Միհրդատի՝ գյուղը կրթած ընտանիքն ու Գնդեվազի գյուղատնտեսությունը

Միհրդատի՝ գյուղը կրթած ընտանիքն ու Գնդեվազի գյուղատնտեսությունը

875

«Մեր նախնիները ծագումով Շուշիից են, այնուհետև տեղափոխվել են Խաչիկ գյուղ և Խաչիկից տեղափոխվել Գնդեվազ: Ինչպես ասում են, մենք հին  հայեր ենք, և արդեն Գնդեվազում տեղի է ունեցել մեր զարգացումը»,-պատմում է Միհրդատ Ներսիսյանը:

Նրա մեծ ընտանիքը խորհրդային շրջանում ապրել է 20-30 հոգով, այն ժամանակների համար բավականին բարեկեցիկ կյանքով: «Չնայած այդքան շատ են եղել ընտանիքում, բայց հաշտ ու խաղաղ ենք ապրել: Եվ նյութական պահանջները շատ չեն եղել, քանի որ շատ անասուններ են ունեցել, հետևաբար խնդիրներն էլ այդքան չեն նեղել»,- ասում է: Հետո տեղի է ունեցել կուլակաթափման գործընթացը։ Մեծ ընտանիքից խլել են ունեցվածքը, որից հետո էլ ընտանիքը մտել է կոլտնտեսություն:

Միհրդատի ծնողները եղել են գրագետ մարդիկ, աշխատել են դպրոցում, և նույնիսկ տարի է եղել, որ Գնդեվազի դպրոցում իրենց տնից 6-7 ուսուցիչ է եղել. «Դպրոցի ուսուցիչների մի 30-40%-ը մեր տնից էին, այդ իսկ պատճառով մի որոշ ժամանակ դպրոցը կոչվում էր Ներսիսյան դպրոց: Ես նույնպես դասավանդել եմ դպրոցում։ Ֆիզիկա, աստղագիտություն, ինֆորմատիկա առարկաներն եմ դասավանդել»:

Միհրդատն էլ, եղբայրներն էլ ունեն բարձրագույն կրթություն։ Միհրդատը մասնագիտությամբ ինժեներ է։ Երեք երեխա ունի, երեքն էլ բարձրագույն կրթությամբ: Աղջիկը Գնդեվազում ուսուցչուհի է, տղաներից մեկն ԱՄՆ-ում՝ Գլենդելում է, իսկ մյուսը Երևանում է ապրում․ Էկովիլ արևային տեխնոլոգիաների ընկերության արտադրական բաժնի տնօրենն է:  Միհրդատը շատ է կարևորում բարձրագույն կրթությունը և շեշտում, որ երեխան պետք  է ծնողից առաջադեմ լինի, կարծում է՝ եթե երեխան ծնողից զարգացած չի լինում, շատ վատ է․ «Բնականաբար իմ ծնողներն իրենց ծնողներից են ավելի զարգացած, նույնն էլ ես իմ ծնողներից, իմ երեխաներն ինձնից պետք է զարգացած լինեն: Այդպես պետք է լինի. դա է էվոլյուցիան, որը պետք է առաջ տանի մեր ժողովրդին, մեր երկիրը, մեր հայությանը»:

Միհրդատը խոսեց գյուղին, գյուղատնտեսությանը, գյուղացուն առնչվող իրեն հանդիպած և իր տեսած  խնդիրների մասին: Ինքն անձամբ զբաղվում է գյուղատնտեսությամբ, բայց շատ քիչ․ ունի սեփականաշնորհված հողեր, անասուններ՝ մի քանի այծ, բայց շատ քիչ ժամանակ է տրամադրում.  «Զբաղվում եմ այդ ուղղությամբ, բայց քանի որ հող մշակելն այսօր բավականին բարդ գործընթաց է և մեծ հաշվով անօգտակար, փորձում եմ շատ չխորանալ: Այսինքն, մենք ցանում ենք հողերը, բայց նորմալ գյուղատնտեսական տեխնիկա չկա, քանի որ գյուղտեխնիկան արդեն հնացել է և մեզ անհրաժեշտ աշխատանքները չի կարողանում կատարել, հետևաբար արդյունքն այնքան քիչ է, որ գյուղացիների մեծ մասը հրաժարվում է հողերի մշակումից: Նախկինում գյուղացիները 5-6 հարյուր հեկտար սեփականաշնորհված հող ունեին, բայց տարեց տարի այդ հողերի ցանքը պակասում է։ Եթե 5 տարի առաջ 100 կամ 150 հեկտար էինք ցանում, այսօր ցանում են 50 հեկտար և գնալով ավելի պակաս՝ գյուղտեխնիկայի պակասի պատճառով: Ստացված արդյունքն այնքան քիչ է, որ գյուղացին իր կարիքները չի կարողանում հոգալ ստացված  արդյունքով»:

Միհրդատ Ներսիսյանի մեծ ընտանիքի անդամներն այժմ տարբեր գյուղերում և քաղաքներում են բնակվում: Գնդեվազում այսօր ինքն ապրում է կնոջ հետ: Ինչքան կարողանում են, մշակում են այգին։ Տան դիմաց էլ ունեն բանջարանոց, դա են մշակում: Աշխատում են իրենց փոքրիկ ընտանիքի համար: Ոչինչ վաճառքի համար չէ․ ապրանքի գինը չի գոհացնում: Գյուղացու համար մեծ խնդիր է համարում բերքի իրացումը. «Ամենակարևոր հարցերից մեկն այն է, որ իրացումը կարողանանք կատարել նորմալ գներով, որ բերքը կարողանանք վաճառել և դրանից օգուտ ստանալ: Երբ գյուղացին տեսնում է, որ արտադրանքը չի կարողանում նույնիսկ ինքնարժեքի համեմատ վաճառել, բնական է, որ հրաժարվում է այդ արտադրանքի ստացումից և ապրանքների իրացումից»:

Միհրդատը ցավով է նշում, որ գյուղում կա աշխատատեղերի պակաս, և որ կառավարությունն այդ հարցի լուծումը տեսնում է միայն Ամուլսար հանքի բացման մեջ: Նա միանգամայն դեմ է հանքի շահագործմանը, քանի որ, ըստ նրա, այդ աշխատանքը կարող է տևել 2-3 կամ 4 տարի, իսկ հանքի շահագործումը կարող է լուրջ էկոլոգիական վտանգների առաջ կանգնեցնել: Ինքն էլ անձամբ հասարակական նախաձեռնությամբ պայքարում է հանքի շահագործման դեմ: Հավելեց, որ գյուղացիների միայն մի մասն է դա գիտակցում, իսկ մյուսներն ասում են՝ կարևորը իրենք լավ ապրեն:

Գյուղում մեծ խոչընդոտ է նաև ոռոգման խնդիրը: Ըստ Միհրդատի՝ բավականին շատ տարածքներ կան, որտեղ անհնարին է ոռոգում կատարել: Շատ հողեր մնում են անմշակ հենց ոռոգման անհնարինության պատճառով:

Միհրդատն իր ընտանիքի ներգրավվածությունը գյուղատնտեսության մեջ չնչին է համարում: Հավելում է, որ ոչ միայն իր ընտանիքում, այլև ամբողջ գյուղում շատ քիչ ընտանիքներ կան, որ ամբողջությամբ ներգրավված են այդ գործում: Ինչպես նշում է, ոչ արդյունավետ արտադրության պայմաններում արդեն իրենց ընտանիքն այս տարի ոչ մի ցանք չի կատարել․ եթե ցորենը վաճառվում է 150-200 դրամով, իր վրա  ցորենի կիլոգրամն անցյալ տարի  արժեցել է մոտ 300 դրամ։

«Մեր տարածաշրջանում այդպիսի դեպք չեմ հիշում, որ հողագործությունից կամ անասնապահությունից գյուղացին այնպիսի հաջողության հասներ, որ իր ընտանիքը պահելուց բացի ստացած եկամուտով կարողանար ինչ-որ այլ բան անել, օրինակ՝ գնար հանգստանալու: Ես այդպիսի դեպք չեմ հիշում»,- ասում է:

Լուծումը մեր զրուցակիցը տեսնում է աշխատատեղերի ստեղծման, գյուղը նոր տեխնիկայով հագեցնելու, ոռոգումը նորմալ կազմակերպելու մեջ: Ինչպես նաև կարծում է, որ ապրանքը պետք է իրացվի գյուղում՝ գյուղի ներսում, որ իրենց այդքան չարչարանքը վաճառականները ցածր գներով չյուրացնեն: Ըստ նրա՝ պետք է շահագրգռող ծրագրեր լինեն հատկապես երիտասարդների համար, որ երիտասարդները մնան գյուղում ու գյուղը զարգացնեն:

Այս ամենին զուգահեռ Միհրդատ Ներսիսյանն ինչ-որ տեղ հպարտացավ, որ Գնդեվազը հիմա բավականին զարգացած է, գրեթե ամբողջովին ասֆալտապատ, կա փողոցային լուսավորում, ինչը մի փոքր նպաստել է գյուղական կյանքի «ակտիվացմանը»:

Լիլիթ Հովհաննիսյան

2-րդ կուրս

Կիսվել