Սեպտեմբերից ԵՊՀ-ում կփոխվի գնահատման կարգը

Սեպտեմբերից ԵՊՀ-ում կփոխվի գնահատման կարգը

916

ԵՊՀ-ում նոր ուումնական տարվանից բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնական գործընթացի կազմակերպման կարգը  փոփոխվելու է։ Ըստ նոր փոփոխության, գնահատականի դրական շեմը դարձել է 10 միավորը: Եթե նախկինում եզրափակիչ կամ միջանկյալ քննությանն ուսանողը ստանում էր դրական 8 միավորը, ապա հիմա այդ 0-9 միավորները համարվելու են անբավարար։ Սա չի վերաբերում միասնական քննությունների ժամանակ բուհ ընդունվելու համար բավարար համարվող 8 միավորին:

Սույն կարգն ուժի մեջ է մտնում 2022 թ. սեպտեմբերի 1-ից և տարածվում է 2022/2023 ուստարում և դրանից հետո ԵՊՀ ընդունված ուսանողների վրա։ ԵՊՀ Ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի վարիչ Արմեն Սարգսյանի խոսքով՝ կատարվել է կարգի 3 բաղադրիչի փոփոխություն. «Առաջին փոփոխությունը բազմագործոնն է, որը պետք է իրականացվի դասախոսի ազատության աստիճանը կարևորելու համար, այսինքն՝ դասախոսն ազատ կլինի իր ընտրության մեջ։ Միայն մեկ բաղադրիչով ուսանողը դրական միավոր վաստակել  չի կարողանալու, այսինքն՝ ընթացիկներին չգալ և եզրափակիչ քննությանը գալ 8 ստանալ. այդ բանը պետք է չլինի։ Այդ գործոնները հաշվի առնելով՝ որոշեցինք փոփոխություններ կատարել։ Փոփոխության է ենթարկվել նաև անցողիկի  շեմը։ Դա նաև գալիս է նրանից, որ չկա որևէ այդպիսի ԲՈւՀ, որտեղ գնահատման կարգի 40%-ը լինի դրական, առնվազն 50%, 60% է համարվում դրական։  60%-ը դնել գնահատման շեմը, դա շատ խիստ կլիներ (12 միավոր)։ Եթե 100 միավորանոց լիներ գնահատման ձևը, կդնեինք 60%-ը դրական, բայց այս պարագայում գոնե 50%-ը նորմալ է և ընդունված»։

Այս տարվա սեպտեմբերից մագիստրատուրա և բակալավր ընդունվողների համար կգործի այս գնահատման  կարգը։ Նոր ուստարվա գնահատման դրական շեմը կլինի 10-ը, իսկ նե րկայիս ուսանողները կշարունակեն սովորել հին կարգով։  Նախկին 13-17 միավորի «լավ»  համարվելու փոխարեն, հիմա «լավ» է համարվում 14-17-ը։  Մագիստրատուրա ընդունվելիս  այս շեմը ևս կբարձրանա։ 

«Ուսանողների համար կրթությունը մղվել է երկրորդ պլան, դրա համար հաճախելիությունը տուժում է, և դասերին մասնակցությունն ուսանողին կտա հավելյալ 0-ից 3 միավոր, սակայն դասախոսներն ազատ են այս հարցում։ Դասախոսն է որոշում 0-ից 3 միավոր կտա՞  ուսանողին ներկայության համար, թե՞ այդ միավորները կլրացվեն այլ կերպ»,- հավելեց ԵՊՀ Ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի վարիչ Արմեն Սարգսյանը։

Եթե ուսանողը չունի բավարար միավորներ, այսինքն՝ունի 12 կրեդիտանոց պարտք, պետք է կրկնի և վերահանձնի դասընթացը մինչև 3-րդ կուրսի վերջ, քանի որ 4-րդ կուրս փոխադրվելու համար պետք է կրեդիտային պարտք չունենա։ Քննաշրջանի արդյունքներով դրական(10 և բարձր) միավոր ստացած ուսանողին տվյալ դասընթացը վերահանձնել չի թույլատրվում։

ԵՊՀ Ժուռնալիստիստիկայի ֆակուլտետի փոխդեկան Անահիտ Մենեմշյանի կարծիքով՝ տվյալ փոփոխությունները դրական ազդեցություն կունենան և կնպաստեն  կրթական մակարդակի բարձրացմանը և բացակայությունները նվազագույնի կհասցվեն։

 «Այս փոփոխության շնորհիվ ուսանողն այլևս համալսարանը չի ավարտի 8 միավորներով։ Հիմա ուսանողը կկարողանա ամբողջ կիսամյակի ընթացքում ընթացիկ աշխատանքների շնորհիվ ( գործնական աշխատանքներ) կուտակել միավորներ։ Այս ամենը տանում է նրան, որ ուսանողը պարտաճանաչ հաճախի դասերին և յուրացնի կրթական ծրագրի 50%-ը և ավելին»։

Սիլվի Պետրոսյան

Մերի Սահակյան

3-րդ կուրս

Կիսվել