«Էս ի՞նչ կեղտոտ պաձյեզդ ա» կամ պարզապես փողոցային առևտուր

«Էս ի՞նչ կեղտոտ պաձյեզդ ա» կամ պարզապես փողոցային առևտուր

683

Երևանի քաղքապետարանի պայքարը փողոցային առևտրի դեմ ոչ միայն արդյունավետ չէ, այլև անօգուտ է և ոչ գործուն։  Չնայած քաղաքապետարանի բազմաթիվ զգուշացումների, վարչական շրջանների տարածած հայտարարությունների՝ փողոցային առևտրով զբաղվող մարդիկ կան և չեն դադարեցնում իրենց գործունեությունը:

2022 թվականի ապրիլի 4-ին Երևանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցութան ժամանակ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, անդրադառնալով կենտրոն վարչական շրջանում իրականացվող առևտրին, ուշադրություն հրավիրեց, հատկապես, Ամիրյան փողոցում փողոցային առևտուր իրականացնողների վրա։

Խորհրդակցության ընթացքում քաղաքապետը դիմեց առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանին՝ ասելով, որ Կենտրոնով քայլելիս տեսել է, որ «ինչ-որ մեկը SAS սուպերմարկետի դիմաց առևտրային կենտրոն է սարքել»: Ի պատասխան քաղաքապետի դիտարկմանն՝ Հոֆիկ Սաֆարյանն ասաց, որ իրենք ճանաչում են այդ մարդուն, 10 միլիոնից ավելի տուգանել են, սակայն անձն անվճարունակ է, որքան էլ նրան տուգանում են՝ ազդեցություն չի լինում։ Հովիկ Սաֆարյանը խոստացավ լրացուցիչ միջոցներ ձեռնարկել։

Կոչերից մինչև միջոցառումների իրականացում

Երևանի քաղապետարանը հաղորդում է, որ առևտրի և ծառայությունների վարչության կողմից մշակվել է օրենսդրական նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է կանոնակարգել համայնքների տարածքներում բացօթյա առևտրի իրականացումը: Նախագծով առաջարկվում է համայնքի աշխատակիցներին տալ ոչ սահմանված տեղերում առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու կամ առանց համապատասխան թույլտվության իրականացված բացօթյա առևտրի իրականացման դեպքում՝ առևտրի իրականացման և ծառայությունների մատուցման առարկաները առգրավելու լիազորություն:

Ապրիլի 13-ին կոչերը վերափոխվեցին գործունեության: Առևտրի և սպասարկումների բաժինը ամենօրյա ռեժիմով սկսեց իրականացնել ուժեղացված հսկողություն: Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցները փողոցից հեռացրին առևտուր իրականացնող մարդկանց: Նրանք հավաքեցին մթերքներով լի և դատարկ արկղերը: Թվում էր՝ թե խնդիրը լուծվելու էր, սակայն աշխատակիցների հեռանալուց հետո Կենտրոնում մարդիկ գալիս և շարունակում են իրականացնել փողոցային առևտուրը:

Նույն պատկերն է նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ ապրիլի 15-ին վարչական շրջանի տարբեր հատվածներում քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանության աշխատակիցների հետ իրականացրին ուժեղացված ստուգայց:

«Որոշ ժամանակով դադարեցնում են առևտուրը, հետո նորից կրկնվում է: Տեսանելի արդյունք, կարծում եմ, կունենանք, երբ օրենսդրական փոփոխություններ լինեն»,-մեզ հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:

Առևտրի և ծառայությունների մասին օրենքն ասում է՝ բացօթյա առևտրով կարելի է զբաղվել միայն հատուկ թույլտվությամբ ու կոնկրետ ապրանքների դեպքում՝ ծաղիկ, ըմպելիք, պաղպաղակ:

Նախազգուշացումներից հետո ապօրինի առևտրով զբաղվող քաղաքացիները բազմիցս տուգանվել են, ինչը, սակայն, նրանց դաս չի լինում: Շատերը տուգանվելուց հետո մի քանի ժամ անց վերադառնում են և շարունակում գործը:

Մալաթիա-Սեբաստիայում գործող Yerevan City սուպերմարկետի հարևանությամբ՝ հենց մայթին, առանց սանիտարական պայմանների վաճառվում են ձկնեղեն, մսամթերք, միրգ-բանջարեղեն:

Լիլիթը, ով արդեն 10 տարուց ավելի է ապրում է սուպերմարկետի հարևանությամբ, ասաց, որ ինքը երբեք փողոցից որևէ բան չի գնել: Նա ավելի ճիշտ է համարում մի փոքր բարձր գնով գնել բանջարեղենը կամ մսամթերքը, քան սննդային թունավորում ստանալ:

«Այս ամենին նայելիս՝ ակամա, «Մեր բակի» դրվագն եմ հիշում, որ դերասանուհին ասում է՝ «յախք, էս ինչ կեղտոտ պաձեզդ ա»: Հիմա մեր քաղաքը լրիվ այդ «պաձեզդի» տեսքն ունի»,-ասաց Լիլիթը:

Նույն պատկերն է քաղաքի կենտրոնում. Հանրապետության ու Ազատության հրապարակներում, Հյուսիսային պողոտայում և Կարապի լճին հարող տարածքում երեկոյան ժամերին «հայտնվում են» վաճառակետներ և վնասում մեր քաղաքի դիմագծին: Այս փունջն ամբողջանում է փողոցային երաժիշտների՝ ամեն քայլափոխին հնչող երաժշտությունը:

Երևանի քաղաքապետարանից ասացին, որ առևտրի և ծառայությունների վարչության և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի և ծառայության բաժնի աշխատակիցները՝ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ համատեղ, Հյուսիսային պողոտայում իրականացվում են միջոցառումներ, ինչի արդյունքում իրավախախտում թույլ տված անձանց նկատմամբ կազմվում են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, իսկ ապօրինի առևտուրն արգելվում է, սակայն քաղաքացիները հաճախ շարունակում են իրականացնել բացօթյա ապօրինի առևտուր՝ ոչ միայն Հյուսիսային պողոտայում, այլև Երևանի մի շարք այլ փողոցներում:

«Երեխաների հետ չենք կարողանում Հյուսիսայի պողոտայի մի ծայրից մյուսը անցնել: Խաղալիքները բերում շարում են՝ Հյուսային պողոտան դարձնում խաղալիքների խանութ: Էլ չեմ խոսում թափթփված տեսքի մասին»,- ասաց Երևանի բնակիչ Զարուհի Հովհաննիսյանը:

Երևանի քաղաքապետարանի Հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը նշեց, որ փողոցային առևտրի դադարեցումը ապահովում է քաղաքացիների ազատ տեղաշարժը, միևնույն ժամանակ քաղաքացիների անվտանգությունն ու մաքրությունը:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց՝ փողոցային առևտուրը տեսչական մարմինը չի վերահսկում, քանի որ իրենք գործ ունեն միայն իրավաբանական անձանց հետ:

«Փողոցային առևտուրը հիմնականում անհատների գործունեությունն է, նրանց հետ զբաղվում են միայն ոստիկանությունը և տեղական ինքնակառավարման մարմինները»,- ասաց նա։

Տեսչական մարմնից տեղեկացրին նաև, որ փողոցից գնված մթերքների թունավորումների դեպքերի վերաբերյալ 2020 թվականից մինչ օրս ահազանգ չեն ստացել:

2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի ապրիլի 15-ը ընկած ժամանակահատվածում բացօթյա ապօրինի առևտուր իրականացնելու փաստի առթիվ կազմվել է 1311 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ 2021 թվականին՝ ընդհանուր առևտրի և ծառայությունների ոլորտի մասում նշանակվել է 42 829 000 ՀՀ դրամի տուգանք:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ոչ սահմանված տեղերում առևտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով: Այս հոդվածով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: 

Փողոցից դեպի շուկա «մեկ քայլ է»

Փողոցային առևտրով զբաղվող Կարենը, ով արդեն 5 տարի է այդպես է գումար վաստակում, ասաց, որ դա իր և իր ընտանիքի ապրուստի միակ միջոցն է. «Իսկ ինչպե՞ս պետք է գումար վաստակեմ»:

Քաղաքապետրանը հակադրվում է՝ «առևտուրը պետք է կազմակերպել քաղաքի շուկաներում», որտեղ 1քմ-ի համար գինը սկսում է 300-500 դրամից:

Կան նաև նոր շուկաներ բացելու բազմաթիվ նախագծեր, իսկ շուկաներում ազատ տեղերը շատ են և վաճառողները այդտեղ ապահովված կլինեն վաճառակետերով և գնորդներով: Օրինակ՝ Քաջազնունի փողոցում ձևավորված նորաբաց շուկայում տեղերի մեծ մասն ազատ է և քաղաքապետարանի հայտնած տվյալների համաձայն՝ վաճառողները այդտեղ եկամուտից չեն բողոքում:

Քրիստինե Թորոսյան,

2-րդ կուրս

Լուսանկարները՝ հեղինակի

Կիսվել