Անին և իր քառասուն աղբյուրները

Անին և իր քառասուն աղբյուրները

888

Ես շատ պատահական Ժուռնալիստիկայի ֆակուլտետում հայտված Անին եմ:  Երկու տարի է, ինչ ինքնաորոնման, ինքնավերլուծության մեջ եմ, հետաքրքրություններիս շրջանակն եմ լայնացնում, որ մի թել գտնեմ ու ինձ կապեմ ընտրածս  մասնագիտությանը:  Ես սիրում եմ մի քանի օր ծախսել մեկ նյութ պատրաստելու վրա, քանի որ մի քանի տասնյակ աղբյուր եմ ուսումնասիրում և օգտագործում: Ինձ միշտ հետաքրքրել են ամենատարբեր թեմաներ` նյարդաբանությունից մինևչ հոգեբուժություն, աղանդավորական կազմակերպություններից մինչև սերիական մարդասպաններ, ֆանատիզմ, նիհիլիզմ, ստոիցիզմ. մի խոսքով՝ մի քանի գիշեր չքնելն ու ամբողջ օրն արխիվների մեջ անցկացնելն է ինձ մի փոքր կապում լրագրությանը:

Երբ մտածում էի առաջին հետազոտական բնույթի նյութս գրելու մասին, հասկացա, որ այն յութուբյան ալիքները, կայքերը,  որոնց միշտ հետևել եմ, իմ մեջ նման որևէ թեմայի շուրջ գրելու ցանկություն են առաջացնում: Այսպես գրեցի մի քանի հետազոտական բնույթի նյութ «ստոր աշխարհի համախտանիշի», լոբոտոմիայի, քնային կաթվածի և մի աղանդավորական կազմակերպության մասին: Այս հոդվածիս նպատակն իմ առցանց աղբյուրներով կիսվելն է և պատմելը դրանց մասին:

Սկսենք Յութուբից: Այս հարթակը հսկայական հնարավորություններ է տալիս աղբյուրներ գտնելու հարցում։ Ցանկացած տեսանյութ դիտելիս կամ որևէ փոդքաստ լսելիս, ըստ իս, ամենահետաքրքիր բանը ներքևի նկարագրության բաժնում նյութի աղբյուրները ստուգելն է, իսկ եթե աղբյուր նշված չէ, խորհուրդ կտամ կասկածամտորեն մոտենալ Ձեր լսածին ու տեսածին: Յութուբում հետևում եմ տարբեր ծագում ունեցող ալիքների: Նշեմ դրանցից մի քանիսը:

JCS Criminal psychology– Այս ալիքում հրապարակվում են հարցաքննություններ` առանց ֆոնային երաժշտության կամ ավելորդ մոնտաժի, քննիչների հարցաքննության ամեն քայլը և մարտավարությունը մանրամասնորեն բացատրվում են:

Crush course– Կրթական ալիք է, որտեղ հրապարակվում են մարդու գործունեության տարբեր ոլորտներին վերաբերող տեսանյութեր` սկսած պատմությունից, փիլիսոփայությունից մինչև օրգանական քիմիա և կենսաբանություն: Տեսանյութերը հագեցած են տարբեր պատկերազարդումներով, որոնք նյութն ավելի հեշտ ընկալելի են դարձնում: 

 Vsauce– Սա նույնպես կրթական ալիք է, տեսանյութերը մատերիայի, հոգեբանության, գոյության հետ կապված փիլիսոփայական հարցերի, ֆիզիկայի, սոցիոլոգիայի մասին են:

DW documentary– Փաստագրական նյութերի ալիք է, այստեղ կգտնեք տեղեկություններ հետաքրքիր մարդկանց,  տարբեր համալսարանների վերջին հետազոտությունների մասին: Ալիքը նաև արձագանքում է աշխարհում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին` հրապարակելով վերլուծական նյութեր, որոնց մեջ պահպանում է հավասարակշռությունը` խոսքի հնարավորություն տալով բոլոր կողմերին:

Ted-Ed– Այս ալիքի մասին խոսելուց առաջ նախ ասեմ, թե ինչ է ted talk-ը։ Այն առավելագույնը 18 րոպե տևողությամբ պատկերավոր տեսանյութ է որևէ հասարակական հետաքրքրություն վայելող թեմայի շուրջ: Ժամանակի խնայման տեսանկյունից այս ալիքը լավագույններից է, ընդամենը մի քանի րոպեում կարող եք  իմանալ այնպիսի հարցերի պատասխաններ, ինչպիսիք են «Ինչու՞ Հնդկաստանը բաժանվեց երկու երկրների», «Ինչպե՞ս են աշխատում հակադեպրեսանտները» կամ  «Արդյո՞ք Ձեր բոլոր հիշողությունները իրական են»:

Անցնենք կայքերին:

Britanica– Բոլորիս հայտնի բրիտանական հանրագիտարանը, ցանկացած հասկացության հետազոտություն կարելի է այստեղից սկսել` ուշադրություն դարձնելով հենց բառարանի աղբյուրներին:

Wikipedia- չնայած այս կայքի մասին հակասական կարծիքներին` հետաքրքիր է տեսնել, թե ինչ աղբյուրներ է օգտագործել հոդվածի հեղինակը:

ResearchGate– Ամենասիրածս աղբյուրն է, աշխարհի ամենաճանաչված համալսարանների պրոֆեսորները կայքում հրատարակում են իրենց հետազոտությունները, որոնք դրվում են  լրիվ տարբերակով կամ ամփոփված ձևով: Ասեմ նաև, որ ցանկության դեպքում կարող եք հարցում ուղարկել, որ տրամադրեն հետազոտության ամբողջական տարբերակը: Գրանցումը բացարձակ անվճար է:

Google newspaper  archives–  Թերթերի արխիվներ ուսումնասիրլելն ինձ ավելի է հետաքրքրում, քան ժամանակակից լրատվամիջոցների կայքերը: Այստեղ կարող եք շատ թերթերի վճարովի և անվճար արխիվներ բացահայտել: Կարծում եմ` ցանկացած թեմա հստակ և ամբողջությամբ հնարավոր չէ բացահայտել, առանց դրա մասին բոլոր ժամանակներում հրապարակված  նյութերը ուսումնասիրելու:

Այս ամենից բացի ուսումնասիության առարկա և աղբյուր են նաև հարցազրույցները, պաշտոնական կայքերը և այդտեղ առկա ֆայլերը, տարբեր վիճակագրական նյութերը, առցանց հարցումները և այլն:

                                                                         

Անի Հովհաննիսյան

2-րդ կուրս

Կիսվել