Միասնական տոմսային համակարգ՝ Երևանում․ ե՞րբ և ինչպե՞ս

Միասնական տոմսային համակարգ՝ Երևանում․ ե՞րբ և ինչպե՞ս

999

Երևանում իրականացվող տրասնպորտային համակարգի բարեփոխման ծրագրերով նախատեսվում է անցում կատարել միասնական տոմսային համակարգին:

Նոր տրանսպորտային համակարգը նախատեսված է ներդնել հանրային տրանսպորտի 946 ավտոբուսներում և տրոլեյբուսներում, ինչպես նաև Երևանի մետրոպոլիտենում:

Հարցին, թե հանրային տրանսպորտի կառավարման տեսանկյունից ինչու՞ է անհրաժեշտ նման համակարգի անցումը, քաղաքապետարանի Լրատվության վարչությունից պատասխանել են. «Հանրային տրանսպորտի կառավարման տեսանկյունից միասնական տոմսային համակարգը բարձրացնելու է անվտանգությունը, քանի որ վարորդը այլևս չի շեղվելու իր հիմնական աշխատանքից՝ տոմսերի վաճառքի կամ ստուգման համար: Միաժամանակ նման համակարգերի կիրառումը հնարավորություն է ընձեռում ուղևորահոսքի հաշվառումը և ժամային ծանրաբեռնվածությունների դիտարկումները իրականացնել առցանց ռեժիմով, ինչը կառավարման տեսանկյունից որոշումների ընդունման հիմքն է»:

Տրանսպորտային ծառայության որակի բարելավման տեսանկյունից նոր տոմսային համակարգը արդյունավետ է հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, տոմսային հասույթի հավաքագրման, անվտանգության բարձրացման, վերլուծական հնարավորությունների ստեղծման առումներով:

Համակարգը նախատեսում է տոմսային կրիչների մի շարք տարբերակներ, որոնք առավել հարմարավետ են դարձնում տոմսերի ձեռքբերումը, մասնավորապես՝ բազմակի օգտագործման Mifare տոմսային քարտեր, մեկանգամյա օգտագործման QR code կտրոններ, անհպում բանկային քարտեր և հեռախոսային հավելվածներ:

Տոմսերի վալիդացիան (ստուգում/մարումը) իրականացվելու է տրանսպորտային միջոցում տեղադրված ինքնասպասարկման տերմինալի միջոցով: Տոմսային համակարգերն ունեն որոշակի ռիսկեր, խոսելով դրանց կանխարգելման մասին՝ քաղաքապետարանի Լրատվության վարչությունից ասել են. «Նման համակարգերի հիմնական ռիսկ անտոմս ուղևորների հնարավոր տոկոսային աճն է: Այս խնդրի լուծման համար նախատեսված է տոմսի առկայության ստուգողների ինստիտուտի ներդրումը»:

Երևանի քաղաքապետարանի կողմից ուսումնասիրվել և դիտարկվել է միասնական տոմսային համակարգին անցած պետությունների միջազգային փորձը: «Տեխնիկական առաջադրանքը մշակվել է ՝հիմնվելով Վարշավայի, Բրատիսլավայի, Մադրիդի, Սինգապուրի, Մոսկվայի, Կազանի և այլ քաղաքների փորձի և այս ոլորտում համաշխարհային տեխնոլոգիական զարգացումների ու նորարար լուծումների հիման վրա»,- հայտնել են Լրատվության վարչությունից:

Նոր համակարգին հեշտ անցումն ապահովելու համար քաղաքապետարանի կողմից նախատեսված են իրազեկման և գովազդային լայնածավալ արշավների կազմակերպում, ինչպես նաև ներդրման նախնական շրջանում՝ կամավորների կողմից ուղևորների օգնության ակցիաներ: Այս պահին պլանավորվում է պիլոտային ներդրումը, որից կախված են լինելու հիմնական ներդրման ժամկետները:

Նշենք նաև, որ վերջերս մայրաքաղաք ներկրվել են նոր, չինական «ԺՈՆԳ ԹՈՆԳ» մակնիշի միջին դասի ավտոբուսները, որոնք սպասարկում են ներհամայնքային 15 երթուղի:

Անժելա Հակոբյան

2-րդ կուրս

Կիսվել