Fast food… հաճելիի վնասակար հատկանիշների մասին

Fast food… հաճելիի վնասակար հատկանիշների մասին

973

Արագ, էժան, դե իսկ բույրի մասին չխոսեմ. համեղ բառը մեղմ է ասված: 

Եթե մտքիդ մեջ հիմա թվարկում ես մայրիկիդ պատրաստած ուտելիքների անունները, հիշում տատիկիդ մուրաբաները կամ կոմպոտները, ապա սխալվում ես: Արագ, էժան և համեղ. այս կերպ  այսօր բնութագրվում է արագ սնունդը՝ fast food-ը:

Նկատելի է, որ այս երևույթն իրենով է արել ամենակարևոր և հաճելի հատնակնիշները: Այս առումով այն իսկապես խփել է նշանակետին:

Այն արագ է պատրաստվում: Գրեթե բոլոր ժամանակներում` հատկապես հիմա, անընդհատ վազքի մեջ գտնվող մարդիկ ազատ ժամանակ շատ քիչ են ունենում, հետևաբար այն, ինչ արագ է ստացվում, հարմար է նաև օգտագործման համար, այս դեպքում սնվելու: Ընդմիջման համար նախատեսված մեկ ժամը կարելի է այս պարագայում ոչ միայն ծախսել սնվելու վրա, այլ նաև հանգստանալ, մտնել սոցցանցեր, լուրերին հետևել:

Այն էժան է: Ընդամնեը 500 դրամ, և դու կուշտ ես, իսկ եթե գրպանումդ մի 500 դրամ էլ լինի, կարող ես ինչ- որ գազավորված ըմպելիք էլ խմել:

Գաղտնիք չէ, որ այսօր շատերը ձգտում են էժան ապրանքներ գնել շատ գումար չծախսելու նպատակով: Էժան հագուստ, էժան կոշիկներ, տնային իրեր և տեխնիկա, այս շարքին միանում է նաև սնունդը: Եթե կարող ենք էժան հագնվել, ինչո՞ւ էժան չսնվենք. մոտավորապես այս տրամադրությամբ:

Այն համեղ է և ունի կախարդական բույր: Մի անգամ մայրիկիս խնդրեցի պատրաստել իմ սիրելի բուրգերը, որն ամեն օր դրսում ուտում եմ: Մայրիկս պատրաստեց այն նույն բաղադրիչներով`կարտոֆիլ, տավարի մսով կոտլետ, հալած պանիր, հազար և այլն: Բայց չէ… այն չէր. իմ իմացած համը մայրիկս խնամքով թաքցրել էր: Խնամքով, որովհետև այն համերը, որոնք մենք զգում ենք դրսի բուրգերը ուտելիս, ունի հաճելի, վնասկար հաճելի համ: Հենց դա էլ մարդկանց ենթարկում է համային մանիպուլյացիայի: Բանն այն է, որ ֆասթ ֆուդի պատրաստման անբաժան բաղադրիչը ձեթն է, որը ջերմային վերամշակման ենթարկվելուց հետո ձեռք է բերում անհամար քանակի կանցերոգեն տարրեր: Ճարպերով գերհագեցած սննդամթերքը կալորիաների ահռելի մեծ աղբյուր է հանդիսանում, որի հետևանքով առաջանում են այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են ավելորդ քաշն ու ճարպակալումը, քարեր լեղապարկում, երիկամային խնդիրներ, աթերոսկլերոզ, խոլեստերինի կրկնապատկում:

Չնայած այս ամենին` այսօր էլ ֆասթ ֆուդի առաջատարները`Coca-Cola-ն և  Lay’s-ը,  ջանքերը չեն խնայում դառնալու ավելի գաղավորված և խրթխրթան, որովհետև այս երկուսը ոչ միայն գրավում են իրենց համով, այլ նաև գազավորված լինելով և խրթխրթալով. շատերը հենց սրանց համար էլ գնում են այս երկու ապրանքանիշները:

Աննպատակ  չէ, որ գրում եմ առաջին դեմքով, որովհետև այս հաճելիի, արագի և էժանի հետևից վազողներից մեկն էլ ես եմ ու մի պարզ պատճառով` ես ուսանող եմ:

Երկար դասամիջոցը (20 րոպե) բավական է հասնել համալսարանին կից փոքրիկ խանութ, որտեղ ինչ-որ հարմար բան հաստատ կգտնեմ: Այդ խանութի մոտակայքում ինձ նման ուսանողներ շատ կան, և բոլորի նպատակը մեկն է. սնվել որքան հնարավոր է արագ` քիչ գումար ծախսելով:  

Իմ իրականացրած հանրային հարցման ընթացքում (հիմնականում ուսանողների և աշակերտների շրջանում) այն հարցին, թե արդյոք օգտվում են ֆասթ ֆուդից, 116 հոգուց 91-ը պատասխանել է` այո, այսինքն՝ մոտ 78 տոկոսը, իսկ 25 տոկոսը պատասխանել` ոչ: Թե ինչ հաճախականությամբ են այո պատասխանածներն օգտվում ֆասթ ֆուդից, նշել են` «գրեթե ամեն օր», «շաբաթը հինգ օր, բացի շաբաթ- կիրակի օրերից», «երբ ընդմիջմանս ժամն է», «այն օրերին, երբ գնում եմ դասի»: Ստացվում է՝ այն ժամանակ, երբ մարդիկ զբաղված են, և այդ զբաղվածության մեջ գտած փոքրիկ ընդմիջմանը շատ քչերն են մտածում սեփական առողջության և ֆասթ ֆուդի վնասակար հատկությունների մասին:

Հոթ-դոգի «հայրը» ԱՄՆ Լուիզիանա նահանգից մի առևտրական էր: Որպեսզի իր խորտկարանն ունենա շատ հաճախորդներ, նա սկսում է եփած նրբերշիկի հետ այցելուներին մի զույգ ձեռնոց տալ, որպեսզի ուտելիս նրանց ձեռքերը չկեղտոտվեն: Սնվելուց հետո, սակայն, ոչ ոք ձեռնոցները չէր վերադարձնում: Ծախսածի կեսն անգամ չվաստակելուց հետո առևտրականը որոշեց նրբերշիկը դնել հացիկների արանքում:

1954 թ. Ռեյ Քրոուքը և Դիք ու Մաք Մաքդոնալդ եղբայրները հիմնում են «Մաքդոնալդս» ապրանքանիշը:  1961 թվականին Քրոուքը հիմնում է Համբուրգերային համալսարան, որը մինչև օրս էլ շնորհում է համբուրգերոլոգիայի բակալավրի աստիճան: Մի փոքր անդրադարձ անելով այս համալսարանին` նշեմ, որ The Mirror-ի հավաստմամբ՝ այս ուսումնական հաստատություն ընդունվում է դիմորդների 1 տոկոսից ոչ ավելին, այնինչ Օքսֆորդի համալսարանում ընդունվողների թիվ 18 տոկոս է, իսկ Քեմբրիջում` 20.8 տոկոս:

Այն փաստը, որ ֆասթ ֆուդը գիրացնում է,  գաղտնիք չէ: Մեր զրուցակիցը`Անին, ով դպրոցական է, ոչ  միայն փաստեց, այլև թվերով ապացուցեց: Նախկինում քաշը կազմել է 45 կիլոգրամ, մոտ երկու տարի  անընդհատ ֆասթ ֆուդից օգտվելուց հետո հասել է 60 կիլոգրամի․ «Զգումի էի, որ գիրանում եմ, բայց երբ սովածանում էի, արդեն աչքիս ոչինչ չէր գալիս, ու ամենավատն այն էր, որ ֆաստ ֆուդով սնվելուց հետո էլ նորից սովածության զգացում ունեի, հետևաբար մեկ հոթ-դոգը դառնում էր երկուս, երկուսը երեք և այդպես շարունակ»:

Մեզ հետ զրույցում Անին հավելեց նաև, որ ֆասթ ֆուդը և դրանից կախվածությունը նման է ծխախոտի վրա գրված «ծխելը վնասակար է առողջությանը» արտահայտությանը, քանի որ բոլորս էլ լավ գիտակցում ենք, որ այն վնատգավոր է, բայց երբ գիտես, որ քաղցդ կարող ես արագ հագեցնել, այդ պահին էլ, երբ քիթդ շոյում են գրգռող և ախորժելի բույրեր, իսկ գրպանիցդ պակասելու է մի քանի մետաղադրամ,  ինքնաբերաբար տրվում ես գայթակղությանը:

Այդ գայթակղությունը գիտնականները բացատրում են նրանով, որ ֆասթ ֆուդում պարունակվող չափազանց մեծ քանակությամբ ճարպերի և շաքարի պատճառով առաջանում է քիմիական կախվածություն, որը մոտ է թմրանյութերի կամ ծխախոտի նկատմամբ ունեցած թուլությանը: Այսինքն հաճախակի այցելությունները արագ սննդի կետեր մարդկանց մոտ առաջացնում են հիվանդագին կախվածություն: Դա է պատճառը, որ արագ սննդի սիրահարները չեն կարողանում հեշտությամբ վերադառնալ նորմալ սննդին:

Իզուր չէր, որ համալսարանում երկար դասամիջոցին իմ քայլերն ինքնըստինքյան ուղղվում էին դեպի մոտակա արագ սննդի կետ: Իսկ ի՞նչ ուտելիքներ են գերակշռում այդ սննդի կետերում` մեզ շատ հայտնի հոդ-դոգերը, չիզ բուրգերը, խաչապուրիները, որոնց պահանջարկը շատ մեծ է. հերթերն այս ամենի ամենալավ ապացույցն են:

Եթե ուսանողների և դպրոցականների մոտ ֆասթ ֆուդից օգտվելը ժամանակ չունենալու արդյունքում է լինում, և նոր առաջանում է կախվածություն, ապա ավելի փոքրահասակաների մոտ ստիպողաբար ոչինչ չի լինում. Չէ՞ որ նրանք ուտում են այն, ինչ դրված է իրենց ափսեի մեջ: Մի քանի անգամ զգալով ձեթի մեջ տապակած կարտոֆիլի համը, գազավորված ըմպելիքների յուրօրինակ խշշոցն ու չիփսերի խրթխթոցը` երեխայի մոտ ևս առաջանում է ցանկություն նորից դրանք ուտելու: Էլ ո՞վ նման դեպքերում կուտի տապակած կարտոֆիլ կամ կխմի կաթ:

Չհավասարակշռված կերակրացանկի պատճառով երեխայի մոտ կարող է առաջանալ ճարպակալում, խաթարվել իմունային համակարգի և գեղձերի աշխատանքը, որն էլ իր հերթին բացասաբար է անդրադառնում երեխայի հետագա մտավոր և ֆիզիկական զարգացման վրա: Ժամանակակից երեխաները երեք անգամ ավելի շատ են խմում գազավորված հյութեր, քան նրանց հասակակից 1930-ականների սերունդը: Այս մասով սննդաբան Նյուշա Մելքոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երեխայի սննդակարգը ձևավորվում է հենց ընտանիքում: Առաջին պատասխանատուն ծնողն է և ընտանիքում տիրող սովորույթները, որոնք էլ ձևավորում են երեխայի սննդային վարքագիծը: Սննդաբանը նաև նշեց, որ ցավոք, ծնողները ժամանակի խնայողության կամ հարմարության համար են օգտվում նման ուտելիքներից, ժամանակի ընթացքում էլ երեխաները սովորում են նման ինտենսիվ համերին և հետագայում հրաժարվում բնական և առողջարար մթերքներից:

Չնայած նրան, որ ֆասթ ֆուդից օգտվողները շատ են, նրանց կողքին կան նաև այն բացառողներ: Մեր զրուցակից Արգինեն արդեն չորրոդ կուրսի ուսանող է, միաժամանակ նաև աշխատում է և տանը շատ քիչ ժամանակ է անցկացնում, սակայն ինչպես ինքը նշեց, տան պակասը լրացնում է տնից բերված սնունդով: Ուտում է ընդմիջման ժամերին: «Եթե ֆասթ ֆուդը էժան է, համեղ և արագ, ապա տնից բերված սնունդը ոչնչով չի զիջում նրան. մի բան էլ գերազանցում է, քանի որ այն չունի վնասակար հատկություններ, մնում է երեկոյան մի քանի րոպե ծախսես քեզ ուտելիք պատրաստելու համար, վերջիվերջո դա այն նույն ժամանակն է, երբ սպասում ես, մինչև նրբերշիկով հացը կամ կոտլետը՝ վրան մի քանի անհայտ ծագում ունեցող սոուսներ, կտաքացնեն ու կտան քեզ»,- նշեց Արգինեն:

Ինչևէ, արագ սննդի պատրաստման կետերը գնալով շատանում են: Այստեղ չկան մատուցողններ, որոնց պետք է սպասել, այն քեզնից քիչ գումար է խլում, ունի հետաքրքիր համ, և որ ամենակարևորն է, այն արագ է. իզուր չէ, որ արագ սննդի կետերը հանդիպում են այն քաղաքներում, որտեղ կյանքն ունի հագեցած ռիթմ ու մեծագույն շարժ: Կարևոր է նշել, որը սրանց մասին  գովազդը ԶԼՄ-ներում ևս պակաս կարևոր չէ:

Գովազդում են ինքնատիպ, ընթացքում քաղցդ ստիպում է քեզ մոտենալ այդ սննդի կետին, ճանապարհիին արդեն քիթդ շոյված է հետաքրքիր համերով ու բույրերով, և մեկ էլ արդեն ինչ- որ բրդուճ կամ բուրգեր հայտնվում է քո ձեռքին…

Անահիտ Ղազարյան

 2-րդ կուրս

Կիսվել