«Քսանչորս ժամից ավելի թատրոնում չլինելու դեպքում ինձ մենության, օտարության մեջ եմ զգում,...

«Քսանչորս ժամից ավելի թատրոնում չլինելու դեպքում ինձ մենության, օտարության մեջ եմ զգում, կարծես վատառողջ լինեմ»

821

Մոտ մեկ ամիս առաջ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Սոմա. կրակե օղակ» ներկայացման պրեմիերան: Այս ներկայացումը դարձավ  իմ զրուցակցի առաջին պրեմիերան թատրոնում։

Զրուցակիցս Վիգեն Պապոյանն է, որը փոքրուց ապրում է մշակույթի աշխարհում: Ինչպես ինքն է նշում, մշակույթի ու թատերարվեստի նկատմամբ իր սերն առաջացել է ընտանիքի շնորհիվ: Վիգենի հայրը մասնագիտությամբ ռեժիսոր է, իսկ պապը՝ Վիգեն Պավելի Պապոյանը, երկար տարիներ աշխատել է թատերարվեստի ոլորտում, եղել ՀԽՍՀ և ԽՍՀՄ Թատերական գործիչների միության անդամ:

Վիգենի մանկությունը սերտորեն կապված է թատրոնի հետ. «Մանկության տարիներն անցկացրել եմ տարբեր թատրոնների ետնաբեմերում ու մանկուց ականատես եղել այն առեղծվածային աշխարհին, որը գտնվում է վարագույրի հետևում ու հասանելի չէ հանդիսատեսի համար»: Իր բեմական առաջին քայլերն սկսել է անել, երբ 9-10 տարեկան էր և ուսանում էր Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի վոկալի բաժնում: Մասնագիտության առաջին ուսուցչի՝ Արմինե Ղուկասյանի շնորհիվ ստեղծված մյուզիքլի դերասանական կազմում Վիգենը հանդես է եկել տարբեր պրոֆեսիոնալ բեմերում՝ առաջնախաղը տալով Կամերային թատրոնում:

Տարիներ են անցել, սակայն զրուցակցիս կյանքում թատրոնը մնացել է կարևոր տեղում: Հիմա Վիգենը սովորում է Երևանի տարածաշրջանային N1 պետական քոլեջի «Դերասանական արվեստ» բաժնում, որը կավարտի մեկ ամսից:  

Վիգենը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Միմական անսամբլի (Միմանսի) արտիստ է: Նրան գրեթե միշտ կարելի է գտնել թատրոնում, եթե նույնիսկ չունի փորձեր կամ ներկայացումներ։ «Պայմանավորված թատրոնի զարգացման նոր ռազմավարությամբ, որը, ի դեպ, շատ ուրախացնող է, շաբաթվա գրեթե բոլոր օրերս անցկացնում եմ թատրոնում»,- ասում է: Կան ներկայացումներ, որոնցում ինքը ներգրավված չէ, սակայն անպայման գնում է այդ ներկայացումները դիտելու:   

Չնայած իր ծանրաբեռնված գրաֆիկին՝ փորձում է ամեն բան հասցնել: Եթե ազատ ժամանակ է գտնում, նախընտրում է այդ ժամանակն անցկացնել ընկերական շրջապատում: Որքան էլ որ թատրոնը անփոխարինելի լինի Վիգենի համար, նա չի հրաժարվում ֆիլմեր դիտելուց: Ասում է՝ երբեմն ընկերներով հավաքվում են ու մինչև ուշ գիշեր նստում, ֆիլմ դիտում կամ էլ սեղանի խաղեր խաղում:

Զրույցի ընթացքում խոսեցինք նաև «Սոմա. կրակե օղակ» օպերայի մասին, քանի որ մինչ այս ներկայացման պրեմիերան հանրության շրջանում լայն քննարկումներ էին սկսվել, և մարդիկ հակասական կարծիքներ էին հայտնում: Վիգենի դերասանական կարիերայում այս պրեմիերան կարևոր դեր ուներ. թատրոնում իր առաջին պրեմիերան էր, որի բեմադրման աշխատանքներում ներգրավված է եղել սկզբից, ի տարբերություն մյուս ներկայացումների, որոնց մեջ դեբյուտներ է ունեցել՝ ընթացիկ փորձին մասնակցելով:

Այն հարցին, թե ինչ էր զգում բեմ բարձրանալիս, Վիգենը միանգամից պատասխանեց՝ մեծ պատասխանատվություն: Ըստ զրուցակցիս՝ բեմական փորձերը տևել են ուղիղ երկու ամիս. «Արդյունքը, որպես արտիստի, ինձ համար ակներև է: Սա արտիստների մտքերում հեղափոխություն իրականացնող ներկայացում էր, քանի որ նախադեպը չուներ»: Բեմում դինամիկ ներկայացում է եղել, որտեղ բոլորը հանդես են եկել իբրև շարժիչ ուժ: Վիգենի համար այս ներկայացումը եզակիներից է, որի շնորհիվ արտիստները կարող են ցույց տալ իրենց մասնագիտական ունակությունները, դերասանական խաղը, մեկը մյուսից տարբերվող բնավորություններով կերպարները. «Եթե մենք ուզում ենք ունենալ ժամանակի պահանջներին համապատասխան թատրոն, ապա այս ներկայացումն ուղղակի անհրաժեշտություն է: Նոր ձևաչափ, ռեժիսորական նոր մոտեցում ու լուսային ռեժիսուրա, որը հանդիսատեսին ցուցադրում է թատրոնի լուսատեխնիկական հնարավորությունները»:

Հասկանալու համար՝ որքան կարևոր է թատրոնը Վիգենի համար, բավական է լսել նրա հետևյալ խոսքերը. «Թատրոնում օդն այլ է, չգիտեմ ինչպես բացատրել զգացածս, բայց լրիվ այլ է… Այն փոխում ու ոգևորում է մեզ, չի թողնում ստեղծագործական գործընթում հոգնել:  Քսանչորս ժամից ավելի թատրոնում չլինելու դեպքում ինձ մենության, օտարության մեջ եմ զգում, կարծես վատառողջ լինեմ»:

Թատրոնում Վիգենին դուր է գալիս խորհրդավոր լռությամբ ստեղծված մթնոլորտը: Ըստ նրա՝ Օպերային թատրոնը հզորագույն էներգետիկա ունեցող վայր է. «Փորձերից հետո, երբ  դահլիճում ու բեմում որևէ մեկը չկա, սիրում եմ նստել կիսամութ դահլիճում, որտեղ այնպիսի խորհրդավոր լռություն է տիրում, որ լսում ես նույնիսկ սրտիդ աշխատանքը: Այդ ժամանակ հասկանում ես, թե որքան մեծ ու հզոր էներգետիկա ունի այն վայրը, որտեղ ժամանակի ընթացքում ելույթներով հանդես են եկել մեր ու արտասահմանյան օպերային ու բալետային արվեստների մեծությունները»։

Անահիտ Նահապետյան

2-րդ կուրս

Կիսվել