Գիրք ընտրելիս առաջին հերթին ուշադրություն ենք դարձնում վերնագրին, կամ լսում ենք մեր ընկերների խորհուրդը, կամ էլ կարդում այն ինչը մոդայիկ է և մեծ տարածում ունի։ Հաճախ վերնագրի ազդեցիկությունից է կախված կկարդանք այդ գիրքը, թե ոչ: Նախկինում երիտասարդ կարդացողների թիվը ավելի շատ էր և նրանց մեծամասնությունը նախընտրում էր հայ գրականություն։ Այլ է պատկերը այսօր։
Նարեն, ով սովորում է ԵՊՏՀ–ում մեզ հետ զրույցում նշեց, որ այժմ նախապատվությունը տալիս է արտասահմանյան գրականությանը, քանի որ հայ գրականություն շատ է կարդացել, թե՛դպրոցում, և թե՛համալսարանում։ Այժմ նոր բան է փնտրում՝ նախապատվություն տալով գերամանացի դասականներին։
Գրախանութներում մեծ պահանջարկ ունեն բառարանները։ Հատկապես մեծ է հետաքրքրությունը անգլերենի, գերմաներենի և իտալերենի նկատմամբ։ Տիկին Մարինեն, ով երկար տարիներ աշխատում է «Նաիրի» գրատանը հայտնեց, որ արտասահմանյան գրականությունը մեծ տարածում ունի երիտասարդության շրջանում: Երիտասարդները նախընտրում են այդ գրքերը քանի որ, այդ գրքերում գտնում են այն ինչը չեն կարող գտնել հայկական գրքերում: Երբեմն կարդում են ինչ-որ մեկի խորհրդով կամ ինչ-որ մեկից լսում են մի գրքի անուն և անմիջապես ցանկանում են այդ գիրքը կարդալ, հաճախ չիմանալով անգամ գրողի անունը: Երիտասարդների մեծ մասը գնում են այն գրքերը, որոնք հանձնարարում են պարտադիր ընթերցանության համար: Շատ են կարդում ժամանակակից գրականություն և օտարալեզու գրքեր: Իսկ գեղարվեստական գրքեր գրեթե չեն կարդում:
Յուրա Մկրտչյանը, ով սովորում է Երևանի պետական համալսարանում, նախընտրում է մասնագիտական գրքեր, քանի որ այդ գրքերը հետագայում նրան կօգնեն կայուն գիտելիքներ ունենալու համար: Նրա կարծիքով այսօր շատ լավ ժամանակակից գրողներ կան, որոնց գրելաոճը ավելի հոգեհարազատ է այսօրվա երիտասարդների մտածողությանը, սակայն, երբեմն հանդիպում են այնպիսի գրքեր, որոնց առաջին նախադասությունը անգամ զզվանք է պատճառում:
Այդքան էլ կարևոր չէ, թե գիրք ընտրելիս, որ գրքին ենք նախասիրությունը տալիս, այլ կարևոր է, որ այդ գիրքը լինի այնպիսի բովանդակությամբ, որ սկսելուց հետո ցանկություն լինի նաև ավարտել:
Գրետա Քոչարյան
5-րդ կուրս