«Մարդն առանց նպատակների նույնն է, ինչ անտառն առանց ծառերի». կոշկակար Էդուարդը

«Մարդն առանց նպատակների նույնն է, ինչ անտառն առանց ծառերի». կոշկակար Էդուարդը

819

Կոշկակար Էդուարդն իր գործով ապացուցում է, որ ինչպես մարդկային հարաբերությունների կառուցման մեջ են կարևորվում սերը, հարգանքն ու նվիրումը, այնպես էլ ամենօրյա աշխատանքում:

– Ինչու՞ հենց կոշկակար, Էդուարդ:

– Շատ հետաքրքրեց հենց առաջին հայացքից կոշկակարությունը: Մեխերը ամրացնել կաղապարին, վրաքաշ անել, ձևավորել, հետ քաշել մեխերը. ուղղակի սիրեցի միանգամից: Բացի դա, գեների մեջ եղել է, հորեղբայրներս, եղբայրս, եղբորս տղան, մյուս հարազատներից ևս հմուտ կոշկակարներ են եղել, ես էլ այդ ուղին ընտրեցի:

Ե՞րբ և ինչպե՞ս արեցիք առաջին քայլը:

– Ութերորդ դասարանում էի սովորում, երբ բարեկամներիցս մեկը կոշիկի արտադրամաս բացեց, օգնում էի իրեն մանր-մունր գործերում: Հետո, երբ մոտս հետաքրքրություն առաջացավ, խնդրեցի, որ ինձ սովորեցնեն, հա՛մ արհեստ կունենայի, հա՛մ իրենց կօգնեի: Ու սովորեցրին քիչ-քիչ, մի օր մի բան էի սովորում, մի օր՝ մեկ այլ բան: Սկզբում դժվար էր, խեղճանում էի. երեխա էի, թացը չորից չէի տարբերում: Ժամանակի ընթացքում հմտացա, չնայած մինչև հիմա էլ ընթացքում մի նոր բան սովորում եմ:

– Քանի՞ տարի է արդեն, որ կոշկակարությամբ եք զբաղվում:

– Երեսունհինգ տարի կլինի հեչից: Ամեն ոլորածս մեխի հետ տարիները ոլորվեցին ու անցան, մենք էլ հետը հավասար հոլովվեցինք ու մի օր էլ մենք կանցնենք (ժպտում է,-հեղ.):

– Հիմնականում ձեր տա՞նն եք աշխատում, չե՞ք մտածել երբևէ սեփական արհեստանոց ունենալու մասին:

– Այո, հիմանակում տանն եմ աշխատում, մանավանդ վերջին ժամանակներում: Ճիշտն ասած, նման մտքեր միշտ եմ ունենում, բայց միշտ չէ, որ հնարավորությունները կարող են թույլ տալ դրանք իրագործելու: Եղել է, որ որոշել ու նույն պահին մի բան ձեռնարկել եմ, բայց մեկ էլ իմ կամքից անկախ մի այնպիսի բան է պատահել, որ մի րոպեում հօդս են ցնդել որոշումներս: Չգիտեմ, գուցե, հնարավոր էր ինչ-որ բան անել, բայց չեմ արել, թերացել եմ կամ ծուլացել, ո՞վ գիտի:

– Իսկ ի՞նչն է կարևորը այս արհեստում:

– Համբերությունը, համբերությունը ու էլի համբերությունը: Հետո՝ զգուշությունը, գործը սիրելը, անկեղծ սիրելը: Եթե ես ընտրել եմ այս աշխատանքը, պիտի սիրեմ ամբողջ հոգով, հակառակ դեպքում ոչ մի հաջողության չեմ հասնի: Ու խոսքը ստիպողաբար, ստիպված, չուզենալով ձեռք բերված աշխատանքի մասին չէ, այլ այն աշխատանքի, որի մասին միշտ մտածել ու երազել ես:

– Ըստ Ձեզ՝ ի ՞նչ հմտություններ պետք է ունենա լավ կոշկակարը:

– Նախ ճարպիկ պիտի լինի հմուտ կոշկակարը, աչքաբաց, ճաշակի զգացողություն պիտի ունենա, կրեատիվություն պիտի ունենա, ու ինչպես կասեր հայոց լեզվի դասատուս՝ թևածող միտք պիտի ունեն: Կոկիկ, պարտաճանաչ էլ պիտի լինի: Ազնվության մասին չեմ էլ խոսում, բայց շուստրի էլ պիտի լինի: Օրինակ՝ երբ անփորձ էի դեռ, կոշիկ էին ցույց տալիս, ասում, թե ա՜յ սա եմ ուզում, նեղսրտում էի, թե ո՞նց ստանամ հենց նույնը, ժապավենը ո՞նց նույնությամբ անեմ: Վարպետս, ով սովորեցրել էր ինձ, ասաց շուստրի եղիր, դու առաջարկիր, ալբոմը բացիր դու ցույց տուր, ասա սա կսազի ավելի, տակից դուրս արի: Սկսեցի հետևել վարպետիս խոսքին, ու պատվերներ չեղարկելը քչացավ:

– Էդուարդ, ինչո՞վ եք առանձնանում մյուս կոշկակարներից:

Նայելով կոշիկին՝ կարող եմ եզրակացություններ անել դրա տիրոջ մասին: Եթե կոշիկը կոկիկ է, մաքուր է, միանգամից զգացվում է, որ այդ մարդը կոկիկ մարդ է։ Եթե կոշիկը կեղտոտ եղավ, ուրեմն փնթի է, իրեն չի գնահատում: Ի դեպ, ինձ հետ աշխատող մյուս կոշկակարները մի քանի անգամ ականատես են եղել իմ գուշակություններին, որոնք վերջում ճիշտ էին դուրս գալիս:

– Կոշկակարի արհեստը շահավե՞տ գործ է:

– Առաջ այո, հիմա՝ ոչ: Դե, կոշկակարությունը հին մասնագիտություն է, առաջ մարդիկ տրեխներ էին հագնում, որոնք ձեռքով էին պատրաստվում ու հեշտ չէր պատրաստելը, հնարավորությունները շատ չէին, այսօրվա նյութերը, տեխնիկաները չկային, որ միանգամից արվեր, երկարատև ու ծանր աշխատանք էր տարվում: Դա էլ ըստ արժանվույն էր վարձատրվում, ու տրված գումարով կարելի էր ճոխ ապրել: Ասյօր այդպես չէ, շահավետ չէ: Ուղղակի, որ գիտակցում ես, որ լավ գործ ես անում, օգտակար գործ ես անում, լավ ես զգում քեզ, գումարը դեռ մի կողմ: Կոշիկը կարում եմ կամ նորոգում եմ ու հասկանում, որ մեկն էլ կոշիկ կունենա, առանց կոշիկ չի մնա: Այդ ժամանակ հանգիստ եմ զգում ինձ, ոչինչ, որ փողը քիչ է:

– Լինո՞ւմ է, որ պատրաստում եք, ու գումարը չեն տալիս:

– Այսքան տարի աշխատել եմ, ու նման դեպք ինձ հետ չի պատահել: Եղել է, որ ուշացնեն ինչ-ինչ պատճառներով, բայց մեկ է, վերջում տվել են գումարը, քանի որ իրենց սեփական աչքով են տեսնում, թե ինչքան ենք տանջվում, հոգնում: Վերջիվերջո անխիղճ չէ մեր հայ ազգը:

– Էդուարդ, այսօր երիտասարդները այս արհեստով զբաղվու՞մ են:

– Երիտասարդները այսօր փախչում են այս արհեստից: Բարդ մասնագիտություն է, ավելի հեշտի հետևից են գնում: Այս հեշտացված դարում էլ ո՞վ կցանկանա զբաղվել դժվար ու քիչ վարձատրվող աշխատանքով:

– Աշակերտներ ունեցե՞լ եք կամ ունե՞ք:

– Առաջ ունեի աշակերտներ, հիմա՝ ոչ: Մեկին լավ հիշում եմ, շատ ընդունակ աշակերտ էր, ափսոս, որ հեռացավ երկրից: Հիմա չգիտեմ, թե ուր է, ինչով է զբաղվում, արդյոք, կոշկակարի գործը շարունակեց:

– Ձեր զավակները շարունակելո՞ւ են Ձեր գործը:

– Կարծում եմ՝ ոչ: Ասում են, պապ, ո՞նց ես անում, մեզ 1 միլիոն դոլար տան, չենք անի: Դժվար գործ է, ամեն մարդ գլուխ չի հանի, իրենք էլ իրենց չեն տեսնում այս մասնագիտությունում:

– Իսկ տան անդամները օգնու՞մ են Ձեզ:

– Միայն կինս, երբ «թեթև» գործեր են լինում դասավորելու, տեղավորելու, անում է: Մեկ-մեկ, որ շատ հոգնած եմ լինում, սոսինձը ինքն է քսում, մնացած գործերը կոշկակար Էդուարդն է անում: Բայց գիտեք, չէ՞, լավ եմ զգում ինձ, երբ ասում են կոշկակար Էդուարդ, զիլ է հնչում:

– Կոշկակարության արհեստում ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել, ինչպիսի՞ն էր կոշկակարությունը առաջ և հիմա:

– Երևի սկսենք մեխերից, որոնք այն ժամանակ այնքան էլ մեխ չէին, այլ փայտից ամուր, սուր բաներ էին լուցկու փայտի պես, որոնցով ծակում էին կաշին, ամրացնում, ասեղ-թելով կարում: Հետո սոսինձը այն ժամանակ ուրիշ էր, եգիպտացորենի ալյուրով խյուս էին պատրաստում, մի քանի բան ևս ավելացնում, ու սոսնձանման նյութ էր ստացվում: Դա կտորը կամ կաշին քարացնում էր, այդպես աշխատում էին, մինչև, որ նորամուծություններ արվեցին, տեխնիկայով սկսեցին կաղապարները պատրաստել, կարելու պրոցեսը հեշտացավ, արագացավ:

– Ո՞րն է ամենազվարճալի պատմությունը, որը պատահել է Ձեզ հետ աշխատանքի ընթացքում:

– Ես մի տարօրինակ սովորություն ունեմ, երբ մենակ եմ մնում, սկսում եմ կոշիկների հետ խոսել: Մի օր այդպես զրուցում էի, հարցեր էի տալիս կոշիկին ու պատասխանում: Մի կին ներս մտավ, զարմացած նայեց շուրջս, տեսավ, որ ոչ մեկ չկա, ասաց՝ Էդուարդ ջան, լա՞վ ես քեզ զգում, ասացի՝ հա, ասաց՝ չէ, ոնց որ հոգնած ես, թե հալյուցինացիաների մեջ ես ընկել, սենյակում մարդ չկա, դու քեզ ու քեզ հարց ես տալիս, պատասխանն էլ՝ հետը: Ու զգում եմ, որ սփրթնել էր այդ կինը, սկսեցի հոգու հետ խաղալ, թե, իրոք, լավ չեմ զգում ինձ: Այնքան արեցի, որ բժիշկ կանչեց, վերջում ասացի՝ ինչը ինչոց է: Սա մոտ 10 տարվա պատմություն կլինի:

– Ո՞րն է ձեր կյանքի կարգախոսը:

– Ամեն գնով հասնել նպատակիս: Սա է կյանքիս կարգախոսը: Մարդն առանց նպատակների նույնն է, ինչ անտառն առանց ծառերի: Նպատակներն են առաջ մղում, ու յուրաքանչյուրս պետք է իմաստալից նպատակներ դնենք մեր առաջ, ամեն գնով հասնենք դրանց:

– Իսկ ապագա՞ն։

– Ընդհանրապես ես լավատես մարդ եմ ու մեծ հույսեր ունեմ ապագայի հետ, բայց հիմա ոչինչ չեմ կարող ասել, կապրենք՝ կտեսնենք: Ինչպես կստացվի, այնպես կանենք, հնարավորությունների մասին ասացի, եթե դրանք լինեն, շատ բաներ կարող ենք անել: Ուղղակի պետք է հստակ նպատակ դնել, օրինակ ունենալ սա, որ կարողանալ անել նա: Դա է ճանապարհը:

Սաթենիկ Խալաթյան

2-րդ կուրս

Կիսվել