Աղբատա՞ր, թե՞ աղբամաններ․ զոդված, հետո բացված աղբատարները

Աղբատա՞ր, թե՞ աղբամաններ․ զոդված, հետո բացված աղբատարները

529

Մի քանի շաբաթ առաջ Շենգավիթ համայնքի Եղիշե Թադևոսյան 12/3 հասցեի բնակիչները բողոքում էին շենքի աղբատարի վատ մաքրվելուց։ Ըստ բնակչուհի Մերի Հայրապետյանի՝ աղբատարները չէին մաքրվել մոտավորապես 7-10 օր, որի պատճառով ամբողջ շենքում ու հարակից տարածքներում տարածվել էր տհաճ հոտ։

Քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման բաժնից  պարզաբանեցին, որ նշված հասցեում աղբատարը զոդված է եղել, բնակիչները սեփական որոշմամբ են բացել, իսկ մինչ այդ էլ աղբատարները փակվել էին շենքի բնակիչների համատեղ որոշմամբ։

Բնակիչները հաստատում են․ շենքի աղբատարն իրոք բացվել է բնակիչների նախաձեռնությամբ։ «Դեկտեմբերին քաղաքապետարանից եկել, փակել են աղբատարը, հետո մենք ստորագրահավաք ենք արել՝ ասելով, որ ուզում ենք՝ բացվի, քաղաքապետարանը հաստատել է մեր դիմումը, բայց նշել է, որ մենք մեր ուժերով պիտի բացենք աղբատարը։ Մենք վարպետ ենք կանչել, եկել է զոդածը բացել»,- պատմում է շենքի մեկ այլ բնակչուհի Մանեն։

Մինչև մի քանի շաբաթ առաջ աղբատարը մաքրվել է պատշաճ ձևով, իսկ հետո, չգիտես ինչու, դադարեցվել է մաքրումը։ Սրան հաջորդել է շենքի բնակիչների բողոքների ու անգամ քաղաքապետարան դիմելու միջոցով աղբատարի մաքրումն ու այնուհետև փակումը։ Մոտակայքում տեղադրվել են աղբամաններ՝ շենքից 200 մետր հեռավորության վրա։

Այժմ, սակայն, նույն խնդիրն առաջացել է հարևան շենքում՝ Եղիշե Թադևոսյան 12/2 հասցում։ «Մեր տան պատուհաններից մեկը դեպի այդ շենք է բացվում, ու այդ տհաճ հոտը 4-րդ հարկում ահավոր զգացվում է»,- ասում է Մերին։

Այս շենքի աղբատարների առնչությամբ էլ աղբահանության և սանմաքրման բաժնից ասացին, որ աղբատարն այս դեպքում էլ բացվել է բնակիչների որոշմամբ, մինչ այդ այն ևս փակված է եղել, այսինքն ունենք գրեթե նույն խնդիրը։ 

Ի՞նչ ժամկետներ են սահմանված աղբատարները մաքրելու համար, ինչո՞ւ չեն մաքրվում դրանք ժամանակին, և ի՞նչ լուծումներ կան այս ամենից խուսափելու համար՝ փորձել ենք պարզաբանել՝ զրուցելով Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի հետ։

Նրա խոսքով՝ աղբահանության ժամկետները հաստատվել են դեռևս 2007 թ․-ից։ Դրանք սահմանում են բազմաբնակարան շենքերից սպառման թափոնների հեռացում առնվազն երեք օրը մեկ, իսկ +5 և ավելի բարձր օդի ջերմաստիճանում՝ ամեն օր։ Վարչական շրջանի ղեկավարը նշեց, որ չնայած սահմանված կարգին՝ աղբահանության աշխատանքների իրականցման ժամանակ հնարավոր են հապաղումներ՝ պայմանավորված անկանխատեսելի դեպքերով, օրինակ՝ աղբատար մեքենան աղբախցին մոտեցնելու անհնարինությունը, ինչպես նաև այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ։

Ռազմիկ Մկրտչյանը խնդրի լուծման հնարավոր տարբերակը համարեց աղբատարի փակումը․«Հաշվի առնելով վերը նշվածը և շենքում սանիտարական վիճակի բարելավման անհրաժեշտությունը, ինչպես նաև համաճարակային վտանգները կանխելու նպատակով առաջարկում եմ փակել շենքի աղբախուցը, որից հետո շենքին հարակից՝ աղբատար մեքենայի մոտեցման հնարավորությամբ տարածքում կտեղադրվեն աղբաններ»։

Աղբահանության և սանմաքրման բաժնից էլ բնակչներին հորդորեցին լինել բարեխիղճ և ինքնուրույն որոշմամբ չբացել աղբատարները՝ խուսափելու համար տհաճ հետևանքներից։

Էմիլյա Հոսյան

2-րդ կուրս

Կիսվել