Մոխրամանի փոխարեն ծաղկամանները կփչացնի կամ սուրճի ափսեն կօգտագործի․տնտեսվարող

Մոխրամանի փոխարեն ծաղկամանները կփչացնի կամ սուրճի ափսեն կօգտագործի․տնտեսվարող

1251

Արդեն երկու ամիս հանրային սննդի օբյեկտներում ուժի մեջ է մտել ծխելու արգելքը ։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշում է՝ օրենքն ընդունել են երկար քննարկումներից հետո և վստահեցնում՝ հավասարակշռված մոտեցմամբ օրենք է։ Բացի այդ, նախարարը կարծում է՝ ռեստորանային բիզնեսը ծաղկում է, ու նոր օրենքը չի խոչընդոտել. «Իսկապես արձանագրում ենք, որ անգամ ծխող մարդիկ ուրախ են և ողջունում են այս կանոնի ներդրումը, որովհետև դա նպաստում է նրանց հենց առողջության բարելավմանը։ Հայաստանը, կարելի է ասել, տուրիստական մեծ հոսք ունի, և ռեստորանային գործունեությունը ծաղկման ընթացքում է»:

Հյուսիսային պողոտայի հայտնի ռեստորաններից մեկի տնօրեն Սուրեն Աբգարյանի խոսքով՝ օրենքն իրենց տնտեսական մեծ հարված է հասցրել։ Այս պահին հաճախորդների 30% և ավելի կրճատումներ են եղել․ «Խնդիրը միայն կոնկրետ ծխախոտային ինչ-որ տեսակի օգտագործումը չէ։ Հյուրը գալիս էր նարգիլե օգտագործելու, նա օգտվում էր և՛ ուտեստների, և՛ բարի, և՛ առանձին ծառայություններից։ Այս դեպքում այդ մարդը չի գալիս ու, բնականաբար, դա շղթայաբար ազդում է ամեն ինչի վրա։ Մենք գյուղացուց, օրինակ, ավելի քիչ բանջարեղեն ենք գնում, ավելի քիչ միս ենք գնում, ավելի քիչ ալկոհոլային ապրանքներ ենք գնում։ Այսպես մեծ շղթա է, որի գոյությունը հիմա բավականին վտանգված է»:

Տնտեսվարողների խոսքով՝ մասնագիտացված ակումբների (նարգիլե ակումբներ, փաբեր և այլն) ոլորտը վերանում է։ Հայաստանում նարգիլեյի 80%-ն օգտագործվում է վերջինիս համար նախատեսված հասարակական վայրերում, 20%-ը բնակարաններում և այլն։ Սուրեն Աբգարյանն ասում է ՝ այսպես ծուխը տանում են տուն, որտեղ կան երեխաներ, չկան օդափոխության և ախտահանման համակարգեր, չկա մասնագետ, ով ամենաքիչ վնասակարությամբ կամ անվնաս կպատրաստի նարգիլեն:

Վերջինիս խոսքով՝ տնտեսվարողները կողմ են՝ փակ տարածքներից ծուխը հանելուն, բայց կարելի էր գրագետ անել, մասնագիտացված ակումբներին թույլ տրվեր, որպեսզի իրենց գործունեությամբ զբաղվեն․ «Մենք բազմաթիվ հյուրեր ենք ունենում Մերձավոր Արևելքից։ Իրենք տնտեսական առումով որպես զբոսաշրջիկ, որպես հաճախորդ շատ լավն են։ Իրենք գալիս էին և՛ սնվում էին, և՛ իրենց մշակույթի մի մասն է նարգիլեն։ Նարգիլե ակումբները ամբողջ աշխարհում թույլատրվում են՝ որոշակի վերապահումներով։ Միգուցե առանց սննդի, միգուցե փակ տարածքներում, այսինքն՝ տեղեր կան, որտեղ անչափահասների մուտքը արգելված է և այլն։ Մեր դեպքում, առհասարակ, տոտալ փակվել է։ Մենք նարգիլեի առանձին հատվածներ ունենք, դրա արդյունքում մեզ մոտ կրճատումներ են եղել՝ բավականին մեծ»:

Հելսինկյան Ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը կարծում է՝ միջազգային փորձը ևս չի կարող արդարացնել նման որոշման ընդունումը, քանի որ ծխողների համար կան հատուկ մասնագիտացված սրճարաններ փակ տարածքներում«Ես չգիտեմ՝ որտեղից այս չարացած արհամարհական վերաբերմունքը ծխողների նկատմամբ։ Ինչքան էլ ընդունելի չէ և լավ սովորություն չէ ծխելը, բայց, միևնույն է, ոչ ողջամիտ որոշումների արդյունքում մարդկանց առանձնացնելու, թիրախավորելու նման մի գործողություն է սա»:

Տնտեսագետ Կարեն Ադոնցն ասում է՝ նոր բան չի հնարվել, եվրոպական երկրներում վաղուց ընդունված է այդ օրենքը։ Ըստ տնտեսագետի՝ փակ տարածքներում ծխելը պետք է արգելվի, բաց տարածքներում կարելի է առանձնացնել չծխողների համար հատուկ տարածքներ․ «Օրենքը պետք է լինի շատ կոշտ։ Ընդհանրապես, եթե օրենքն ընդունվում է, անհրաժեշտ է պահպանել, չի կարելի խախտել այն։ Անհրաժեշտ է ընդունել՝  խելացի, մտածված ձևով, ոչ թե մեր պես՝ ընդունենք, հետո մտածենք, թե ինչ խնդիրներ կառաջացնի»:

Թեև հանրային սննդի օբյեկտների տեսանելի վայրում ծխելն արգելող ցուցանակներ կան, և մոխրամանները հավաքվել են սեղաններից, սակայն լինում են դեպքեր, երբ այցելուները, չենթարկվելով օրենքին, միևնույն է ծխում են: Եղել է դեպք, երբ ոստիկաննները մտել են ռեստորան, առանց որևէ մեկին որևէ բան ներկայացնելու փորձել են հյուրերին մոտենալ ու ստուգել։ Տնտեսվարողների կարծիքով՝ ոստիկանության կողմից վերահսկողությունն արդյունավետ չէ։

Մեծ խնդիրների բախվելով՝ փորձում են պահել օրենքը, որովհետև գինովցած հաճախորդին դժվար է բացատրելը, որ չի կարելի ծխել․«Մենք մոխրամաներ չենք տրամադրում, բայց որ մարդը ուզեց ծխի, ծխելու է։ Մոխրամանի փոխարեն ծաղկամանները կփչացնի, իրենց սուրճի ափսեն կօգտագործի մենք անընդհատ այդ խնդիրն ունենք։ Մի տեսակ ոստիկանի գործառույթ ենք իրականացնում։ Կոնֆլիկտ ենք ունեցելհյուրը փոքրիկ փոխարինիչ էր օգտագործել, հարցնում ենք դուք օգտագործե՞լ եք, ասում է ՝ չէ, ասում ենք՝ դա ձեր ձեռքում է, ասում է՝ եթե ատրճանակը ձեռքումս է, ուրեմն ես մարդասպա՞ն եմ»:

Տնտեսվարողները հաճախորդներին առաջարկում են օբյեկտի տարածքից դուրս ծխել, եթե ոչ, ապա ծխախոտ օգտագործող քաղաքացին կարող է տուգանվել 50.000 դրամով, իսկ իրենք 150-200 հազար դրամով։

Քնարիկ Վարդանյան

3-րդ կուրս

Կիսվել