Մենթալ թվաբանությունը Սևան բերած Հերմինե Գևորգյանն ու նրա «Արևները»

Մենթալ թվաբանությունը Սևան բերած Հերմինե Գևորգյանն ու նրա «Արևները»

1054

Հազարամյակներ գոյություն ունեցող, բայց վերջերս նորաձև դարձած մենթալ թվաբանությունը ինքնազարգացման ու կատարելագործման մեծ հնարավորություններ է տալիս։ Այն ուսուցման նոր ու լայն թափով զարգացող հեռանկարային մեթոդ է, որի միջոցով երեխաները, զարմանալի արագությամբ, գումարում, հանում, բազմապատկում են թվերը և լուծում բարդ խնդիրներ։

Մանկավարժ Հերմինե Գևորգյանը, ով դպրոցում դասավանդում է «Հասարակագիտություն» առարկան, իր ստեղծած կենտրոնում երեխաներին սովորեցնում է մենթալ թվաբանություն։ Գաղափարի ու Սևան քաղաքում մենթալ թվաբանության կենտրոնի ստեղծման մասին զրուցել ենք կենտրոնի հիմնադիր և մարզիչ Հերմինե Գևորգյանի հետ։

– Ե՞րբ եք սկսել հետաքրքրվել մենթալ թվաբանությամբ։

– Հետաքրքրությունը սկսվել է 2019 թվականի աշնանից։ Այդ ժամանակ նպատակ ունեի Սևանում մանկական զարգացման կենտրոն բացել։ Ուսումնասիրեցի տարբեր կենտրոնների ծրագրերը։ Փորձի փոխանակման համար գնացի մի քանի կենտրոններ։ Մենթալ թվաբանությունն ինձ համար բացահայտվեց այդ ժամանակ, և որպես մեթոդ` այն ինձ շատ հետաքրքրեց։ Սկսեցի տեղեկատվություն հավաքել ու զգացի, որ դրանով զբաղվելն ինձ դուր է գալիս։ Որոշեցի տիրապետել մենթալ թվաբանությանն ու վերապատրաստվեցի որպես մարզիչ։ Այս շրաջնում կորոնավիրուսի համավարակը բռնկվեց ու դանդաղեցրեց պրոցեսը, բայց երկու-երեք ամիս սպասելուց հետո որոշեցի հայտարարություն տալ և օնլայն տարբերակով սկսել դասընթացները։ Այդպես սկսեցի աշխատել:

Որքա՞ն ժամանակում սովորեցիք մենթալ թվաբանության լեզուն։

– Վերապատրաստումները հնգօրյա էին, սակայն երեք օրում ես արդեն յուրացրել էի մենթալ թվաբանության լեզուն։ Այն փուլերով է ընթանում, բայց պետք է ինքդ քո վրա շատ աշխատես։ Այնպես չէ, որ եթե միայն սկզբունքը գիտես, ուրեմն բավարար է։

– Այժմ Դուք «Արևներ» մենթալ թվաբանության կենտրոնի հիմնադիրն ու մարզիչն եք։ Ինչպե՞ս ստեղծվեց կենտրոնը։

– Կենտրոնի ստեղծման գաղափարի հեղինակը, հովանավորը, ղեկավարը, մարզիչը ես եմ (ժպտում է,-հեղ.)։ Կենտրոնն իմ քրտնաջան աշխատանքի ծնունդը դարձավ։ Մի քանի ամիս պարապելուց հետո որոշեցի, որ պետք է կենտրոն հիմնել։ Մենթալ թվաբանությունը Սևանում մեծ հետաքրքրություն առաջացրեց, թեև նորություն էր և շատ տարածված չէր, բայց կարողացանք այնպես անել, որ հետաքրքրություն առաջանա, և երեխաները շատ սիրեցին։ Դա էր պատճառը, որ որոշեցի հենց կենտրոն հիմնել։ Հիմա բավական լավ հունով առաջ ենք գնում։

– Այժմ քանի՞ աշակերտ է սովորում «Արևներ» մենթալ թվաբանության կենտրոնում։

– Երեխաների թիվը ավելանում է։ Առկա և օնլայն ձևաչափով են դասերն անցկացվում։ Սևանից և Հայաստանի տարբեր մարզերից մոտ 6 տասնյակ երեխաներ են մասնակցում դասընթացներին։ Նույնիսկ արտերկրից` Ռուսաստանից և Ամերիկայի Միացյալ Նահանգներից ունենք աշակերտներ, ովքեր օնլայն տարբերակով մասնակցում են մենթալ թվաբանության դասընթացներին։

– Դժվար չէ՞ միաժամանակ դպրոցում` ուսուցիչ, կենտրոնում մարզիչ լինելը։

– Դժվարությունը ժամանակի հետ է կապված։ Ժամանակը չի հերիքում։ Ինձ թվում է, որ եթե օրը 36 ժամ էլ ունենար, միևնույն է կասեի, որ չի հերիքում։ Ընդհանուր առմամբ, մեկը մյուսին նույնիսկ օգնում է, որովհետև մանկավարժի ունեցած կրթությունն ու փորձը ինձ շատ օգնեցին այս ոլորտում կայանալու համար, քանի որ տարբեր տարիքի երեխաների ու խմբերի հետ եմ աշխատում` սկսած 5 տարեկանից մինչև 15։ Դպրոցում իմ աշխատանքը հիմնականում 8֊րդ դասարանից բարձր աշակերտների հետ է։ Դպրոցի փորձը ինձ շատ օգնեց թե՛ երեխաների, թե՛ ծնողների հետ փոխհարաբերություններում։ Ժամանակն էլ, եթե ավելի շատ լիներ, շատ ավելի լավ կլիներ։

– Մենթալ թվաբանության կենտրոնում հաջողությամբ սովորելու համար պե՞տք է հատուկ մաթեմատիկական ընդունակություններ ունենալ:

– Մենթալ թվաբանությունը հենց դրանով է առանձնահատուկ, որ այն մաթեմատիկա չէ։ Ծնողներին, ովքեր իրենց երեխաներին բերում են ընդունելության, ի սկզբանե ասում եմ, որ սա մաթեմատիկա չէ, որովհետև շատերի մոտ այդ թյուր կարծիքն է, որ սա մաթեմատիկական հմտություններ է ձևավորում, բայց ոչ։ Մենթալ թվաբանությունը զարգացնում է կողմնակի շատ այլ ունակություններ, քան ուղղակի հաշվարկներ կատարելը։ Հաշվարկներ կատարելը տեսանելի արդյունքն է ուղղակի։ Կան երեխաներ, որոնք մեզ մոտ զրոյից սկսում են մաթեմատիկական պարզագույն գործողությունները սովորել։ Նախադպրոցական երեխաները նույնիսկ թվերն են մեզ մոտ սովորում։ Այն իրենից առանձնահատուկ գիտելիքներ չի պահանջում։ Հետո, իհարկե, այս ամենը լրացնում է մաթեմատիկային ու օգնում։

– Ո՞ր տարիքից կարող են ուսումնասիրել ու զբաղվել մենթալ թվաբանությամբ, ինչի՞ց կարելի է սկսել։

– Ես ինքս` մինչ վերապատրաստվելը, մեթոդին ծանոթացա հենց այնպես, ուղղակի տեսանյութեր դիտելով։ Երբ գնացի վերապատրաստման, արդեն շատ բաներ գիտեի դիտածս տեսանյութերից, քաջատեղյակ էի, իսկ մնացած սկզբունքները բացատրեց իմ վերապատրաստման մարզիչը։ Սկսելու համար ամենակարևորը ցանկությունն է ու նպատակը, որովհետև, եթե գիտես` ինչի համար ես սկսում, հաստատ արդյունքի կհասնես։ Ամեն դեպքում, եթե ուզում ես նպատակին հասնել, պետք է գնաս առաջ։

– Ինչպե՞ս կմեկնաբանեք այն կարծիքը, թե մենթալ թվաբանությունը բթացնում է ուղեղը։

– Դա թյուր կարծիքներից մեկն է։ Երբեմն ասում են` նաև ռոբոտացնում է, դադարում է երեխան մտածել, բայց այդպես չէ, որովհետև այն մարզում է ուղեղը, և ուղեղի համար ուղղակի սպորտաձև է։ Կամ հաճախ են ծնողներն ինձ հարցնում, թե իրենց երեխան ե՞րբ կսկսի այսպես հաշվել։ Այս դեպքում ես միշտ պատասխանում եմ, որ ենթադրենք՝ երեխային տանում եք լողի, որևէ մարզաձևի, հաստատ չեք ասում չէ՞, թե երեխան երբ կսկսի պրոֆեսիոնալ լողորդի նման լողալ։ Այսինքն` սա անհատական կողմ ունի։ Երեխաներ կան, որոնց մոտ միանգամից մեծ առաջընթաց է լինում, երեխաներ էլ կան` յուրացման ընթացքը դանդաղ է լինում։ Սա անհատական կողմն է։ Չես կարող ասել, որ այսքան ամսից հետո այս արդյունքը կունենաս։ Բնականաբար, բացահայտում եմ երեխաների ուժեղ և թույլ կողմերը, որպեսզի կարողանամ աշխատել դրա վրա։ Այլապես` և՛ ինքը կձախողի, և՛ ես։

– Վերջերս մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադայում Ձեր աշակերտները գրավեցին առաջին երեք հորիզոնականները։ Այս մրցույթն առաջի՞ն ձեռքբերումն էր Ձեր մասնագիտական ոլորտում։

– Վերջին ժամանակներում մենք երկու օլիմպիադաների մասնակցեցինք, մինչ այդ օնլայն օլիմպիադաների ենք մասնակցել։ Մենթալ թվաբանության մեջ հաղթողների տարբեր սանդղակներ գոյություն ունեն։ Կան սուպեր չեմպիոնական տիտղոսներ, կան առաջին, երկրորդ, երրորդ տեղեր։ Մենք կարողացանք տարբեր հորիզոնականների հաղթողներ ունենալ` և՛ առաջին, և՛ երկրորդ, և՛ երրորդ։ Հիմնականում, այս վերջին միջազգային մրցույթին տարել էինք ոչ այդքան փորձառու երեխաների, բայց բավական լավ դրսևորվեցին։ Օնլայն միջազգային օլիմպիադաների ևս մասնակցել ենք։ Նույնիսկ միջազգային օլիմպիադայում լավագույն քսանյակի մեջ ընդգրկված երկու աշակերտ ունենք։ Դրանից ընդհամենը 2 շաբաթ առաջ համահայկական օլիմպիադայի էինք մասնակցել, որն ավելի փոքր մասշտաբի էր։ Իսկ օնլայն ձևաչափով շուրջ 6000 մասնակից ունեցող մրցույթի ենք մասնակցել։ Այն ավելի մեծ էր իր մասշտաբով ու այնտեղ էլ բավական լավ արդյունքներ ունեցանք։ Երեխաները մրցում էին՝ ըստ իրենց տարիքային խմբերի ու ըստ իրենց անցած թեմաների։

– Ունե՞ք սուպերչեմպիոնական աշակերտներ։

– Սուպեր չեմպիոնականներ դեռ չունենք։ դրան հասնում են շատ երկար ժամանակ պարապելուց հետո, իսկ մենք դեռ այդքան պարապած երեխաներ չունենք։Սուպեր չեմպիոնները գումարում են բոլոր տեսակի թվերը` եռանիշ, քառանիշ, նաև բազմապատկում են, բաժանում, և այդ ամենը ֆանտաստիկ արագությամբ։ Այդ արագության ընթացքում մարդիկ չեն հասցնում թվերը տեսնել, իրենք արդեն գումարում, հանում են։ Մենք ունենք շատ լավ պոտենցիալ ունեցող երեխաներ, որ ես վստահ եմ` իրենք հաստատ հասնելու են սուպերչեմպիոնության։

– Ապագայում ի՞նչ ծրագրեր ունեք` երեխաների հետաքրքրությունը շարժելու և մենթալ թվաբանության կենտրոնում նրանց ներգրավելու համար։

– Ծրագրերը ոչ թե ապագայում, այլ, ընդհանրապես, միշտ էլ լինում են` մեր սաներին ոգևորելու համար։ Ապագայում էլի շատանալու են։ Ամեն դասին իրենց ոգևորելու համար ունենք հատուկ մշակված ծրագիր։ Գնահատումն էր իրականացնում ենք հնարավորինս ստեղծագործական մոտեցմամբ՝ լավ արդյունք ցուցաբերածները «հավաքում են» «Արևներ» մենթալ թվաբանության կենտրոնի լոգոյով կպչուկներ, որոշ ժամանակ անց կազմակերպում ենք մրցանակաբաշխություն, ու ով ինչքան արև հավաքի, դրա դիմաց մրցանակ է ստանում։ Փոխանակում է իր արևները նվերի դիմաց։ Սա շատ է ոգևորում իրենց ու ամեն դասի գալիս են` այդ «արևների» հույսով։ Հետագայի համար էլի բազմաթիվ ծրագրեր կան` երեխաներ ներգրավելու, հետաքրքություններ ավելացնելու և օլիմպիադաների մասնակցության համար, որոնք անպայման կիրականացնենք։

Լուսինե Հենրիկի Հակոբյան

2-րդ կուրս

Կիսվել