ԿԵՆԴԱՆԻ ՆԿԱՐԸ

ԿԵՆԴԱՆԻ ՆԿԱՐԸ

1844

Վարսահարդար Շահեն Սիմոնյանը վարսահարդարության Հայաստանի եռակի չեմպիոն է։

Մարտունիում բոլորը ճանաչում են նրան, իսկ սպասող հաճախորդների հերթը երբեք չի դադարում: Շահենը ունի հաճախորդներ ոչ միայն Մարտունուց և հարակից գյուղերից, այլ նաև Երևանից, Ռուսասատանի Դաշնությունից և անգամ Եվրոպայից:

– Նա կարող է համաշխարհային մրցույթներում էլ հաղթել,- հավաստիացնում է այցելուներից Նարե Վարդանյանը։ Ըստ հաճախորդների` Շահենը գիտի մազի լեզուն և անգամ աչքերը փակ կարող է աշխատել։

Շահենի տանը հյուրընկալվելիս ես սպասում էի լսել և տեսնել վարսահարդարության մասին ավելին, սակայն անակնկալի եկա․ նրա տունը կարծես ցուցահանդես-թանգարան լիներ։ Պատերը ծածկված էին բազմաթիվ նկարներով․ այդ նկարները յուրահատուկ էին։

-Սրանք Շահենի աշխատանքներն են,- ներկայացրեց կինը,- պատկերները նա անմահացնում է փայտին՝ հատուկ տեխնիկայով վառելով փայտը։

Կինը պատմում էր, որ Շահենը շատ է սիրում վարսահարդարությունը, իսկ նկարներն իր ներաշխարհն են։

-Այն իրենն է, իր ասելիքն ու երազանքը,- ավելացրեց կինը։

Նկարների պատկերները հրեշտակներ էին, եկեղեցիներ։ Առանձնանում էր սիրո հրեշտակի նկարը։ Այն հարցին, թե ի՞նչ է իր համար արվեստը, նա ցույց տվեց իր նոր աշխատանքը և պատասխանեց.

-Պատկերված է մի քաղաք, քաղաքի բոլոր տները եկեղեցիներ են, եկեղեցիների մուտքի մոտ զույգեր, սակայն եկեղեցիների դռները փոքր են, և մարդիկ կարող են ներս մտնել միայն ծնկի իջած․․․ նկարները անկենդան չեն, ուղղակի նրանց լեզուն հասկանալ է պետք։

Խորիմաստ ու արտասովոր աշխարհ կա Շահեն Սիմոնյանի նկարներում։ Եվ Շահենի հնչեցրած մեկնաբանությունները նկարների մասին լեցուն են առեղծվածով:

 

Անժելա Գրեյան

5-րդ կուրս

Կիսվել