Արցախը դրախտային երկիր է՝ ողողված արցունքով և արյունով. դաղստանցի գրող Գամիդ Ամիրով

Արցախը դրախտային երկիր է՝ ողողված արցունքով և արյունով. դաղստանցի գրող Գամիդ Ամիրով

839
Նկարը` A1Plus կայքից

Մոսկվաբնակ, ազգությամբ դաղստանցի գրող Գամիդ Ամիրովը գրել և հրատարակել է «Արցունքները դրախտում» գեղարվեստական վեպը, որ պատմում է 44-օրյա պատերազմի և դրա հերոսական դրվագների մասին։ Գիրքը թարգմանվել է հայերեն։ Գրքի վերջին էջերում հեղինակը գրել է 3000 հերոս տղաների անունները։ Journalist.am-ի հետ զրույցում Գամիդ Ամիրովը պատմել է վեպի գաղափարի, դժվարությունների և իր հետագա ծրագրերի մասին։

 –Ինչպե՞ս առաջացավ պատերազմի մասին գիրք գրելու գաղափարը։ Ինչո՞ւ հենց հայերի մասին։

-Գիրքը գրելու գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ Instagram-ում գրառումներ էի անում հայերի և պատերազմի մասին։ Գրում էի, որովհետև ցանկանում էի մարդկանց ցույց տալ իրականությունը։ Շատերը դրա մասին չգիտեն, և շատերը սխալ պատկերացում ունեն։ Նրանք կարծում եմ, թե Արցախը պատկանում է Ադրբեջանին։ Ես նպատակ ունեի փոխելու այս կարծիքը, որն ամրացված է այդ մարդկանց մտածողության մեջ։

 -Ինչու՞ հենց այս վերնագիրը` «Արցունքները դրախտում»։

-Արցախը գեղեցիկ, դրախտային երկիր է, որ ողողված է արցունքով և արյունով, ուստի այդպես էլ անվանել եմ` «Արցունքները դրախտում»։ Գրքի վերջում ես առակ եմ գրել, որպեսզի արդարացնեմ այս վերնագրի ընտրությունը. դրանք դառնությունով լի արցունքներն են, որ հոսում են դրախտում։

-Ի՞նչ խնդիրներ են առաջացել գիրքը գրելու ընթացքում։ 

-Նախ` չափազանց դժվար էր գտնել նյութեր։ Շատ կամավորներ պարզապես չէին ցանկանում պատմել. նրանք բոլորն էլ վհատված էին, տխուր։ Նաև իմ հայ չլինելու հանգամանքն էր բարդացնում գրելու ընթացքը. ես ստիպված էի շատ բան ուսումնասիրել և ստուգել։ Օրինակ` մի ճշմարիտ նախադասություն գրելու համար կարող էին շաբաթներ պահանջվել։

-Գիրքը գրելու ընթացքում ո՞րն է եղել ամենադժվար պահը։

-Անկեղծ ասած` ամեն ինչն էր դժվար։ Դժվար էր նկարագրել պատերազմը։ Ես ստիպված էի պարբերաբար խորհրդակցել տղաների հետ։ Քանի որ ես չեմ ծառայել, չեմ կռվել, ինձ համար իսկապես դժվար էր նկարագրել պատերազմական գործողությունները։ 

Դժվար էր նաև նկարագրել Ստեփանակերտը, քանի որ ես այնտեղ երբեք չեմ եղել։ Հիմնականում քարտեզներով էի նայում։ Տղաներն էլ էին ինչ-որ նկարներ ուղարկում։ Եվ իհարկե, հոգեպես էր շատ բարդ։ Ես հասկանում էի, թե ինչ ընթացք պետք է տամ և ինչպես պետք է ավարտեմ։ Ամբողջովին կլանված էի գրքով։ Իսկապես շատ բարդ էր։

-Ինչպիսի՞ն է եղել հանրության արձագանքը առաջին հրատարակությունից հետո։

-Առաջին տպաքանակը 40 րոպեում ցրվել է։ Մարդիկ այն հավանել էին (դա Մոսկվայի շնորհանդեսից հետո էր)։ Շատերը շնորհակալություն էին հայտնում, և շատ նոր կարդացողներ ցանկանում էին գնել գիրքը։ Բայց ցավոք, 2-րդ հրատարակությունը չստացվեց։ Այն ամբողջությամբ՝ հենց հրատարակչությունից էին գնել, հավանաբար ադրբեջանցիները, և գիրքը խանութներ պարզապես չէր հասել։  Ստացվում է` մարդիկ 2 ամիս սպասում էին, բայց գիրքը այդպես էլ չտեսան։ Երբ ես հասկացա, թե ինչ է կատարվում, պարզապես ինքս տպագրեցի այն, տպագրությունում տպաքանակ պատվիրեցի և ծանոթների միջոցով ուղարկեցի «Ամազոն» և «Վայլդբերիս» առցանց խանութներ։ Այժմ գրքերը այդտեղ էլ վաճառվում են։

-Եղե՞լ են պահեր, երբ ցանկանաք թողնել գրելը։ Ինչպե՞ս եք հաղթահարել դա։

-Ես երբեք չեմ ուզել թողնել այս գիրքն անավարտ։ Բայց ինչ վերաբերում է ուրիշ գրքերի, ապա, այո՛, նման ակնթարթներ եղել են։ Երբ ես արդեն որոշել էի գրել «Արցունքները դրախտում» գիրքը, դեռ կիսատ թողած գիրք ունեի` «Թափառող մարգարիտ» (“Блуждающая жемчужина”)։ Ես այդ ժամանակ արդեն այնքան էի կլանված Արցախի մասին պատմություններով, Հայաստանի պատմությամբ, որ ինձ համար բարդ էր ավարտել այդ գիրքը։ Թողնել գիրքը, իհարկե, ելք չէր, ուստի ես մեծ դժվարությամբ այն ավարտեցի և սկսեցի «Արցունքները դրախտում»-ը։

-Ունե՞ն, արդյոք, գրքի գլխավոր հերոսները իրական նախատիպեր, թե՞ այն ամբողջովին Ձեր երևակայության արդյունքն է։

-Գլխավոր հերոսները իրական նախատիպեր չունեն։ Դրանք հավաքական կերպարներ են։ Օրինակ` Մասիս պապը, որ եկեղեցում նստած տարբեր պատմություններ էր պատմում։ Սկզբում ես ուզում էի նրան քահանա դարձնել։ Ստեփանակերտում կա նման հոգևորական, որ օգնում էր բոլորին պատերազմի ժամանակ։ Նա շատ հարցազրույցներ էր տալիս, միշտ ինչ-որ հետաքրքիր պատմություններ էր պատմում։ Ես ուզում էի նրա մասին գրել գրքում, բայց ոչ թե հոգևորականի կերպարով, այլ պարզապես հասարակ ծերունու, որ մասնակցել է պատերազմին։

-Ո՞րն է գրքի Ձեր ամենասիրելի հերոսը։

-Իմ սիրելի կերպարը Ազատն է։ Նա մի որբ տղա է, ում տատիկն է մեծացրել։ Նա հասարակ տղա է, բայց միևնույն ժամանակ` քաջարի է և իսկական հերոս։ Գրքում հատված կա, որտեղ նա ասում է, որ նրա մայրը Հայաստանն է, իսկ հայրը` Արցախը։ Իսկապես հրաշալի կերպար է։

-Ո՞րն է գրքում Ձեր ամենասիրելի դրվագը։

-Կարծում եմ` հարսանիքի տեսարանը։ Դա մինչև պատերազմն է լինում։  Այդ տեսարանում Մասիս պապը կանգնում և կենաց է ասում այն մասին, որ յուրաքանչյուր տոնախմբության ժամանակ իրենք չպետք է մոռանան անմահացածներին, իրենք բոլորը մի մեծ ընտանիք են, մի ծառի ճյուղեր, և այսօր` հարսանիքի ժամանակ, մի նոր ճյուղ է ծնվել։

-Որքա՞ն ժամանակում եք գրել գիրքը։ 

-Գիրքը ես 3-4 ամսում եմ գրել։ Բայց նյութերն ու տեղեկություններն էլ եմ մոտավորապես 3-4 ամիս հավաքել։

-Ի՞նչ նոր ծրագրեր ունեք։ Ե՞րբ կկարդանք Ձեր հաջորդ գիրքը։ 

-Ես դեռ չեմ սկսել նոր բան գրել։ Անկեղծ ասած` ես այժմ խաչմերուկում եմ կանգնած։ Ուզում եմ գրել կովկասյան պատերազմի մասին` Դաղստանի, Չեչնիայի։ Բայց շատ դժվար է հիմա սկսելը, և ավելի դժվար է դրա մասին ինֆորմացիա գտնելը։ Այդտեղ շատ խնդրահարույց մասեր կան։ Ունեմ նաև երկրորդ ծրագիրը։ Այն է` գրել Հայաստանի և հայկական վերջին երեսուն տարվա պատմության մասին` արցախյան առաջին պատերազմի։ Այն մի ընտանիքի մասին է, որտեղ կինը հայ է, իսկ ամուսինը` ադրբեջանցի. թե ինչպես են նրանք գնում Ադրբեջան, և թե ինչպես են հարազատները նրանց կորցնում։ Սա զուգահեռ պատմությունն է, սյուժեի երկրորդ թելը։ Առաջին թելը ուզում եմ գրել հայ և ռուս երիտասարդության մասին, և թե ինչպես է հետո այս ամենը միաձուլվում ու ավարտվում ներկայիս պատերազմով։

Նկարը` Aravot.am կայքից

-Ի՞նչն է Ձեզ մոտիվացնում ստեղծագործելու ժամանակ։  Ինչպե՞ս է ազդում տրամադրության անկումը Ձեր գրչի վրա։

-Գրիչը ուզում եմ գցել այն պահերին, երբ այլևս ի զորու չեմ շարունակել գործս, երբ գլխումս ոչ մի բան էլ չի տեղավորվում։ Ես սկսել եմ գրքեր գրել անքննությունից։ Հաճախ դա պատահում է որևէ խնջույքից կամ հարսանիքից հետո։ Գալիս եմ տուն հարբած, ալկոհոլի ազդեցության տակ, և հանկարծ գլխումս նոր մտքեր և գաղափարներ են արթնանում։ Առավոտյամ ես կարդում եմ գրածս և զարմանում։ Բայց թողնել գրիչս երբեք չեմ պատրաստվել։ Այն իմ ապրելաձև է, իմ հոբբին։ Ինձ դուր է գալիս գրքեր գրելը, ինչ-որ նոր բան ստեղծելը։ Հատկապես, սիրում եմ այն պահը, երբ արդեն ավարտել եմ գիրքս և սկսում եմ կրկին ու կրկին կարդալ այն` զարմանալով, թե, արդյոք, այս ամենը ե՞ս եմ գրել։ Դա շատ հետաքրքիր է՝ գրել և տեսնել քո աշխատանքի վերջնարդյունքը։

Լուսինե Արտակի Հակոբյան

2-րդ կուրս

Կիսվել