2-րդ կուրսի Լիլիթի դաշնամուրն ու վոկալը

2-րդ կուրսի Լիլիթի դաշնամուրն ու վոկալը

939

Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում հաճախ կարող ենք հանդիպել ուսանողների, որոնք լրագրությունից դուրս մի շարք զբաղմունքներ ու տաղանդներ ունեն: Այդ ուսանողներից մեկը երկրորդ կուրսի ուսանող Լիլիթ Հովհաննիսյանն է: Առավոտյան ժամը 9:30-ից մինչև 14:15  Լիլիթի ձայնը կարող ենք լսել ռադիո կամ հեռուստաստուդիայում, իսկ դրանից հետո՝ արդեն սոցիալական ցանցերում, բայց արդեն ոչ թե լրագրողական նյութ ներկայացնելիս, այլ երգելիս: Լիլիթի հետ զրուցել եմ իր երաժշտական մանկության և այսօրվա մասին:

-Մինչ համալսարան ընդունվելը դպրոցի դասերին զուգահեռ սովորել ես երաժշտական դպրոցում և այն ավարտել կարմիր դիպլոմով: Ինչպե՞ս որոշեցիր, որ պետք է երաժշտական կրթություն ստանաս:

-Մենք ընտանիքում երեք երեխա ենք՝ ինձնից մեծ քույրս և փոքր եղբայրս, և երեքս էլ երաժշտական կրթություն ունենք: Ես և քույրս հաճախել ենք դաշնամուրի դասերի, իսկ  եղբայրս՝ շվիի: Մայրիկս է շատ կարևորել, որ երեքս էլ երաժշտական կրթություն  ստանանք, որովհետև կարծում էր, որ այն շատ կարևոր է. այլ կողմից է դաստիարակում երեխային, այլ ճաշակ է զարգացնում նրա մոտ:

-Իսկ ինչու՞ հենց դաշնամուր:

– Դաշնամուրի գնացել եմ սիրելով, քանի որ մայրիկս դաշնակահարուհի է, և այդ ժամանակ մեծ քույրս էլ էր դաշնամուր նվագում: Շատ մեծ հետաքրքրություն էր առաջացել, և ես էլ էի ուզում դաշնամուր նվագել:

-Երաժշտական դպրոցում մա՞յրդ է քեզ դասավանդել:

-Ոչ, քանի որ մայրիկս չի ցանկացել, որ իր երեխաներն իր դասարանում սովորեն: Նա կարծում էր, որ հնարավոր է՝ գլուխ պահեինք ու առիթից օգտվեինք, որ իր երեխաներն ենք: Այդ պատճառով էլ ես ու քույրս տարբեր ուսուցիչների մոտ ենք սովորել դաշնամուր նվագել:

-Ե՞րբ ես վերջին անգամ նվագել դաշնամուր:

Վերջին անգամ հինգ տարի առաջ եմ դաշնամուր նվագել։ Ցավով եմ նշում իհարկե: Մատներս հետ են վարժվել, և հիմա դժվարանում եմ ինչ-որ տեղ նվագելիս, որովհետև հեշտ չէ յոթ տարի դաշնամուրի գնալ, բարդ ծրագրով ավարտել ու հինգ տարի դադար տալ:

-Իսկ ո՞րն է պատճառը, որ այդքան տարի չես նվագել:

-Պատճառներից մեկը ուսանողական կյանքն էր: Պարապում էի համալսարան ընդունվելու համար և այդ ժամանակահատվածում ժամանակ չունեի նվագելու: Դրանից հետո Վայքից տեղափոխվեցի Երևան: Այստեղ էլ արդեն հնարավորություն չկար դաշնամուր նվագելու:

-Բացի նվագելուց, նաև երգում ես: Ո՞րն է ավելի հոգեհարազատ՝ նվագելը, թե՞ երգելը:

-Իրականում դժվար է ընտրություն կատարել երգելու ու նվագելու միջև: Ամեն դեպքում փորձում եմ համատեղել, չնայած որ երգելն ավելի հոգեհարազատ է ինձ:

-Վոկալի դասընթացների հաճախե՞լ ես:

-Այնպես էր ստացվել, որ երբ ընդունվեցի դաշնամուրի, գրանցվեցի նաև վոկալի դասերի: Սակայն ես չէի հաճախում այդ դասերին: Ընդամենը մեկ օր եմ գնացել: Երևի թե ինձ դասապրոցեսը դուր չէր գալիս: Իսկ հիմա այն, ինչ անում եմ տանը, ինձ շատ դուր է գալիս:

-Երգելու հետ կապված ի՞նչ ծրագրեր ունես:

Երգելը իմ հոբբին է: Սակայն եթե հնարավորություն ունենամ, համալսարանն ավարտելուց հետո ուսումս կշարունակեմ Կոնսերվատորիայում:

-Իսկ ի՞նչ ժանրերում ես քեզ տեսնում:

-Շատ սիրում եմ մեր աշուղների ստեղծագործությունները, բայց շատ չեմ կատարում: Հիմնականում երգում եմ էստրադային և ժամանակից երգեր:

-Սոցիալական ցանցերում հաճախ ես տեսանյութեր հրապարակում, որտեղ երգում ես: Շատերը մեկնաբանություններ են թողնում։ Արդյո՞ք քեզ համար կարևոր են մարդկանց կարծիքները:

Իմ սոցիալական բոլոր էջերը փակ են, և միայն իմ ընկերներն ու հարազատները կարող են տեսնել դրանք: Որևէ վատ արձագանքի չեմ հանդիպել: Մարդիկ միայն ոգևորում են, դրականն են տալիս: Ես ոգևորվում եմ, որ, օրինակ, «սթորի» բաժնում տեղադրում եմ իմ երգերից հատվածներ, ու նրանք հորդորում են ամբողջականը տեղադրել:

Ստորև՝ Լիլիթի երգից մի հատված, որ հորդորենք՝ ամբողջականը տեղադրի։

Անահիտ Նահապետյան

2-րդ կուրս

Կիսվել