«Երիտասարդական համախմբում» ծրագրի շրջանակներում ծանոթանում են, զենք քանդել-հավաքել սովորում և ոչ միայն

«Երիտասարդական համախմբում» ծրագրի շրջանակներում ծանոթանում են, զենք քանդել-հավաքել սովորում և ոչ միայն

856

«Մեր ծրագրում կան այնպիսի երիտասարդներ, որոնք պատերազմից հետո տեղահանվել են Արցախից և համայնքում ոչ մի ընկեր չունեին, իսկ այսօր ամբողջ համայնքով մեկ ունեն բազմաթիվ ընկերներ»,- ասում է «Երիտասարդական համախմբում»  համայնքային համակարգող Շուշանիկ Դանիելյանը:

Եռօրյա ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի հոկտեմբերի  15-ին և պարբերաբար կրկնվում է մինչ օրս։ Ըստ ծրագրի համակարգող Հասմիկ Գալստյանի՝ ծրագրի նպատակն այն է, որ պատերազմից հետո հատկապես մարզերի երեխաների համար կարողանան այնպիսի նախաձեռնություն իրականացնել, որը նրանց կօգներ հոգեպես վերականգնվել, ավելի մեծ մոտիվացիա ստանալ:

Համայնքային համակարգող Շուշանիկ Դանիելյանը մանրամասնեց, որ ծրագրում ընդգրկված են թե՛ պատերազմի մասնակիցներ, թե՛ պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված երիտասարդներ, և իհարկե համայնքաբնակ երիտասադներ: Շուշանիկը հավելեց, որ ճամբար-հավաքների հիմնական նպատակներից է պատերազմի մասնակիցներին և տեղահանվածներին ինտեգրել համայնքային կյանքին, ինչպես նաև   գործնական գիտելիքներ տալ, ուսուցանել, ակտիվացնել և ի վերջո համախմբել։

Ճամբար-հավաքները տեղի են ունենում Վայոց ձորի Հերմոն բնակավայրի Սիրանույշ ճամբարում։ Ամեն շաբաթ ճամբարին մասնակցում է մեկ համայնք։ Եվ ամեն շաբաթը նախատեսված է 100-110 երիտասարդների համար: Այն ընթանում է երկու փուլով. առաջինը՝ տեսական, երկրորդը՝ գործնական։

«Տեսական փուլում երիտասարդները ստանում են գիտելիքներ, որոնք գործնականի ժամանակ կարողանում են կիրառել»,- նշեց ծրագրի ղեկավարը:

Ծրագրի շրջանակներում՝ գործնական փուլում, երիտասարդներին այցելել են Կարմիր խաչից, սովորեցրել առաջին բուժօգնություն։ ՊՆ-ից մասնագետներ են եկել ու զենքերի տեսակներն են սովորեցրել։ Սովորեցրել են՝ ինչպես քանդել- հավաքել, կրել զենքը։ ԱԻՆ-ից փրկարարներ են եկել ու սովորեցրել են՝ ինչպես անցնել գետը, սովորեցրել են տարհանում և ելքեր տարատեսակ արտակարգ իրավիճակներից։ Իրականացվել են նաև ՏԻՄ դասընթացներ, բանկի մասին դասընթացներ (գործառույթների մասին): Երիտասարդները նաև գնում են արշավների:

Ճամբարի մասնակիցներից Սյունեն պատմում է, որ իրեն հետաքրքրել է գետն անցնելու գործընթացը: «Գետնանցման ժամանակ գետի երկու ափերին մոտ գտնվող ծառերից պարան էին կապել, որպեսզի դրա օգնությամբ մի ափից մյուսը մարդկանց տեղափոխեն։ Արդյունքում ստացվել էր զիփլայնի փոքր մոդելը։ Ասեմ, որ բավական հետաքրքիր ու միևնույն ժամանակ վախենալու էր։ Ներքևից հետևողների համար զվարճալի էր, իսկ անցնողների համար թե’ հետաքրքիր էր, թե’ վախ կար, որ ամեն պահի կընկնես գետը։ Փրկարարներն իրենց խորհուրդներով մեզ օգնում էին, դրան զուգահեռ հագցնում էին փրկարարական բաճկոն և սաղավարտ՝ անվտանգության կանոնները պահպանելու համար։ Առաջին անգամից հետո, երբ արդեն սովորական էր դարձել, ու այլևս վախ չկար, փորձում էինք էլի ու էլի անցնել մի ափից մյուսը։ Մեզ համար դարձել էր զվարճալի զբաղմունք, թեև կարևոր է իմանալ՝ ինչպես ճիշտ օգնություն ցույց տալ տուժած կամ արտակարգ իրավիճակի մեջ հայտնված մարդուն»,- պատմում է Սյունեն:

«Երիտասարդական համախմբումն» իրականացվում է «Սյունիք- զարգացում» ՀԿ-ի, համայնքապետարանների և մարզպետարանների հետ համագործակցությանբ։ Համայնքային համակարգողները նախնական ծրագիր են մշակում «Սյունիք-Զարգացում» Հկ-ի հետ, օրակարգն են որոշում և մասնակիցներին ընտրում՝ 18-30 տարեկան։

Հասմիկ Գալստյանը նշեց, որ երիտասարդների հետ աշխատելիս դժվարություններ լինում են, իհարկե, բայց դա հաճելի ու պատասխանատու գործընթաց է, և իրենց ձևավորած թիմի միջոցով կարողանում են միասնաբար հաղթահարել այդ դժվարությունները:

Շուշանիկ Դանիելյանի խոսքով՝ մինչև համայնքների խոշորացումը բոլոր համայնքներում կազմակերպվել են ճամբարներ։ Իսկ եթե երիտասարդ դիմորդների թիվը քիչ է եղել, մի քանի համայնքներ միացրել են իրար։

Ծրագրի ընթացքում տրամադրվում են անվճար ատամնաբուժական ծառայություններ: Շուշանիկի խոսքով՝ ճամբարականները խնդիր ունենալու դեպքում գնում և բուժում են իրենց ատամները:

Ճամբարականներին պարբերաբար այցելել են նաև մասնակից համայնքների ղեկավարները: Պատասխանել են երիտասարդներին հուզող հարցերին, փորձել լուծումներ առաջարկել առաջադրված խնդիրներին, նաև նշել, թե երբ կկարողանան լուծել:

Ճամբարի մասնակիցները բոլորն էլ տպավորված էին: Եղել են նաև սպորտային խաղեր, ինտելեկտուալ մրցույթներ:

Մասնակից Հասմիկ Սարգսյանը նշեց, որ ԱԻՆ-ի դասընթացներից սովորել է խուճապի չմատնվել, և առհասարակ ճամբարում սովորել է իր իրավունքներն ու պարտականությունները, որոնք հնարավորություն են տալիս իրեն լինել պահանջատեր բնակիչ:   

Ծրագրի համակարգող Հասմիկ Գալստյանը նշեց, որ ծրագիրը շարունակական է լինելու, և բոլոր համայնքների երիտասարդները հնարավորություն են ունենալու ևս մեկ անգամ նույն կամ փոփոխված կազմով մասնակցելու ծրագրին: Հասմիկը հավելեց, որ դա կախված է երիտասարդների ակտիվությունից։

Լիլիթ Հովհաննիսյան

2-րդ կուրս

Կիսվել