Մի քանի ամիս առաջ կուրսընկերներներիս հետ ուսումնասիրում էի մեդիահոգեբանություն։ Առարկայի շրջանակներում ծանոթացանք մի տեսության, ըստ որի՝ մարդու սպառած բովանդակությունն անմիջական ազդեցություն ունի իր հոգեվիճակի վրա։ Ըստ այս տեսության՝ եթե մարդը մի քանի օր շարունակ սպառի բացասական բովանդակություն՝ սպանություններ, արյունալի կադրերով ֆիլմեր ու տեսառեպորտաժներ, ապա հնարավոր է՝ շատ շուտով նրա մոտ առաջանա հոգեբանական անհավասարակշռություն։
Ասվածը որոշեցի ստուգել սեփական փորձով․ մի քանի օր կարդում էի սպանությունների մասին դետալային մանրամասներով պատմող գիրք, դիտում էի սպանությունների լուսաբանումներ ու դրանց առնչվող ֆիլմեր, ազատ ժամանակ լսում էի երաժտություն՝ հիմնականում ծանր ռոք։ Տարվելով նոր հետաքրքրություններովս՝ ես արդեն մոռացել էի իմ փորձարկման մասին ու պարզապես բավարարում էի անձնական հետաքրքրությունս։ Սակայն շուտով ընկերներս ու ես նկատեցինք տրամադրությանս կտրուկ տատանումները, տրամադրությանս անկումը՝ առանց պատճառի հստակ գիտակցման։ Շատ դժվարությամբ գլխի ընկա․ միգուցե սպառածս բովանդակո՞ւթյունն էր վատ վիճակիս պատճառը․․․
Ապագա հոգեբան Տաթև Մաշինյանն ինձ հետ կատարվողը մեկնաբանեց հետևյալ կերպ․ «Երբ անընդհատ քեզ շրջապատում ես բացասականով, նույնպիսի էներգիա ես կուտակում նաև քո մեջ․ դա պիտի ունենա իր ազդեցությունը»։ Ըստ հոգեբանի՝ նման ազդեցությունները հնարավոր են հատկապես այն դեպքում, երբ մարդը չափազանց տպավորվող է։ Ընդ որում, հնարավոր է ոչ միայն տպավորվել բացասականով ու առօրյայում դրսևորել, օրինակ, ագրեսիվ վարք, այլև տպավորվել դրամաներով, մելոդրամաներով, անգամ՝ կատակերգություններով։ Վատ բովանդակությունը կարող է անդրադառնալ նաև քնի որակի վրա՝ վատ երազներով անհանգիտ քուն, ապրել վախերի մեջ և այլն։ Նման մարդիկ հակված են նաև շրջապատում ավելի ագրեսիվ լինելու՝ անգամ իրենց հարազատների հետ նյարդային շփվելով, ամեն ինչում կռիվ ու խնդիր փնտրելով և այլն։
Ինչո՞ւ էի ես անընդհատ զգում բացասական բովանդակություն սպառելու պահանջ։ Ըստ հոգեբանի՝ սա յուրահատուկ կախվածություն է՝ դեստրուկտիվ էսթետիկա․ «Երբ մեզ հանդիպում է «Չկարդա՛ք այս հոդվածը», «Չբացել այս հոլովակը» և այլ նման վերնագրերով նյութեր, մեր մեջ շատ ավելի է մեծանում այն դիտելու, կարդալու ցանկությունը»։
Փորձեցինք դիտարկել նաև միջազգային փորձը և հանդիպեցինք մի քանի ուսումնասիրությունների։ Ըստ հոգեբաններ Ռոյլանդ Օրեբմանի և Մարգարիտ Պոմասի փորձարկումների՝ մարդկանց հուզական վիճակի փոփոխությունները տեղի են ունենում ֆիզիկական ուժի գործադրման տարրեր պարունակող հեռուստահաղորդումների դիտման ընթացքում։ Հոգեբան Գերբներն էլ համոզված էր, որ ցանկացած հեռուստատեսային հաղորդում անպայման ունենում է որոշակի ազդեցություն՝ թե՛ դրական, թե՛ բացասական, հետևաբար պետք է մեծ ուշադրություն դարձնել սպառվող բովանդակությանը։ Ըստ Գերբների կատարած հետազոտության՝ հեռուստատեսությամբ բռնության դիտումն անուղղակիորեն առաջացնում է ագրեսիա, իսկ ուղղակի կերպով տանում է միջանձնային խնդիրների։
Ինչպես վերը նշեցինք, ընտրված բովանդակությունը կարող է ազդել նաև վարքի վրա, այն կարող է աշխատել անգամ կրկնօրինակման մոդելով։ Այսպես, կանադացի հոգեբան Ալբերտ Բանդուրան սոցիալ-կոգնիտիվ տեսության շրջանակներում առաջ էր քաշում «ուսուցման մոդելավորում» հասկացությունը։ Ըստ այս տեսության՝ մարդն իր ուշադրությունը կարողանում է կենտրոնացնել որևէ մոդելի վրա, այնուհետև այդ մոդելի տպավորման դեպքում դա պահպանվում է նրա հիշողության մեջ, կրկնօրինակվում և երբեմն նույնիսկ դրսևորվում։ Հետևաբար, բացասական բովանդակությունը կարող է ոչ միայն հասցնել հոգեվիճակի անկայունության, այլև վարքի կրկնօրինակման՝ ագրեսիայի դրսևորումով։ Միգուցե սրանով է պայմանավորված նաև շատ փոքրիկների ագրեսիվ ու ոչ կանոնակարգված վարքը, որի պատճառը ծնողները շատ դեպքում փնտրում, բայց չեն կարողանում գտնել․․․
Կատարածս փորձարկումից ու ուսումնասիրություններից հետո շատ ավելի հստակ որոշեցի հետայսու ավելի հետևողական լինել թե՛ իմ, թե՛ ընկերներիս սպառած բովանդակությանը։ Այն կարող է լինել թե՛ ապրող ու ապրել ստիպող, թե՛ ճիշտ հակառակը։
Էմիլյա Հոսյան
2-րդ կուրս