Պիռատությունը ոչ թե ջրում, այլ՝ ցամաքում

Պիռատությունը ոչ թե ջրում, այլ՝ ցամաքում

528

Հայաստանյան հեռուստատեսությունները արտասահմանյան ֆիլմերի, սերիալների, շոու-ծրագրերի և տարբեր հաղորդումների ցուցադրման իրավունքը ձեռք բերելու համար վճարում են հազարավոր դոլարներ: Աշխատավարձեր ու հարկեր են վճարվում մարդկանց ու պետությանը, որպեսզի հեռուստատեսային այս արտադրանքները բարձր որակով թարգմանվեն, հնչյունավորվեն հայերեն: Հեռուստատեսությունների հիմնական ակնկալիքը հեռուստադիտողին բարձր որակի մեդիաարտադրանք մատուցելը, ծախսված ինքնարժեքի հետ բերումը և շահույթի հաշվին նոր, առավել բարձրարժեք հեռուստատեսային արտադրանքի ստեղծումն է: Այս ամենի կողքին գալիս են «պիռատներն» ու առանց որևէ լուրջ ջանքի տիրանում այլոց ստեղծածին: Ի՞նչ է կատարվում իրականում:

Կորեական սերիալները «պիռատ» կայքերի ձեռքում

2020 թվականին «Շանթ» հեռուստաընկերությունը գնել էր բարձր վարկանիշ ունեցող մի շարք կորեական դրամաների՝ հայերեն թարգմանելու և իր տարբեր հարթակներում ցուցադրելու բացառիկ իրավունքը: Այդ սերիալները նախատեսված էին միայն Shant Digitalt TV-ի բաժանորդների համար՝ առանց բաց եթեր հեռարձակելու իրավունքի:

Հաշված ժամերի ընթացքում, սակայն, «պիռատ» կայքերը գողացան ամիսներ շարունակ իրականացված ծախսատար աշխատանքի արդյունքը և այն տեղադրեցին բաց հասանելիությամբ կայքերում:

Անվճար բաց հարթակներում կորեական սերիալները ուղեկցվում էին միանգամայն օրինական գործունեությունների մասին գովազդով: Այսինքն՝ հեռուստաընկերության ակնկալվող եկամուտները, որոնցով պետք է հետ բերվեր ներդրումը և նոր ներդրումներ ապահովեր, բառացիորեն գողացվեց տարբեր խմբավորումների կողմից, որոնք բաց գործում են բոլորի աչքի առաջ:

Հեռուստադիտողը շատ հաճախ նույնիսկ չի էլ նկատում այս պարզ գողությունը և «պիռատների» կողմից ցուցադրվող կորեական սերիալների մեկնաբանություններում մի բան էլ շնորհակալություն է հայտնում այդ կայքերին:

Այս թալանված ներդրումը պարզապես մեկ օրինակն է այն հսկայական հանցագործության, որը անարգել շարունակվում է տասնյակ տարիներ:

Վաճառվող արտադրանքի վրա և ոչ մի դրամ չծախսելով, բայց օգտագործելով ամենատարբեր հայկական արտադրողների պատրաստած բովանդակությունը և չհանդիպելով իրավական լուրջ պատնեշների՝ հանցագործները իրենց կայքերում և սերվերներում ժամանակի ընթացքում ձևավորում են հսկայական լսարան: Բնականաբար, որքան մեծ է լսարանի թիվը, այնքան բարձր գներով է մոնետիզացվում հարթակը:

«Պիռատ» կայքերի գործունեությունը՝ հեռուստատեսության շահույթի դեմ

Ուսումնասիրելով «պիռատ» կայքերում տեղադրված ֆիլմերի և հեռուստասերիալների դիտումները և գովազդների առատությունը՝ կարող ենք ենթադրել, որ նրանց եկամուտը մեծ է:

«Շանթ» ՀԸ ՏՏ բաժնի ղեկավար Պարգև Առաքելյանը ասաց, որ «պիռատ» կայքերի գործունեությունը մեկ բառով կարելի է անվանել հափշտակություն: 

 «Այդ վիդեոբովանդակության վրա տեղադրում են գովազդ և գումար են աշխատում՝ ոչ մի տեղ իրենց շահույթը ցույց չտալով և խուսափելով բոլոր տեսակի հարկերից»,-ասաց նա:

Փաստորեն, գողանալով ուրիշի աշխատանքը՝ «պիռատները», անպատիժ մնալով հանդերձ, աշխատում են միլիոնավոր դոլարներ ու, միևնույն ժամանակ, թաքցնում հարկերը:

«Շանթ»-ի գնահատմամբ՝ «պիռատ» կայքերի գործունեությունը ոլորտին պատճառում է տարեկան 12 մլրդ դրամի վնաս: 10 տարվա կտրվածքով վնասը հասնում է գրեթե 200-300 մլն դոլարի:

Հեղինակային իրավունքի ոտնահարում

Մի ամբողջ ոլորտի համար կործանարար այս երևույթը դուրս է մնում իրավապահների ուշադրությունից: Մեզ հետ զրույցում «Լեգես» փաստաբանական ընկերության տնօրեն Սիմոն Ֆարմանյանն ասաց, որ «պիռատների» գործունեությունը 10 տարվա ընթացքում չի փոխվել:

Այսինքն՝ պետության կողմից «պիռատության» դեմ պայքարում որևէ զարգացում չկա:

«Հարց է առաջանում նաև, թե ինչպես պետք է բացահայտել «պիռատ» կայքերին, արդյոք, մեր իրավապահ մարմինը դրան պատրա՞ստ է: Այս կայքերի հետևում թաքնված իրական իրավատերերին բացահայտելը գրեթե անհնար է և պայմանավորված է տեխնիկական հնարավորությունների բացակայության հետ»,- ասաց Սիմոն Ֆարմանյանը:

Ինչպես արդեն նշվեց՝ որպես «պիռատ»՝ անհատը չգրանցված ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում, այսինքն՝ չկա ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ով հաշվառված է՝ որպես անհատ ձեռնարկատեր և հարկ վճարող:

Սիմոն Ֆարմանյանը ասաց, որ կայքի սեփականատիրոջը գտնելու պրակտիկա մեր երկիրը չունի, հետևաբար, եթե չկա սուբյեկտը, հարկ վճարող նույնպես չկա:

Քրիստինե Թորոսյան

2-րդ կուրս

Կիսվել