 11 տարի, իսկ վերջին 12-րդ տարին դառնա ակադեմիական տարին»,- կարծում է Լիանան:

Մասնագիտության փոքր պահանջարկը, ցածր աշխատավարձը, սխալ մասնագիտական ընտրությունը, անձնական տարբեր պատճառներ հանգեցնում են մեկ այլ խնդրի առաջացման: Երիտասարդները, ստանալով բարձրագույն կրթություն, այս կամ այն պատճառներից ելնելով, նախընտրում են աշխատել այլ մասնագիտությամբ, իսկ բարձրագույն կրթությունն այդտեղ կա՛մ օգնում, կա՛մ մասամբ է օգնում, կա՛մ էլ ընդհանրաապես չի օգնում նրանց: Journalist.am-ը հարցում է անցկացրել 30 հոգու շրջանում։ Նրանցից 19-ը չի աշխատում իր մասնագիտությամբ:

Լուսինեն մասնագիտությամբ սոցիոլոգ է, սակայն չի աշխատում որպես սոցիոլոգ․ «Չեմ աշխատում իմ մասնագիտությամբ, քանի որ աշխատավարձը բավականին ցածր է»: Սոցիոլոգի մասնագիտությունը Լուսինեին ինչ-որ չափով օգնում է ներկայիս աշխատանքում՝ հյուրանոցային սպասարկման ոլորտում, քանի որ, ըստ Լուսինեի, ինչպես սոցիոլոգիայում, այնպես էլ ներկայիս աշխատատեղում իր շփումը հասարակության հետ է:

Լուսինեն ասում է՝ անշուշտ հնարավոր է աշխատել առանց մասնագիտական կրթության, սակայն այդուամենայնիվ կողմ չէ, որ մի մասնագիտություն սովորած մարդիկ աշխատեն մեկ այլ մասնագիտությամբ։ Շեշտում է, որ նախապատվությունը պետք է տալ բակալավրիատում սովորածներին, ոչ թե մի քանի օր կամ ամիս վերապատրաստվածներին:

«Ես չեմ վերապատրաստվել, այլ մի քանի օրվա փորձաշրջան եմ անցել, որից հետո աշխատանքս հավանել են ու ընդունել աշխատանքի: Մեծ մասամբ այդպես է, գրեթե բոլոր տեղերում»,- ցավով նշեց Լուսինեն: Նա չի կարծում, որ վերապատրաստվելը պարտադիր է, քանի որ յուրաքանչյուր երիտասարդ, որ կարևորել է բարձրագույն կրթությունը և սովորում է համալսարանում, ըստ նրա՝ կարող է աշխատել բոլոր ոլորտներում՝ իր կուտակած գիտելիքներով:

«Իմ մասնագիտությունները մեկը մյուսին լրացնում են: Օրինակ՝ եթե դու լրագրող ես, դու պետք է լինես նաև հոգեբան: Այսինքն՝ դու պարտավոր ես հասկանալ՝ քեզ ստո՞ւմ է զրուցակիցդ, թե ոչ»,- ասում է Սոնա Աղբալյանը:

Սոնա Աղբալյանը բակալավրի մասնագիտությամբ լեզվաբան է, մագիստրոսի աստիճանը հոգեբանության ոլորտում է։ Սովորել է նաև քաղաքագիտություն, OCCRP-ի լրագրողական դպրոցում՝ հետաքննական լրագրություն: Որևէ մասնագիտություն, ըստ Ս․ Աղբալյանի, իրեն չի խանգարել, այլ ընդհակառակը դրանք միմյանց լրացրել են: Լրագրողական դպրոցում տիկին Աղբալյանը սկզբում կատարել է միայն սղագրություններ և իր աշխատասիրության շնորհիվ հասել է իր ուզած արդյունքին․ «Հիշում եմ՝ այդ լրագրողական դպրոցում երկու հեռուստացույց կար և 2000 ալիք, և ես ամեն հինգ րոպեն մեկ փոխում էի ալիքն ու սղագրում էի, թարգմանություններ անում: Ես չունեի այն կրթական բազան, որը հիմա ունեմ: Եվ ես կարողացա հասնել նրան, որ արդեն ինքս էի զտում ինֆորմացիան, ընտրում կարևորները»:

Մեր մյուս զրուցակցին՝ Մելքոնին, իր բարձրագույն կրթությունը բացարձակ չի օգնել: Մասնագիտությանբ ատամնատեխնիկ է, բայց արդեն վեց տարի է՝ աշխատում է սրճարաններում որպես բարմեն: «Որոշ ժամանակ աշխատել եմ որպես ատամնատեխնիկ, հետո հասկացա, որ ինձ համար չէ, ու փոխեցի աշխատանքս»,- պատմում է: Ցավով է նշում, որ մարդիկ, երկար տարիներ կրթվելով, փոխում են իրենց աշխատանքը: Եվ ինքն էլ իր շրջապատում ունի մեծ թվով այդ վիճակում գտնվող ծանոթներ:

Ըստ Մելքոնի՝ բարմենի և նմանատիպ այլ աշխատանքներ վերապատրաստում չեն պահանջում, այլ ուղղակի պետք է ցանկություն ու մի փոքր էլ ձեռքի շնորհք: Տղան խոսեց նաև ժամանակակից տեխնոլոգիական միջոցների մասին ու մի պատմություն հիշեց.  «Երբ նոր էի աշխատանքի ընդունվել՝ որպես բարմեն, պատվեր ստացա պատրաստելու մի խմիչք, որի միայն անունն էի լսել: Բայց ինձ օգնեց ինտերնետը: Ու ինտերնետի միջոցով կարողացա գոհացնել պատվիրատուին»: Մելքոնը նշեց, որ հնարավոր է աշխատել առանց մասնագիտական կրթության, բայց կարծում է, որ ոչ բոլորն են կարող և ոչ բոլոր ոլորտներում:

Գուցե պատճառներն անձնական են, բայց օրինակներն այդուամենայնիվ բազմաթիվ են, որ մարդիկ չեն կարողանում ճիշտ մասնագիտական ընտրություն կատարել: Մեր պատմությունների հերոսները ևս անցել են որոշակի փորձաշրջան՝ մասնագիտության փոփոխությունից առաջ:

Ոչ ֆորմալ կրթությամբ մասնագիտության փոփոխությունը հայաստանյան իրականությունում մի կողմից իսկապես խնդիր է, քանի որ այդքան տարի համալսարանական կրթություն ստանալով՝ մարդիկ չեն աշխատում իրենց մասնագիտությամբ, իսկ մյուս կողմից սա աշխարհում ընդունված պրակտիկա է: Շատերին մասնագիտական անցում կատարելիս օգնում են ոչ ֆորմալ կրթական հաստատությունները, որոնք տարբեր, բայց համեմատաբար շատ կարճ ժամանակում տրամադրում են անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ (միջինում՝ 3 ամիս, 6 ամիս, 1 տարի), վերապատրաստում մասնագետներ (մատնահարդարներ, ծրագրավորողներ, վարսահարդարներ և այլն):

Եվրոպական շատ երկրներում այս խնդիրներն արդեն ստացել են իրենց լուծումները, քանի որ այնտեղ կան միջմասնագիտական անցումներ, սովորողները կարող են հեշտությամբ անցում կատարել մի բուհից մյուսը, կայացած են ոչ ֆորմալ կրթությունը, հիբրիդային կրթությունը: Հիբրիդային ուսուցումը կրթական մոդել է, որտեղ որոշ ուսանողներ անձամբ են հաճախում դասերին, իսկ մյուսները դասի են միանում տնից: Ուսուցիչները միաժամանակ սովորեցնում են հեռավար և առկա՝ օգտագործելով այնպիսի գործիքներ, ինչպիսիք են վիդեո կոնֆերանսի սարքաշարը և ծրագրակազմը: Որոշ դեպքերում հիբրիդային դասերը ներառում են ասինխրոն (ժամանակի մեջ չհամընկնող) ուսուցման տարրեր, ինչպիսիք են առցանց վարժությունները և նախապես ձայնագրված տեսահոլովակների ուսուցումը, որպեսզի աջակցեն դեմ առ դեմ լսարանին: Ըստ մասնագետների՝ լավ պլանավորման դեպքում հիբրիդային դասընթացները համատեղում են անհատական ​​և առցանց ուսուցման լավագույն ասպեկտները՝ միաժամանակ կրթությունն ավելի հասանելի դարձնելով շատ ուսանողների համար:

Կարևոր է նաև ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության համատեղումը: Ֆորմալ կրթությունը վերաբերում է բարձր ինստիտուցիոնալացված կրթական համակարգին, որն ընդգրկում է տարրական դպրոցի առաջին տարիներից մինչև համալսարանի վերջին տարիները: Ոչ ֆորմալ կրթության համար իբրև հիմնական նպատակ է ձևակերպվում կրթական ոլորտում համարժեք պատասխան գտնելն  այնպիսի մարտահրավերներին, ինչպիսիք են հասարակական և քաղաքացիական մասնակցության անկումը, ինֆորմացիոն հասարակության պահանջները, միջազգային ինտեգրացիոն, համընդհանրացման գործընթացների ակտիվացումը և տնտեսության համակարգային փոխակերպումների ու գոյություն ունեցող ֆորմալ կրթական համակարգի միջև աստիճանաբար խորացող անջրպետը: Որպես կրթության յուրահատուկ ձև` ոչ ֆորմալ կրթությունը թույլ է տալիս սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչներին ձեռք բերել և զարգացնել շարունակ փոփոխվող միջավայրի պահանջներին (պայմաններին) համապատասխան հմտություններ, կարողություններ և գիտելիքներ:

Մի խոսքով, որքան էլ դժգոհենք, որ շատերը չեն աշխատում իրենց մասնագիտությամբ, ժամանակակից աշխարհը կարծում է՝ երբեք ուշ չէ նոր մասնագիտություն ձեռք բերելու համար։

Լիլիթ Հովհաննիսյան

2-րդ կուրս

Կիսվել