ՈՃ ԹԵ՞ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆ

ՈՃ ԹԵ՞ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆ

4817

«Նորաձևությունն այն է, ինչ կրում ես: Այն, ինչ կրում են մյուսները, նորաձև չէ»: Օսկար Ուայլդի հայտնի աֆորիզմը 20-րդ դարում հերքեց Կոկո Շանելը՝ հայտարարելով, որ նորաձևությունը «փոքրիկ սև զգեստն է»: Նրա հեղինակությունն այնքան մեծ էր, որ տարբեր խավի և եկամտի տեր կանայք առանց վարանելու հագան «սգո» զգեստը և բոլորով միասին դարձան գրավիչ: Այս վճռորոշ քայլը Կոկոյին համաշխարհային ճանաչում բերեց, իսկ նրա նորարարությունը դարձավ շքեղության և բարձր ճաշակի խորհրդանիշ: «Շանելի ոճ» հասկացությունը նորաձևության տերմինաբանության մեջ զբաղեցրեց իր հստակ դիրքը: Ինքը՝ Շանելն ասում էր. «Առաջին հերթին ոճն է: Նորաձևությունն այլևս նորաձև չէ, ոճը՝ երբեք չի կարող նորաձև չլինել»:

Նորաձևության մասին խոսում են բոլորը, կարևոր չէ՝ լավ, թե վատ: Մարդկանց մի մասը հետևում է նորաձևությանն ամենայն լրջությամբ, ծանոթ է վերջին տրենդներին, գիտի բոլոր դիզայներներին ու նրանց աշխատանքները: Մյուս մասն էլ կամ սկզբունքորեն դեմ է գնում նորաձևությանը, կամ բացարձակ ուշադրություն չի դարձնում ու չի հետաքրքրվում դրանով: Բայց նախքան նորաձևությանը դեմ գնալը, կամ պիտակների հետևից վազելը, եկեք հասկանանք, թե իրականում ի՞նչ է նորաձությունը:

20-րդ դարում նորաձևության աշխարհում իշխում էր երկու ուղղություն. Մի կողմից ունիսեքս ոճը, իր տաբատային կոստյումներով, մյուս կողմից աշխարհը գրավեց ջազային պարուհիների ոճով կարճ շրջազգեստները: Ցանկանալով լինել տղամարդկանց հետ հավասար հարթության վրա, կանայք սկսեցին ակտիվ հագնել տղամարդկանց հագուստները: Ակտուալ դարձան վերնաշապիկներն ու տաբատները: Եվրոպայում և Ամերիկայում կանայք թույլ էին տալիս նույնիսկ դուրս գալ հասարակություն սմոկինգներով, լրացնելով տղամարդկանց գլխարկներով և անփույթ կապված փողկապով:

Սովետական միության կանայք նույնպես հետ չէին մնում ամերիկացի ու եվրոպացի կանանցից, իհարկե երկրում կար լավորակ կտորի պակաս, բայց կար զինվորական հագուստի ավելցուկ, կարճ շրջազգեստը, գալիֆեն և կոպիտ երկարաճիտ կոշիկները դարձան երիտասարդ ակտիվիստների տիպիկ հագուստը` հաճախ լրացնելով տղամարդու կաշվե բաճկոնով և գունեղ շարֆով:

1921 թվականից նորաձևությունը կամաց-կամաց սկսեց թելադրել ավելի կարճ փեշերով շրջազգեստներ: Գագաթնակետը եղավ, երբ 1926 թվականին Կոկո Շանելը աշխարհին ցուցադրեց իր հանրահայտ փոքրիկ սև զգեստը:

Նորաձևության մասին կարելի է խոսել անվերջ… իսկ ի՞նչն է ակտուալ այսօր. Ի՞նչ անել, եթե այս տարվա նորաձևությունը կամ գույները չեն համապատասխանում ձեր ներքինին և արտաքինին, մի՞թե կարելի է հետևել այդպիսի նորաձությանը:

Ոճաբան Արմեն Գալյանի հետ զրույցում պարզ դարձավ, որ նորաձևության զարգացման տենդենցների առումով հարևան երկրների հետ համեմատած մենք զիջում ենք Թիֆլիսին, Ստամբուլին, նաև Ռուսաստանին և Ուկրաինային, սակայն դա միայն ժամանակի խնդիր է: Վերջինս համարում է, որ մենք պարզապես նորաձևության մշակույթի պասիվ կրողներ ենք: Սակայն խորհուրդ է տալիս հետևել սեփական արտաքինին, քանի որ ավելի խնամված լինելու ցանակացած փորձ ողջունելի է:

Իհարկե, մենք չենք հագնի այն ամենը, ինչը չի համապատասխանում մեր էությանը: Շատ հաճախ մեր պատկերացումները չեն համապատասխանում նորաձևության միտումներին: Շատերը կարծում են, որ նորաձև հագուստը ընդգծում է մարդու անհատականությունը, իսկ եթե նայենք մեկ այլ կողմից, ապա այն մարդկանց դարձնում է իրար նման: Հայտնի է, որ շատերը հետևում են Յուլիա Ռուտբերգի օրինակին. «հագնել այն, ինչ նորաձև չէ հիմա, այլ այն, ինչն արդեն եղել է նորաձև կամ էլ կրկին կլինի»: Այսպիսով կարելի է լինել յուրահատուկ, հակառակ դեպքում, միձուլվում ես մասսային: Եվ ի վերջո՝ «դիմավորում են տեսքով, ճանապարհում՝ խելքով»: Համադրեք այդ երկուսն ու հաջողությունն ապահովված կլինի:

 

Աշխեն Սարգսյան

5-րդ կուրս

Կիսվել